Դանիէլ
4
1Ես՝ Նաբուքոդոնոսորս, ուրախ էի իմ տանը եւ զուարթ։ 2Երազ տեսայ, որ զարհուրեցրեց ինձ, եւ խռովուեցի իմ անկողնում։ Իմ մտքի տեսիլքը տագնապեցրեց ինձ 3եւ ստիպեց, որ ես հրամայեմ իմ առաջ բերել բաբելացի բոլոր իմաստուններին, որպէսզի երազի մեկնութիւնը յայտնեն ինձ։ 4Եւ ինձ մօտ եկան գուշակներ, մոգեր, հմայողներ ու աստղագուշակներ։ Ես իմ երազը պատմեցի նրանց, բայց նրանք չյայտնեցին ինձ նրա մեկնութիւնը, 5մինչեւ որ եկաւ Դանիէլը, որի անունը Բաղդասար էր ըստ իմ աստծու անուան, որովհետեւ Աստծու Սուրբ Հոգին կայ նրա մէջ։ Նրան ես ասացի. 6«Բաղդասա՛ր իշխան, իմացի՛ր այն, ինչ ես տեսայ։ Գիտեմ, որ Աստծու Սուրբ Հոգին կայ քո մէջ, եւ բոլոր գաղտնիքները յայտնի են քեզ։ Արդ, լսի՛ր դու իմ տեսած երազի, իմ տեսիլքի մասին, եւ նրա մեկնութիւնը կ’ասես ինձ։ 7Իմ անկողնում տեսնում էի, որ ահա կար մի ծառ հողի մէջ, եւ նա շատ-շատ բարձր էր. 8ծառը մեծացաւ, զօրացաւ. նրա բարձրութիւնը հասաւ մինչեւ երկինք, եւ նրա լայնութիւնը՝ աշխարհի բոլոր կողմերը։ 9Նրա տերեւը գեղեցիկ էր, եւ նրա պտուղը՝ առատ։ Բոլորի կերակուրը նրանից էր։ Վայրի գազաններ էին ապրում նրա տակ, ճիւղերին հանգստանում էին երկնքի թռչունները, եւ նրանից էր կերակրւում ամէն մարմնաւոր արարած։ 10Իմ անկողնում, գիշերային տեսիլքում տեսնում էի, որ ահա երկնքից իջնում էր մի սուրբ Հրեշտակ, 11խօսում էր բարձրաձայն եւ այսպէս ասում. «Կտրեցէ՛ք այդ ծառը, հատեցէ՛ք նրա ճիւղերը, թօթափեցէ՛ք դրա տերեւները, շա՛ղ տուէք դրա պտուղները, թող գազանները հեռանան նրա տակից, եւ թռչունները՝ նրա ճիւղերից։ 12Բայց նրա արմատի շառաւիղը թողէ՛ք հողում՝ երկաթէ եւ պղնձէ լարերով պատած, դալար մի վայրում. թող այն թրջուի երկնքի ցօղից, եւ նրա կենդանի մասը անապատի գազանների հետ երկրի խոտից բաժին ունենայ. 13նրա մարդկային սիրտը թող փոխուի, եւ նրան տրուի գազանների սիրտ, եւ եօթը ժամանակներ թող անցնեն նրա վրայից։ 14Իմ խօսքը Հրեշտակի կողմից տրուած խօսք է, եւ իմ հարցումը՝ սրբերի պատգամ, որպէսզի ապրողները իմանան, թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վրայ, այն տալիս է, ում որ կամենայ, եւ մարդկանցից ամենաանարգին բարձրացնում է դրա վրայ։ 15Այս է երազը, որ տեսայ ես՝ Նաբուքոդոնոսոր արքան։ Եւ դու, Բաղդասա՛ր, ասա՛ ինձ նրա մեկնութիւնը, որովհետեւ իմ թագաւորութեան բոլոր իմաստունները չկարողացան յայտնել ինձ նրա մեկնութիւնը, իսկ դու, Դանիէ՛լ, կարող ես, որովհետեւ Աստծու Սուրբ Հոգին կայ քո մէջ»։
ԴԱՆԻԷԼԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԵՐԱԶԸ
16Այն ժամանակ Դանիէլը, որի անունը Բաղդասար էր, ամփոփուեց մի պահ. նրա մտքերը խռովում էին նրան։ Պատասխանեց նրան թագաւորը եւ ասաց. «Բաղդասա՛ր, երազն ու նրա մեկնութիւնը թող չտագնապեցնեն քեզ»։ Բաղդասարը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր իմ, երազը թող քեզ ատողների համար լինի, եւ նրա մեկնութիւնը՝ քո թշնամիների։ 17Այն ծառը, որ տեսնում էիր մեծացած եւ զօրացած, եւ որի բարձրութիւնը հասնում էր մինչեւ երկինք, իսկ նրա լայնութիւնը՝ աշխարհի բոլոր կողմերը, 18որի տերեւը գեղեցիկ էր, եւ պտուղը՝ առատ, բոլորի կերակուրը նրանից էր, որի տակ էին ապրում անապատի գազանները, եւ նրա ճիւղերին էին թառում երկնքի թռչունները, - այդ ծառը դո՛ւ ես, արքա՛յ։ 19Արդարեւ, դու մեծացար ու հզօրացար, քո մեծութիւնը բարձրացաւ, հասաւ մինչեւ երկինք, եւ քո տէրութիւնը՝ աշխարհի բոլոր ծագերը։ 20Իսկ այն, որ տեսնում էիր, արքա՛յ, թէ սուրբ Հրեշտակը իջնում էր երկնքից եւ ասում. “Կտրեցէ՛ք այդ ծառը եւ խորտակեցէ՛ք այն, բայց նրա արմատի շառաւիղը թողէ՛ք հողում՝ երկաթէ եւ պղնձէ լարերով պատած, դալար մի վայրում, թող այն թրջուի երկնքի ցօղից, եւ նրա կենդանի մասը լինի անապատի գազանների հետ, մինչեւ եօթը ժամանակներ անցնեն նրա վրայից”։ Սա՛ է նրա մեկնութիւնը, արքա՛յ. 21Բարձրեալի դատաստանը հասել է իմ տէր արքայի վրայ. 22քեզ պիտի վտարեն մարդկանց միջից, անապատի գազանների հետ պիտի բնակուես, եւ քեզ, ինչպէս արջառի, խոտ պիտի տան, երկնքի ցօղից պիտի թրջուես, եւ եօթը ժամանակներ պիտի անցնեն քո վրայից, մինչեւ որ ընդունես, թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեանը եւ այն պիտի տայ, ում որ կ’ամենայ։ 23Իսկ այն, որ ասաց, թէ ծառի արմատի շառաւիղը թողէ՛ք, դա քո թագաւորութիւնն է, որ պիտի մնայ քեզ, մինչեւ ճանաչես երկնաւոր Աստծու իշխանութիւնը։ 24Դրա համար, արքա՛յ, թող իմ խորհուրդը հաճելի թուայ քեզ, քո մեղքերը քաւի՛ր ողորմութեամբ, եւ քո անօրէնութիւնները՝ աղքատներին գթալով, թերեւս Աստուած համբերատար լինի քո յանցանքների նկատմամբ»։
25Այս բոլորը պատահեց Նաբուքոդոնոսոր արքային տասներկու ամիս յետոյ, 26մինչ նա ճեմում էր իր թագաւորական պալատում, Բաբելոնում։ 27Թագաւորն սկսեց խօսել եւ ասաց. «Սա այն մեծ Բաբելոնը չէ՞, որ ես կառուցեցի որպէս թագաւորութիւն իմ կամքով ու զօրութեամբ՝ ի պատիւ իմ փառքի»։ 28Մինչ խօսքը թագաւորի բերանում էր, երկնքից ձայն լսուեց եւ ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ Նաբուքոդոնոսոր արքայ, քո թագաւորութիւնը խլուած է քեզանից։ 29Մարդկանց միջից պիտի հալածեն ու վտարեն քեզ։ Դու պիտի բնակուես անապատի գազանների հետ, եւ որպէս արջառի՝ խոտով պիտի կերակրեն քեզ։ Եօթը ժամանակներ պիտի անցնեն քո վրայից, մինչեւ ճանաչես, որ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեանը եւ այն պիտի տայ, ում որ կ’ամենայ»։ 30Հէնց նոյն ժամին այդ բանը կատարուեց Նաբուքոդոնոսորի հետ. նա հալածուեց ու վտարուեց մարդկանց միջից, ինչպէս արջառ՝ նա խոտ էր ուտում, եւ նրա մարմինը թրջուեց երկնքի ցօղից, մինչեւ որ նրա մազերը երկարեցին առիւծի մազերի չափ, եւ նրա եղունգները՝ թռչունների մագիլների պէս։
ՆԱԲՈՒՔՈԴՈՆՈՍՈՐԸ ԱՊԱՔԻՆՒՈՒՄ Է
31«Այդ օրերից յետոյ, ես՝ Նաբուքոդոնոսորս, իմ աչքերը բարձրացրի դէպի երկինք, իմ միտքը վերադարձաւ ինձ, օրհնեցի Բարձրեալին, գովեցի եւ փառաւորեցի յաւիտենապէս կենդանի Աստծուն, որովհետեւ նրա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, նրա տէրութիւնը՝ սերնդից սերունդ»։ 32Երկրի բոլոր բնակիչները ոչինչ են համարւում։ Նա ըստ իր կամքի է գործում երկնքի ուժերի եւ երկրի բնակիչների նկատմամբ, եւ չկայ մէկը, որ ընդդիմանայ նրա ձեռքին եւ ասի՝ “Ի՞նչ արեցիր”։ 33Այդ նոյն ժամանակ միտքս վերադարձաւ ինձ, ես վերադարձայ իմ թագաւորական պատուին, իմ կերպարանքը վերադարձաւ ինձ, իմ իշխաններն ու իմ մեծամեծները խնդրեցին ինձ, ես նորից իմ թագաւորութեան վրայ հաստատուեցի, եւ իմ մեծութիւնն աւելացաւ առաւել եւս։ 34Արդ, ես՝ Նաբուքոդոնոսորս, օրհնում եմ, փառաւորում եւ առաւել պանծացնում երկնքի արքային, որովհետեւ նրա բոլոր գործերը ճշմարիտ են, նրա ուղիները՝ արդար, եւ բոլորին, ովքեր կ’ամբարտաւանանան, նա կարող է խոնարհեցնել»։
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԵՍԻԼՔ
ՆԱԲՈՒՔՈԴՈՆՈՍՈՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԱԶԸ
98Նաբուքոդոնոսոր արքան՝ բոլոր ազգերին եւ լեզուներին, որոնք բնակւում են ամբողջ աշխարհում. «Թող բազմապատկուի՛ ձեր խաղաղութիւնը։
99Հաճելի է ինձ պատմել, թէ որքան մեծ են եւ զօրաւոր այն նշաններն ու հրաշքները, որ Բարձրեալը ցոյց տուեց ինձ. 100նրա թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է, եւ նրա իշխանութիւնը՝ սերնդից սերունդ։