Բարուք

4

1Իմաստութիւնը Աստծու պատուիրանների գիրքն է, Օրէնքն է, որ կայ յաւիտեան։ Բոլոր նրանք, ովքեր ընդունում են այն, պիտի ապրեն, իսկ ովքեր թողնում են այն, պիտի մեռնեն։ 2Դարձի՛ր, Յակո՛բ, եւ բռնի՛ր իմաստութիւնից՝ նրա լոյսի ծագման իսկ պահին։ 3Քո փառքն ուրիշին մի՛ տուր, եւ քո վաստակները՝ օտար ազգին։ 4Երանի է մեզ, Իսրայէ՛լ, որովհետեւ գիտենք, թէ ի՛նչն է հաճելի Աստծուն։ 5Քաջալերուի՛ր, ո՛վ իմ , յիշի՛ր, ո՛վ . 6ազգերին ծախուեցիք, բայց ոչ կործանուելու համար. քանի որ դուք բարկացրիք Աստծուն, մատնուեցիք հակառակորդներին։ 7Զայրացրիք ձեր Արարչին, զոհեր մատուցեցիք դեւերին եւ ոչ թէ Աստծուն։ 8Մոռացաք ձեր կերակրողին՝ յաւիտենական Աստծուն, տրտմութիւն պատճառեցիք եւ ձեր դայեակին՝ Երուսաղէմին, 9որը տեսաւ Աստծուց ձեզ վրայ եկած բարկութիւնը եւ ասաց. «Լսեցէ՛ք, ո՛վ Սիոնի պանդուխտներ, Տէրն ինձ մեծ սգի մէջ դրեց. 10ես տեսայ իմ տղաների ու աղջիկների գերութիւնը, որի մէջ նրանց դրեց յաւիտենական Տէրը։ 11Նրանց սնեցի ուրախութեամբ, բայց նրանց ճանապարհ դրի լացով ու սգով։ 12Թող ոչ ոք չոտնահարի որբեւայրուս, որ շատերից միայնակ եմ մնացել. թափուր եմ մնացել իմ որդիների բազում մեղքերի պատճառով, քանզի նրանք խոտորուեցին Աստծու օրէնքներից, 13չճանաչեցին նրա իրաւունքները, չգնացին Աստծու պատուիրանների ճանապարհներով եւ ոչ էլ բարձրացան նրա արդար խրատի շաւիղներով։ 14Կը գան Սիոնի պանդուխտները ու կը յիշեն իմ տղաների եւ աղջիկների գերութիւնը, որի մէջ նրանց դրեց յաւիտենական Տէրը։ 15Նրանց վրայ բերեց մի հեռաւոր ազգի, մի լիրբ եւ այլալեզու ազգի,որ չէր ակնածում ծերերից եւ ոչ էլ ողորմում մանկանը։ 16Նրանք տարան որբեւայրուս սիրելիներին, իսկ մնացածներիս զրկեցին դուստրերից։ 17Ես ինչպէ՞ս կարող էի օգնել ձեզ։ 18Ով ձեզ վրայ չարիք բերեց, նա էլ կը փրկի ձեզ ձեր թշնամիների ձեռքից։ 19Գնացէ՛ք, ո՛վ զաւակներ, գնացէ՛ք, քանզի ես մնացի աւերակ։ 20Հանեցի խաղաղութեան պատմուճանը եւ հագայ իմ պաղատանքների քուրձը. իմ օրերում աղաղակ բարձրացրի առ յաւիտենական Տէրը։ 21Քաջալերուեցէ՛ք, ո՛վ զաւակներ, ձա՛յն տուէք Աստծուն, եւ նա ձեզ կ՚ազատի թշնամիների բռնութիւնից, նրանց ձեռքից։ 22Ձեր փրկութեան համար ես յոյսս դրեցի յաւիտենական Տիրոջ վրայ եւ Սրբից ուրախ լուր առայ այն ողորմութեան մասին, որ շուտով ձեզ է գալու ձեր յաւիտենական Փրկչից։ 23Ձեզ ճանապարհ դրի սգով ու լացով, սակայն յաւիտենապէս ձեզ ինձ է տալու ցնծութեամբ եւ ուրախութեամբ։ 24Ինչպէս այժմ Սիոնի պանդուխտները տեսան ձեր գերութիւնը, այնպէս էլ ընդհուպ պիտի տեսնեն Աստծու կողմից ձեր փրկութիւնը, որ ձեզ է հասնելու յաւիտենական Տիրոջ մեծափառութեամբ ու լոյսով։ 25Ո՛վ զաւակներ, Աստծուց ձեզ հասած բարկութեան հանդէպ համբերատա՛ր եղէք. ձեր թշնամին հալածեց ձեզ, բայց շուտով դուք կը տեսնէք նրա կործանումը եւ ձեր ոտքը կը դնէք նրա պարանոցի վրայ։ 26Իմ փափկասուն զաւակները դաժան ճանապարհներ անցան, քշուեցին ինչպէս թշնամիներից յափշտակուած հօտ։ 27Քաջալերուեցէ՛ք, ո՛վ զաւակներ, եւ ձա՛յն տուէք Աստծուն, որպէսզի Նա, որ ձեզ գերութեան տարաւ, յիշի ձեզ։ 28Ինչպէս որ ձեր մտքերով շեղուեցիք Աստծուց, այդպէս էլ դուք տասնապատիկ պիտի դառնաք ու փնտռէք նրան, 29որովհետեւ ով ձեզ վրայ չարիք բերեց, նա էլ յաւիտենական ուրախութիւն պիտի բերի ձեզ՝ ձեր բարեկեցութեամբ հանդերձ»։ 30Քաջալերուի՛ր, Երուսաղէ՛մ, ով որ քո անունը դրեց, նա կը մխիթարի քեզ։ 31Վա՜յ նրանց, որ չարչարեցին քեզ եւ խնդացին քո կործանման վրայ։ 32Վա՜յ այն քաղաքներին, որոնց ծառայեցին քո զաւակները, վա՜յ նրան, ով ընդունեց քո որդիներին, 33որովհետեւ ինչպէս որ նա խնդաց քո կործանման վրայ եւ ուրախացաւ քո անկումով, այնպէս էլ պիտի տրտմի իր աւերման համար։ 34Նրան պիտի զրկեմ բազում խրախճանքների ուրախութիւնից եւ նրա պերճութիւնը սգի պիտի փոխեմ։ 35Բազում օրեր յաւիտենական Տիրոջ հուրը պիտի գայ նրա վրայ, բազում ժամանակներ դեւերի բնակավայր պիտի լինի նա։ 36Նայի՛ր դէպի արեւելք, ո՛վ , եւ տե՛ս Աստծուց քեզ եկած ուրախութիւնը։ 37Ահա գալիս են քո որդիները, որոնց ճանապարհ էիր դրել, գալիս են՝ Սրբի խօսքով հաւաքուած արեւելքից մինչեւ արեւմուտք, ուրախացած Աստծու փառքով։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն