Դանիէլ

3

ՉՈՐՐՈՐԴ ՏԵՍԻԼՔ

ԹԱԳԱՒՈՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ Է

ԵՐԿՐՊԱԳԵԼ ՈՍԿԵԱՅ ԱՐՁԱՆԻՆ

1Իր թագաւորութեան տասնութերորդ տարում Նաբուքոդոնոսոր արքան պատրաստեց մի ոսկեայ արձան, որի բարձրութիւնը վաթսուն կանգուն էր, լայնութիւնը՝ վեց, եւ այն կանգնեցրեց բաբելացիների երկրում, Դէերա դաշտում։ 2Նա հրամայեց հաւաքել զօրավարներին, զօրագլուխներին եւ կուսակալներին, պետերին, իշխանաւորներին, գործակալներին եւ գաւառների բոլոր իշխաններին՝ գալու այն արձանի նաւակատիքին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։ 3Հաւաքուեցին կուսակալները, զօրավարներն ու զօրագլուխները, պետերը, իշխանաւորները, մեծամեծները, գործակալներն ու գաւառների բոլոր իշխանները, եկան այն արձանի նաւակատիքին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։ Նրանք կանգնած էին այն արձանի առաջ, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։ 4Եւ մունետիկը կանչում էր բարձրաձայն ու ասում. «Ձեզ է ասւում, ազգե՛ր, ժողովուրդնե՛ր եւ լեզունե՛ր։ 5Երբ լսէք փողի, սրնգի, թմբուկի, քնարի, տաւղի եւ բոլոր տեսակի նուագարանների ձայնը, գետի՛ն ընկէք եւ երկրպագեցէ՛ք արձանին, որ կանգնեցրել է Նաբուքոդոնոսոր արքան։ 6Եւ նա, ով գետին չընկնի ու չերկրպագի, նոյն ժամին կը նետուի բորբոքուած կրակի հնոցը»։ 7Եւ այնպէս եղաւ, որ երբ ազգերը լսեցին փողի, սրնգի, տաւղի, նուագարանների եւ այլ տեսակի գործիքների ձայնը, բոլոր ազգերը, ժողովուրդները եւ լեզուները գետին էին ընկնում եւ երկրպագում ոսկեայ արձանին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։

ԴԱՆԻԷԼԻ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ՀԱՒԱՏԱՐԻՄ ԵՆ ՄՆՈՒՄ ՏԻՐՈՋԸ

8Այն ժամանակ մօտեցան քաղդէացի մարդիկ, Նաբուքոդոնոսորին չարախօսեցին հրեաների մասին եւ ասացին. 9«Արքա՛յ, թող քո կեանքը յաւիտեան լինի, 10դու հրամայեցիր, որ ամէն մարդ, երբ լսի փողի, սրնգի, քնարի, տաւղի, նուագարանների ու բոլոր տեսակի գործիքների ձայնը, 11գետին ընկնի ու երկրպագի ոսկեայ արձանին, իսկ նա, ով այդպէս չի անի, պիտի նետուի բորբոքուած կրակի հնոցը։ 12Արդ, այստեղ կան հրեայ մարդիկ, որոնց դու նշանակեցիր Բաբելոնի գործերի վրայ՝ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը, որոնք չհնազանդուեցին քո հրամանին, արքա՛յ. նրանք չեն պաշտում քո աստուածները, չեն երկրպագում քո կանգնեցրած այդ ոսկէ արձանին։ 13Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը բարկութեամբ եւ ցասումով հրամայեց բերել Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին։ Եւ նրանց բերեցին թագաւորի առաջ։ 14Նաբուքոդոնոսորը նրանց ասաց. «Սեդրա՛կ, Միսա՛կ եւ Աբեդնագո՛վ, իսկապէ՞ս դուք իմ աստուածները չէք պաշտում եւ ոսկեայ արձանին, որ ես կանգնեցրի, չէք երկրպագում. 15իսկ այժմ պատրա՛ստ եղէք, որ երբ լսէք փողի, սրնգի, թմբուկի, քնարի եւ ամէն տեսակ երաժիշտների ձայնակցութիւնը, գետին ընկնէք եւ երկրպագէք արձանին, որ ես կանգնեցրի. իսկ եթէ չերկրպագէք, նոյն ժամին կը նետուէք բորբոքուած կրակի հնոցը։ Ո՞վ է այն աստուածը, որ կը փրկի ձեզ իմ ձեռքից»։ 16Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը պատասխանեցին Նաբուքոդոնոսոր արքային եւ ասացին. «Հարկ չկայ քեզ պատասխանել այդ բանի համար, արքա՛յ, 17որովհետեւ մեր Աստուածը, որին մենք պաշտում ենք, երկնքում է, կարող է փրկել մեզ բորբոքուած կրակի հնոցից եւ ազատել մեզ քո ձեռքից։ 18Իսկ եթէ ոչ, թող քեզ յայտնի լինի, արքա՛յ, որ քո աստուածները մենք չենք պաշտում եւ չենք երկրպագում քո կանգնեցրած այդ ոսկէ արձանին։

ԴԱՆԻԷԼԻ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՆԵՏՒՈՒՄ ԵՆ ՀՆՈՑԸ

19Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը զայրոյթով լցուեց, բարկացաւ Սեդրակի, Միսակի եւ Աբեթնագովի վրայ եւ ասաց. «Եօթնապատիկ վառեցէ՛ք հնոցը, որպէսզի մինչեւ վերջ այրուեն սրանք։ 20Հինգ ուժեղ մարդիկ թող կապեն Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին եւ նետեն բորբոքուած կրակի հնոցը»։ 21Այն ժամանակ այդ մարդկանց կապեցին իրենց պատմուճաններով, անդրավարտիքներով, գլխի ապարօշներով, զանկապաններով եւ նետեցին բորբոքուած կրակի հնոցը, 22որովհետեւ թագաւորի հրամանը աւելի ու աւելի էր սաստկանում, եւ հնոցը բորբոքւում էր եօթնապատիկ աւելի։ 23Իսկ նրանք երեքը՝ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը կապուած ընկան հնոցի մէջ։

ԵՐԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԱԶԱՏՒՈՒՄ ԵՆ ՈՒ ՄԵԾԱՐՒՈՒՄ

24Նրանք քայլում էին կրակի մէջ, օրհնում եւ գովում էին Տէր Աստծուն։ 25Ազարիան ելաւ, աղօթքի կանգնեց, կրակի մէջ բացեց բերանը եւ այսպէս ասաց. 26«Օրհնեալ ես, Տէ՛ր, մեր հայրերի՛ , յաւիտեանս գովեալ եւ փառաւորեալ է քո անունը, 27որովհետեւ դու արդար ես այն ամենի մէջ, որ բերեցիր մեզ վրայ, քո բոլոր գործերը ճշմարիտ են, քո ճանապարհները՝ ուղիղ, եւ քո բոլոր դատաստանները՝ արդար. 28դու ըստ ամենայնի արդար արեցիր այն, ինչ արեցիր մեր եւ մեր հայրերի սուրբ Երուսաղէմի նկատմամբ, որովհետեւ ճշմարտութեամբ եւ արդար կերպով արեցիր այս բոլորը մեր մեղքերի պատճառով, 29քանի որ քո դէմ ապստամբելով՝ մեղանչեցինք եւ անօրէնութիւն գործեցինք. մենք առաւել մեղանչեցինք նրանով, որ 30քո պատուիրանները չլսեցինք։ Չպահեցինք քո պատուիրանները եւ այնպէս չարեցինք, ինչպէս պատուիրեցիր մեզ, որպէսզի լաւ լինէր մեզ համար. 31այն ամէնը ինչ բերեցիր մեզ վրայ եւ այն ամէնը, ինչ արեցիր մեր նկատմամբ, արդա՛ր դատաստանով արեցիր։ 32Մեզ մատնեցիր մեր անօրէն, խիստ եւ ապստամբ թշնամիների, բոլոր երկրների ամենից աւելի անիրաւ եւ չար թագաւորի ձեռքը։

33Իսկ այժմ չենք կարող բանալ մեր բերանները, որովհետեւ մենք՝ քո պաշտօնեայ ծառաները, ամօթահար եղանք եւ նախատինք կրեցինք։ 34Բայց դու, յանուն քո անուան, մեզ իսպառ մի՛ լքիր, մի՛ ցրիր քո ուխտը 35եւ մի՛ հեռացրու քո ողորմութիւնը մեզանից յանուն քո սիրելի Աբրահամի, յանուն քո ծառայի եւ յանուն քո սուրբ Իսրայէլի, 36որոնց ասացիր, թէ պիտի բազմացնես նրանց որդիները երկնքի աստղերի չափ եւ այնքան, որքան աւազը ծովի ափին։ 37Արդ, Տէ՛ր, բոլոր ազգերից աւելի տկարացանք մենք եւ այսօր տառապում ենք ամբողջ աշխարհում մեր մեղքերի պատճառով։ 38Այժմ, այս ժամանակներում չկայ , եւ առաջնորդ, ո՛չ ողջակէզ, ո՛չ , ո՛չ զոհաբերութիւն, ո՛չ 39եւ ո՛չ էլ քեզ երախայրիք մատուցելու տեղ՝ ողորմութիւն գտնելու համար։ Այլ կոտրուած սրտով եւ տառապած հոգով թող ընդունելի լինենք 40խոյերի եւ արջառների, ինչպէս նաեւ բիւրաւոր պարարտ գառների ողջակէզների նման. այդպէս թող լինի մեր զոհաբերումը այսօր քո առաջ եւ կատարեալ լինենք քեզանից յետոյ, որովհետեւ քեզ վրայ յոյս դնողները ամօթով չեն մնայ։ 41Արդ, գալիս ենք դէպի քեզ մեր ամբողջ սրտով, վախենում ենք մենք քեզանից, քո բարեհաճութիւնն ենք խնդրում. 42ամօթով մի՛ թող մեզ, այլ մեզ հետ վարուիր ըստ քո հեզութեան, ըստ քո մեծ ողորմութեան, Տէ՛ր, 43փրկի՛ր մեզ ըստ քո հրաշալի գործերի եւ փա՛ռք բեր քո անուանը։ 44Թող ամօթով մնան բոլոր նրանք, ովքեր չարիք են պատճառում քո ծառաներին. թող ամաչեն իրենց բոլոր բռնութիւններից, նրանց զօրութիւնը թող խորտակուի, 45եւ թող ճանաչեն, որ դու ես միակ Տէր Աստուածը եւ փառաւորեալը ողջ տիեզերքում»։

46Եւ նրանք՝ թագաւորի սպասաւորները, որ հնոց էին նետել նրանց, չէին դադարում բորբոքել այն նաւթով, ձէթով, վուշով եւ որթատունկի ճիւղերով։ 47Բոցը ելնում դիզւում էր հնոցից քառասուն եւ ինը կանգուն վեր, 48պտտւում պատում էր հնոցի շուրջը եւ այրում էր, ում որ գտնում էր քաղդէացիներից։ 49Բայց Աստծու Հրեշտակը իջաւ կանգնեց հնոցի մէջ, Ազարիայի կողքին, կրակի բոցը թօթափեց հնոցից 50եւ հնոցի մէջ դարձրեց այնպիսի հողմ, որ ցօղ է բերում, եւ կրակը ամենեւին չէր մօտենում նրանց, չէր տանջում եւ չէր նեղում նրանց։ 51Այն ժամանակ հնոցի մէջ երեքը, կարծես մէկ բերանով, օրհնում, գովում եւ փառաւորում էին Աստծուն ու ասում. 52«Օրհնեալ ես դու Տէ՛ր, Աստուա՛ծ մեր հայրերի, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։ Օրհնեալ է քո փառաւոր սուրբ անունը,գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։ 53Օրհնեալ ես քո փառքի սուրբ տաճարում, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։ 54Օրհնեալ ես քո թագաւորութեան աթոռի վրայ, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։ 55Օրհնեալ ես, որ նայում ես անդունդներին եւ նստում ես քերովբէների վրայ, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։ 56Օրհնեալ ես, որ նստում ես երկնքում,գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։ 57Օրհնեցէ՛ք Տիրոջ բոլոր գործերը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 58Երկինքնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 59Տիրոջ հրեշտակնե՛ր, օրհնեցէք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 60Ջրե՛ր, որ վեր էք երկնքից, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 61Տիրոջ բոլո՛ր զօրութիւններ, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 62Արե՛ւ եւ լուսի՛ն, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 63Երկնքի բոլո՛ր աստղեր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 64Անձրեւնե՛ր եւ ցօղե՛ր, բոլորդ օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 65Հողմե՛ր, բոլորդ օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 66Հո՛ւր եւ տա՛պ, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 67Ցո՛ւրտ եւ սառնամանի՛ք, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 68Եղեա՛մ եւ ձի՛ւն, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 69Ցերեկնե՛ր եւ գիշերնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 70Լո՛յս եւ խաւա՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 71Ամպե՛ր եւ կայծակնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 72Թող երկիրն օրհնի՛ Տիրոջը, օրհնի եւ պանծացնի նրան յաւիտեան։ 73Լեռնե՛ր, բարձունքնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 74Երկրի բոլոր բոյսեր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 75Աղբիւրնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 76Ծովե՛ր ու գետե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 77Կէտե՛ր եւ ջրային բոլո՛ր , օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 78Երկնի թռչուննե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 79Բոլո՛ր գազաններ եւ անասուններ, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 80Մարդո՛ւ որդիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 81Իսրայէլը թող օրհնի Տիրոջը,թող օրհնի եւ պանծացնի նրան յաւիտեան։ 82Քահանանե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 83Տիրոջ ծառանե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 84Արդարների շունչ ու հոգինե՛ր, օրհնեցէ՛ք Աստծուն,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 85Սրբե՛ր եւ սրտով խոնարհնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 86Անանիա՛, Ազարիա՛ եւ Միսայէ՛լ, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան, 87քանզի նա մեզ փրկեց դժոխքից, ազատեց մահուան ձեռքից, 88փրկեց մեզ այս հնոցից, այս բորբոքուած բոցի միջից,փրկեց մեզ այս կրակի միջից։ 89Գոհութիւն մատուցենք Տիրոջը, քանզի քաղցր է նա,քանզի յաւիտեան է ողորմութիւնը նրա։ 90Տիրոջ բոլո՛ր պաշտօնեաներ, գոհութի՛ւն մատուցեցէք եւ օրհնեցէ՛ք աստուածների Աստծուն, քանզի յաւիտեան է ողորմութիւնը նրա»։

ՆԱԲՈՒՔՈԴՈՆՈՍՈՐԸ ՄԵԾԱՐՈՒՄ Է

ԴԱՆԻԷԼԻ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ

91Նաբուքոդոնոսորը երբ լսեց նրանց օրհնութիւնը, զարմացաւ. նա տագնապահար վեր կացաւ եւ ասաց իր մեծամեծներին. «Միթէ մենք կապուած երեք մարդ չնետեցի՞նք կրակի մէջ»։ Նրանք ասացին թագաւորին. «Այո՛, ճիշտ ես ասում, արքա՛յ»։ 92Թագաւորն ասաց. «Բայց ես տեսնում եմ կապերից արձակուած չորս մարդ, որոնք քայլում են կրակի մէջ, որեւէ վնաս չեն կրել, իսկ չորրորդի տեսքը Աստծու որդու նման է»։ 93Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը մօտեցաւ հրաբորբոք հնոցի դռանը եւ ասաց. «Սեդրա՛կ, Միսա՛կ եւ Աբեդնագո՛վ, բարձրեալ Աստծու ծառանե՛ր, ելէ՛ք եւ եկէ՛ք»։ Սեդրակը, Միսակն ու Աբեդնագովը դուրս ելան կրակի միջից։ 94Հաւաքուեցին նախարարները, կուսակալները, թագաւորի զօրավարներն ու զօրագլուխները, եւ տեսնում էին այն մարդկանց, որոնց մարմնին կրակը չէր վնասել, նրանց գլխի մազերը չէին խանձուել, նրանց անդրավարտիքները չէին գունաթափուել, եւ կրակի հոտ չկար նրանց վրայ։ 95Նաբուքոդոնոսոր թագաւորը նրանց առաջ երկրպագեց Տիրոջը, պատասխանեց եւ ասաց. «Օրհնեալ է Սեդրակի, Միսակի եւ Աբեդնագովի Աստուածը, որ ուղարկեց իր Հրեշտակին եւ փրկեց իր ծառաներին, որովհետեւ նրանք յոյս էին դրել նրա վրայ, անարգել էին թագաւորի խօսքը եւ մատնել իրենց մարմինը կրակին, որպէսզի չպաշտեն եւ չերկրպագեն բոլոր աստուածներին, այլ՝ միայն իրենց Աստծուն։ 96Արդ, ես հրաման եմ տալիս. բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները, որոնք կը հայհոյեն Սեդրակի, Միսակի եւ Աբեդնագովի Աստծուն, կորստի պիտի մատնուեն, իսկ նրանց տները՝ յափշտակութեան, որովհետեւ չկայ այլ Աստուած, որ կարողանայ այսպէս փրկել»։

97Այն ժամանակ թագաւորը Բաբելոնում առաւել եւս մեծարեց Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին, բարձր պատուի արժանացրեց նրանց եւ խնդրեց նրանց, որ իշխան լինեն այն բոլոր հրեաների վրայ, որ իր թագաւորութեան մէջ էին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն