Դանիէլ

12

ԾԱՆՐ ԺԱՄԱՆԱԿԸ

1“ Այն ժամանակ պիտի ելնի Միքայէլ մեծ իշխանը, որ քո ժողովրդի որդիների գլխաւորն է։ Պիտի լինի նեղութեան ժամանակ, նեղութիւն, որպիսին չի եղել այն օրից, երբ ժողովուրդն առաջացաւ երկրի վրայ։ Եւ այն ժամանակ պիտի փրկուի քո ժողովուրդը, ինչպէս որ այս բոլորի մասին գրուած է գրքերում։ 2Երկրում, հողի մէջ ննջածներից շատերը յարութիւն պիտի առնեն, ոմանք յաւիտենական կեանքի համար, եւ ոմանք յաւիտենական նախատինքի ու ամօթի համար։ 3Իմաստուն մարդիկ պիտի ճառագեն իբրեւ երկնակամարի լուսատուներ, իսկ արդարներից շատերը առաւել եւս՝ իբրեւ յաւիտենական աստղեր։ 4Եւ դու, Դանիէ՛լ, գաղտնի՛ պահիր այդ խօսքերը եւ կնքի՛ր այդ գիրքը մինչեւ ժամանակի վախճանը, մինչեւ շատերն ուսանեն, եւ շատանայ իմաստութիւնը”»։

ԴԱՆԻԷԼԻ ՎԵՐՋԻՆ ՏԵՍԻԼՔԸ

5«Ես՝ Դանիէլս, տեսայ, որ ահա երկու կանգնած էին գետի այս եւ այն կողմը, 6նրանցից մէկն ասաց այն մարդուն, որ սպիտակ կտաւից զգեստ էր հագել եւ գետերի ջրերի վրայ էր կանգնած. “Ե՞րբ է լինելու այդ զարմանահրաշ բաների վախճանը, որ դու ասացիր”։ 7Ես լսեցի այն մարդուց, որ կտաւից զգեստ էր հագել եւ կանգնած էր գետի ջրերի վրայ. նա բարձրացրեց իր աջ ու ձախ ձեռքերը դէպի երկինք, երդուեց յաւիտեան կենդանի Աստուծով, թէ ժամանակին, ժամանակներում եւ ժամանակի կէսին կ’իմանան այս բոլորը, երբ լիովին սպառուի սուրբ ժողովրդի ձեռքի զօրութիւնը։ 8Ես լսեցի, բայց չհասկացայ եւ ասացի. “Տէ՛ր, ի՞նչ է դրանց վախճանը”։ 9Նա ասաց. “Գնա՛, Դանիէ՛լ, քանի որ փակուած եւ կնքուած են խօսքերս մինչեւ ժամանակի վախճանը։ 10Շատերը պիտի ընտրուեն, սպիտականան, փորձուեն եւ մաքրուեն, անօրէնները պիտի անօրէնութիւն անեն, ամբարիշտները խելքի չպիտի գան, 11բայց իմաստունները պիտի հասկանան ժամանակի յաճախակի փոփոխման շնորհիւ։ Աւերածութեան պղծութիւնը պիտի տեւի հազար երկու հարիւր երեսունհինգ օր. 12երանի նրան, ով կը համբերի եւ կը հասնի հազար երեք հարիւր երեսունհինգերորդ օրուան։ 13Իսկ դու արի հանգստացի՛ր, որովհետեւ տակաւին օրեր ու ժամեր կան մինչեւ վախճանի կատարումը. դու կը հանգչես եւ վեր կը կենաս քո ժամանակին, օրերի վերջում”»։

Էջմիածին · HYEJB1994