Դանիէլ
14
1Դանիէլը թագաւորի կեանքի ընկերն էր եւ աւելի փառք էր վայելում, քան նրա բոլոր բարեկամները։ 2Բաբելացիները Բէլ անունով մի կուռք ունէին, եւ օրական նրան բաժին էր ընկնում տասներկու արդու ընտիր ալիւր, քառասուն ոչխար եւ վեց մար գինի։ 3Թագաւորը պաշտում էր նրան եւ միշտ գնում ու երկրպագում էր նրան։ Բայց Դանիէլը իր Աստծուն էր երկրպագում։ Թագաւորն ասաց նրան. «Դու ինչո՞ւ չես երկրպագում Բէլին»։ 4Դանիէլն ասաց. «Որովհետեւ ձեռակերտ կուռքեր չեմ պաշտում, այլ՝ կենդանի Աստծուն, երկնքի եւ երկրի Արարչին, որ իշխանութիւն ունի բոլոր մարմնաւոր էակների վրայ»։ 5Թագաւորն ասաց նրան. «Իսկ Բէլը քեզ կենդանի Աստուած չի՞ թւում, չե՞ս տեսնում, թէ ամէն օր որքան է ուտում եւ խմում»։ 6Դանիէլն ասաց ծիծաղելով. «Մի՛ խաբուիր, արքա՛յ, որովհետեւ նա ներսից կաւից է եւ դրսից պղնձից. նա երբեք ո՛չ կերել է, ո՛չ էլ խմել»։ 7Եւ թագաւորը բարկանալով՝ կանչեց նրա քրմերին եւ ասաց նրանց. «Եթէ չասէք ինձ, թէ ով է ուտում այս սեղանի ուտելիքները, մահով կը մեռնէք, 8իսկ եթէ ապացուցէք, թէ Բէլն է ուտում այդ բոլորը, ապա կը մեռնի Դանիէլը, քանի որ նա հայհոյեց Բէլին»։ Դանիէլն ասաց թագաւորին. «Թող լինի ըստ քո ասածի»։ 9Բէլի քրմերը եօթանասուն հոգի էին՝ չհաշուած կանանց եւ մանուկներին։ Թագաւորը Դանիէլի հետ եկաւ Բէլի կռատունը։ 10Բէլի քրմերն ասացին. «Ահաւասիկ մենք դուրս ենք գալիս. իսկ դու, արքա՛յ, նրա առաջ դի՛ր այդ կերակուրները եւ այդ գինին. խառն կը դնես. փակի՛ր դռներն ու կնքի՛ր քո մատանիով։ 11Եւ երբ առաւօտեան գաս, եթէ այդ բոլորը կերուած չլինի Բէլի կողմից, մենք կը մեռնենք, իսկ եթէ ոչ՝ Դանիէլը, որ սուտ խօսեց մեր մասին»։ 12Նրանք վստահ էին, քանի որ սեղանի տակ գաղտնի մուտք էին շինել եւ միշտ նրանով մտնում եւ ուտում էին կերակուրները։
13Եւ երբ նրանք դուրս ելան, թագաւորը կերակուրները դրեց Բէլի առաջ։ Դանիէլը հրամայեց իր սպասաւորին, մոխիր բերին եւ ցանեցին ամբողջ մեհեանում միայն թագաւորի ներկայութեամբ եւ դուրս գալով՝ փակեցին դուռը, կնքեցին թագաւորի մատանիով եւ գնացին։ 14Քրմերը, իրենց սովորութեան համաձայն, գիշերը ներս մտան իրենց կանանցով եւ երեխաներով, կերան ամէն ինչ, խմեցին եւ ոչինչ չթողեցին։ 15Թագաւորը առաւօտ կանուխ եկաւ Դանիէլի հետ եւ ասաց. 16«Կնիքներն անխա՞խտ են, Դանիէ՛լ»։ Դանիէլն ասաց. «Անխախտ են, արքա՛յ»։ 17Եւ երբ դռները բացեցին, թագաւորը նայեց սեղանին, բարձրաձայն գոչեց եւ ասաց. «Մեծ ես, ո՛վ Բէլ, եւ ոչ մի նենգութիւն չկայ քո մէջ»։ 18Դանիէլը ծիծաղեց, բռնեց թագաւորին, որ ներս չմտնի, եւ ասաց. «Լա՛ւ նայիր այդ յատակին եւ տե՛ս ո՞ւմ հետքերն են դրանք»։ 19Թագաւորն ասաց. «Տեսնում եմ տղամարդկանց, կանանց եւ մանուկների հետքեր»։ 20Այն ժամանակ թագաւորը, բարկանալով, բռնեց քրմերին, նրանց կանանց եւ որդիներին. նրան ցոյց տուեցին գաղտնի դուռը, որով մտնում էին եւ ուտում սպառում սեղանը։ 21Թագաւորը կոտորեց նրանց, իսկ Բէլին յանձնեց Դանիէլի ձեռքը, որը կործանեց նրան եւ նրա մեհեանը։
22Կար նաեւ մի մեծ վիշապ, եւ բաբելացիները պաշտում էին նրան։ Թագաւորն ասաց Դանիէլին. 23«Մի՞թէ դրա մասին էլ կ’ասես, թէ պղնձից է. ահա դա կենդանի է, ուտում է եւ խմում, եւ չես կարող ասել, թէ դա կենդանի Աստուած չէ։ Արդ, արի երկրպագի՛ր դրան»։ 24Դանիէլն ասաց նրան. «Ես իմ Տէր Աստծուն եմ երկրպագում, որովհետեւ նա է կենդանի Աստուածը, 25բայց դու, արքա՛յ, իրաւո՛ւնք տուր ինձ, եւ ես առանց սրի ու գաւազանի կը սպանեմ այդ վիշապին»։ Թագաւորն ասաց. «Թոյլ եմ տալիս քեզ»։ 26Դանիէլը վերցրեց իւղ, ձիւթ, ճարպ եւ մազ, եփեց միասին, գնդեր շինեց եւ գցեց վիշապի բերանը։ Երբ վիշապը կերաւ՝ պայթեց։ Դանիէլն ասաց. «Տեսէ՛ք, թէ ո՞ւմ էք պաշտում»։ 27Եւ երբ բաբելացիները լսեցին այդ, շատ բարկացան, եկան հաւաքուեցին թագաւորի մօտ եւ ասացին. «Թագաւորը հրեայ է դարձել, կործանեց Բէլին, սպանեց վիշապին, կոտորեց քրմերին»։ 28Եւ երբ նրանք եկան, ասացին թագաւորին. «Դանիէլին մեր ձե՛ռքը տուր, ապա թէ ոչ կը սպանենք քեզ եւ քո տոհմը»։ 29Երբ թագաւորը տեսաւ, թէ շատ են տագնապեցնում իրեն, ստիպուած Դանիէլին տուեց նրանց ձեռքը։ 30Եւ նրանք նրան նետեցին առիւծների փոսը. Դանիէլն այնտեղ մնաց վեց օր։ 31Փոսի մէջ եօթը առիւծներ կային։ Ամէն օր նրանց երկու մարդ եւ երկու անասուն էին տալիս ուտելու, բայց այդ օրը նրանց առջեւ ոչինչ չգցեցին, որպէսզի առիւծներն անմիջապէս ուտեն Դանիէլին։
32Հրէաստանում կար Ամբակում անունով մի մարգարէ. սա թան եփեց, հաց բրդեց կերակուրի մէջ եւ հանդ էր գնում՝ իր մշակներին տանելու։ 33Տիրոջ հրեշտակն ասաց Ամբակումին. «Այդ ճաշը որ դու ունես, տա՛ր Բաբելոն՝ Դանիէլին, որը առիւծների փոսի մէջ է»։ 34Ամբակումն ասաց. «Տէ՛ր, ես Բաբելոնը չեմ տեսել եւ չգիտեմ, թէ ո՛ւր է փոսը»։ 35Հրեշտակը ձեռքը գցեց նրա գագաթին, բռնեց նրա գլխի մազերից եւ իր հոգու ամբողջ ուժով նրան տարաւ Բաբելոն, դրեց փոսի վրայ։ 36Ամբակումն աղաղակեց եւ ասաց. «Դանիէ՛լ, Դանիէ՛լ, արի վերցրո՛ւ այդ ճաշը, որ Աստուած ուղարկեց քեզ համար»։ 37Դանիէլն ասաց. «Յիշեցի՛ր ինձ, Աստուա՛ծ, եւ ամօթով չթողեցիր քո սիրելիներին»։ 38Դանիէլը վեր կացաւ եւ կերաւ։ Եւ Աստծու հրեշտակը նոյն ժամին Ամբակումին նորից տարաւ իր տեղը։ 39Թագաւորը եօթներորդ օրը եկաւ ողբալու Դանիէլի վրայ. եւ երբ եկաւ փոսի բերանի մօտ, նայեց եւ տեսաւ, որ Դանիէլը նստած էր. աղաղակեց բարձր ձայնով եւ ասաց. 40«Մեծ ես, Դանիէլի Տէ՛ր Աստուած, եւ չկայ այլ աստուած քեզանից բացի»։ 41Նա Դանիէլին դուրս հանեց, իսկ վնասարարներին, որ ուզեցել էին կորստի մատնել նրան, նետեցին փոսի մէջ, եւ իսկոյն նրանք պատառոտուեցին թագաւորի առաջ։
ԴԱՆԻԷԼԸ ԵՒ ԲԷԼԻ ՔՐՄԵՐԸ
65Աստիագէս թագաւորը յաջորդեց իր հայրերին, եւ պարսից Կիւրոս թագաւորը առաւ նրա թագաւորութիւնը։