Կողոսացիս
1
ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՅՆ
1Պօղոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի՝ Աստծու կամքով, եւ Տիմոթէոս եղբայրը՝ 2Կողոսիայում եղող սրբերին եւ հաւատացեալ եղբայրներին ի Քրիստոս։ 3Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։ Գոհութիւն ենք յայտնում Աստծուն եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը՝ միշտ ձեզ համար աղօթք անելով,
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ
4լսելով ձեր հաւատի մասին ի Տէր Քրիստոս Յիսուս եւ սիրոյ մասին, որ ունէք բոլոր սրբերի հանդէպ, 5այն յոյսի համար, որ պահուած է ձեզ երկնքում։ Այդ յոյսի մասին նախապէս լսել էք Աւետարանի ճշմարտութեան խօսքով, 6որ հասաւ մինչեւ ձեզ. Եւ թէ ինչպէս այն աճում ու պտղաբերում է ամբողջ աշխարհում, ինչպէս եւ ձեր մէջ, այն օրից, երբ լսեցիք ու ճշմարտութեամբ ճանաչեցիք Աստծու շնորհը 7եւ ինչպէս ուսանեցիք մեր սիրելի ծառայակից Եպափրասից, որը Յիսուսի հաւատարիմ ծառան է ձեզ համար 8եւ որը պատմեց մեզ այն սէրը՝ որ Հոգին տուեց ձեզ։
9Դրա համար մենք էլ՝ այն օրուանից, երբ լսեցինք այդ, չենք դադարում ձեզ համար աղօթելուց եւ Աստծուն աղաչանքներ մատուցելուց, որպէսզի լցուէք նրա կամքի գիտութեամբ՝ ունենալով կատարեալ իմաստութիւն եւ հոգեւոր իմացութիւն՝ 10ապրելու համար Տիրոջն արժանի եւ ամէն ինչում նրան հաճելի ձեւով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու եւ Աստծու գիտութեամբ աճելու համար՝ 11զօրացած նրա ամբողջ ուժով, նրա փառքի զօրութեամբ, կատարեալ համբերութեամբ եւ յարատեւութեամբ։
12Գոհութիւն Հօրը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու լուսաբնակ սրբերի վիճակին. 13նա փրկեց մեզ խաւարի իշխանութիւնից եւ մեզ փոխադրեց արքայութիւնն իր սիրելի Որդու, 14որով փրկութիւն ունենք նրա արեամբ եւ մեղքերի թողութիւն՝ նրա մարմնով։
ՕՐՀՆԵՐԳՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻՆ
15Նա պատկերն է աներեւոյթ Աստծու, անդրանիկը բոլոր արարածների. 16որովհետեւ նրանով ստեղծուեց այն ամէնը, ինչ որ երկնքում է եւ ինչ որ՝ երկրի վրայ, ինչ որ երեւում է եւ ինչ որ չի երեւում. Թէ՛ գահեր, թէ՛ տէրութիւններ, թէ՛ պետութիւններ, թէ՛ իշխանութիւններ, - ամէն ինչ նրանո՛վ եւ նրա՛ համար ստեղծուեց. 17եւ նա կար առաջ, քան ամէն ինչ. Եւ ամէն ինչ նրանո՛վ է կանգնած հաստատ։ 18Եւ նա՛ է գլուխը մարմնի, որ եկեղեցին է. Նա՛, որ սկիզբ է, անդրանիկը՝ մեռելների միջից, որպէսզի ինքը լինի ամէն ինչում նախապատիւը. 19որովհետեւ Աստուածութեան լրիւ ամբողջութիւնը նրա՛ մէջ հաճեց բնակուել 20եւ նրանո՛վ հաշտեցնել ամէն ինչ իր հետ՝ խաղաղութիւն անելով խաչի վրայ թափած իր արեամբ ե՛ւ երկրի վրայ, ե՛ւ երկնքում եղածների համար։
21Եւ ձեզ, որ մի ժամանակ օտարացած եւ թշնամացած էիք Նրան ձեր մտածումներով եւ չար գործերով, այժմ, 22ահա՛ւասիկ, հաշտեցրեց ձեզ իր իսկ մարմնով եւ իր մահուամբ, որպէսզի ներկայացնի ձեզ Աստծու առաջ սուրբ, անբիծ եւ անարատ, 23եթէ ամուր ու անսասան մնաք հաւատի մէջ եւ անխախտ՝ յոյսի մէջ այն Աւետարանի, որ լսեցիք եւ որ քարոզուեց երկնքի տակ գտնուող բոլոր արարածներին, եւ որին ես՝ Պօղոսը, սպասաւոր եղայ։
ՊՕՂՈՍԻ ՍՏԱՆՁՆԱԾ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ
24Եւ այժմ ուրախ եմ ձեզ համար կրած իմ չարչարանքների համար եւ լրացնում եմ իմ մարմնի մէջ Քրիստոսի նեղութիւնների պակասը իր մարմնի համար, որ է եկեղեցին. 25դրան ես՝ Պօղոսը, սպասաւոր եղայ ըստ Աստծու տնտեսութեան, որ տրուեց ինձ՝ ձեր մէջ կատարելապէս քարոզելու Աստծու խօսքը, 26այն խորհուրդը, որ ծածկուած էր դարերից եւ սերունդներից, եւ որ այժմ յայտնուեց իր սրբերին. 27Աստուած ուզեց ցոյց տալ նրանց, թէ փառքի ինչ ճոխութիւն կայ այս խորհրդի մէջ հեթանոսների համար. Եւ այդ խորհուրդը այս է. Քրիստոս՝ փառքի յոյսը, ձեր մէջ։ 28Այդ Քրիստոսն ենք քարոզում մենք, յորդորում ենք ամէն մարդու եւ ուսուցանում ամէն մարդու ամենայն հոգեւոր իմաստութեամբ, որպէսզի ամէն մարդու կատարեալ դարձնենք ի Քրիստոս Յիսուս, 29որի համար եւ աշխատում ու պայքարում եմ ըստ նրա այն ուժի, որ գործում է իմ մէջ զօրութեամբ։
Էջմիածին · HYEJB1994