Դանիէլ
7
ԴԱՆԻԷԼԻ ՏԵՍԻԼՔԸ ՉՈՐՍ ԳԱԶԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1Քաղդէացիների Բաղդասար արքայի առաջին տարում Դանիէլը երազ տեսաւ. գլխում մի տեսիլք երեւաց, երբ իր անկողնում էր, եւ նա գրի առաւ իր երազը։ 2«Ես՝ Դանիէլս, գիշերային տեսիլքում տեսնում էի, 3որ, ահա, երկնքի չորս հողմերը բախում էին մեծ ծովը, եւ ծովից դուրս էին գալիս տարբեր կերպարանքով չորս մեծամեծ գազաններ։ 4Առաջինը նման էր թեւաւոր մատակ առիւծի, եւ նրա թեւերը արծուի թեւերի նման էին. ես նայում էի, մինչեւ որ նրա թեւերը թափուեցին, նա պարզ երեւաց գետնին եւ կանգնեց ինչպէս մարդը ոտքերի վրայ, ու մարդու սիրտ տրուեց նրան։ 5Իսկ ահա երկրորդ գազանը նման էր արջի, մի կողմ էր կանգնած եւ երեք կողոսկրեր կային բերանում՝ ժանիքների մէջ։ Այսպէս էին ասում նրան. “Ելի՛ր, կե՛ր շատերի մարմինը”։ 6Դրանից յետոյ նայում էի. եւ ահա տեսայ մի այլ գազան ընձի նման. նրա վրայ թռչունի չորս թեւեր կային. գազանը չորս գլուխ ունէր, եւ իշխանութիւն տրուեց նրան։ 7Դրանից յետոյ դարձեալ նայում էի. եւ ահա տեսայ չորրորդ գազանին, որ ահեղ, զարմանալի եւ առաւել հզօր էր. նրա ժանիքները երկաթեայ էին, ուտում-մանրում էր եւ մնացորդները ոտքի տակ կոտրատում։ Սա աւելի այլակերպ էր, քան նրանից առաջ բոլոր գազանները. տասը եղջիւր ունէր։ 8Ապշած նայում էի նրա եղջիւրներին. եւ ահա մի ուրիշ փոքրիկ եղջիւր էր դուրս գալիս դրանց միջից. նախկիններից երեք եղջիւրներ թափւում էին նրա առաջ. եւ ահա մարդու աչքերի պէս աչքեր կային այդ եղջիւրի վրայ, նաեւ մի բերան, որ մեծ-մեծ բաներ էր խօսում։
ԴԱՏԱՍՏԱՆԻ ՏԵՍԱՐԱՆԸ
9Նայում էի, մինչեւ որ աթոռներ դրուեցին, եւ մի Ծերունի նստում էր այնտեղ. նրա հագուստը ձեան պէս սպիտակ էր, նրա գլխի մազերը մաքուր էին գեղմի նման, նրա աթոռը՝ կրակի բոցի նման, եւ նրա անիւները՝ ինչպէս բորբոքուած կրակ։ 10Նրա առաջից հոսում էր կրակէ յորդ մի գետ, հազար-հազարաւորներ պաշտում էին նրան, եւ բիւր-բիւրաւորներ կային նրա առջեւ։ Նա ատեան նստեց, եւ գրքերը բացուեցին։ 11Այն ժամանակ ես շարունակում էի նայել այն մեծամեծ խօսքերի պատճառով, որ այդ եղջիւրն էր խօսում, մինչեւ որ գազանը վերացաւ ու կորաւ, եւ նրա մարմինը տրուեց կրակին՝ այրուելու։ 12Միւս գազանների իշխանութիւնը վերացուեց, եւ կեանքի երկարութեան որոշակի ժամանակ տրուեց նրանց։ 13Գիշերային տեսիլքում տեսնում էի, որ, ահա, երկնքի ամպերի միջից գալիս էր մէկը մարդու Որդու նման եւ հասնում Ծերունուն. նա բերուեց նրա առջեւ։ 14Նրան իշխանութիւն, պատիւ եւ արքայութիւն տրուեց. բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները պիտի ծառայեն նրան. նրա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնի, եւ նրա թագաւորութիւնը չի կործանուի։
ԱՌԱՋԻՆ ՏԵՍԻԼՔԻ ՄԵԿՆՈՒԹԻՒՆԸ
15Իմ հոգին սոսկաց իմ մարմնում, իմ՝ Դանիէլիս մէջ, եւ իմ գլխի տեսիլքը խռովեց ինձ։ 16Մօտեցայ այնտեղ գտնուողներից մէկին եւ խնդրում էի ճշմարտութիւնն իմանալ այդ բոլորի մասին։ Նա ասաց ինձ ճշմարտութիւնը եւ յայտնեց ինձ այդ խօսքերի մեկնութիւնը։
17Այդ չորս մեծամեծ գազանները նշանակում են, որ չորս թագաւորութիւններ պիտի բարձրանան երկրի վրայ։ 18Ապա բարձրեալ Աստծու սրբերը պիտի ելնեն եւ առնեն թագաւորութիւնը եւ պահեն այն յաւիտեանս յաւիտենից։ 19Քննում էի ճշմարտութիւնը չորրորդ գազանի մասին, որովհետեւ նա առաւել այլակերպ էր, քան բոլոր գազաններն ու յոյժ ահազդու. նրա ժանիքները երկաթեայ էին, եւ նրա մագիլները պղնձեայ, նա ուտում էր ու մանրում եւ մնացորդները կոտրատում ոտքերի տակ։ 20Նաեւ քննում էի ճշմարտութիւնը նրա գլխի տասը եղջիւրների մասին եւ այն միւսի մասին, որ ելնում եւ թափում էր երեք եղջիւրները, որ աչքեր ունէր եւ բերան, որ մեծ-մեծ բաներ էր խօսում, եւ նրա տեսքը առաւել մեծ էր, քան միւսներինը։ 21Տեսնում էի, որ այդ եղջիւրը պատերազմում էր սրբերի դէմ եւ յաղթում էր նրանց, 22մինչեւ որ եկաւ Ծերունին եւ իրաւունք տուեց Բարձրեալի սրբերին. ժամանակը հասաւ, եւ սրբերը տիրեցին թագաւորութեանը։ 23Նա ասաց. “Չորրորդ գազանը նշանակում է, որ չորրորդ թագաւորութիւն պիտի լինի երկրում, որ այն աւելի մեծ պիտի լինի, քան բոլոր թագաւորութիւնները, կուլ պիտի տայ ամբողջ երկիրը, պիտի կոխոտի եւ հարուածի այն։
24Իսկ նրա տասը եղջիւրները նշանակում են, որ տասը թագաւորներ պիտի բարձրանան, եւ նրանցից յետոյ պիտի բարձրանայ մէկ ուրիշը, որ աւելի չար պիտի լինի, քան բոլոր նախորդները, պիտի հպատակեցնի երեք թագաւորներին, 25Բարձրեալի դէմ խօսքեր պիտի բարբառի, պիտի մոլորեցնի Բարձրեալի սրբերին, պիտի կարծի փոփոխել ժամանակներն ու օրէնքները, եւ դա պիտի յաջողուի նրան մինչեւ որոշ ժամանակ, ինչ-որ ժամանակներ եւ ժամանակների կէսը։ 26Ատեան պիտի հաւաքուի, պիտի փոխեն նրա իշխանութիւնը, պիտի ոչնչացնեն այն եւ իսպառ կորստի մատնեն։ 27Եւ երկնքի տակ գտնուող թագաւորութիւնն ու թագաւորների մեծութիւնը տրուեց Բարձրեալի սրբերին. Նրա արքայութիւնը յաւիտենական արքայութիւն է, եւ բոլոր իշխանութիւնները պիտի ծառայեն եւ հնազանդուեն նրան։ 28Մինչեւ այստեղ է խօսքի վախճանը։ Ինձ՝ Դանիէլիս, շատ էին խռովեցնում իմ մտքերը, փոխուեց իմ երեսի գոյնը, եւ ես այս բանը պահում էի իմ սրտի մէջ»։