Դանիէլ
9
ԴԱՆԻԷԼԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻ ՄԵՂՔԸ
1«Մարերի սերնդից Արշաւիրի որդու՝ Դարեհի առաջին տարում, որ թագաւորեց քաղդէացիների թագաւորութեան մէջ, 2ես՝ Դանիէլս, խելամուտ եղայ այն տարիների թուագրութեանը, երբ Տիրոջ խօսքը հասաւ Երեմիա մարգարէին՝ Երուսաղէմի աւերման եօթանասուներորդ տարում։ 3Ես երեսս դարձրի դէպի իմ Տէր Աստուածը՝ խնդրելու համար աղօթքներով ու աղաչանքներով, պահեցողութեամբ ու քուրձ կրելով. 4աղօթեցի Տէր Աստծուն, գոհութիւն յայտնեցի եւ ասացի. “Ո՛վ Տէր Աստուած մեծ եւ սքանչելագործ, որ պահում ես քո սիրելիների ուխտն ու ողորմութիւնը, որոնք պահում են քո պատուիրանները։ 5Մեղք գործեցինք, անօրինացանք, անիրաւութիւն արեցինք, ապստամբեցինք եւ շեղուեցինք քո պատուիրաններից եւ քո օրէնքներից, 6չլսեցինք քո ծառաներին՝ մարգարէներին, որոնք քո անունով խօսեցին մեր թագաւորների, մեր իշխանների, մեր հայրերի եւ երկրի ամբողջ ժողովրդի հետ։ 7Քոնն է, Տէ՛ր, արդարութիւնը, եւ մերն է ամօթն այսօր մեր երեսին, Յուդայի երկրի մարդկանց, Երուսաղէմի բնակիչների եւ Իսրայէլի բոլոր մերձաւորների ու հեռաւորների ամօթը ամբողջ երկրում, ուր ցրեցիր նրանց իրենց անհնազանդութեան համար, քանզի նրանք չհնազանդուեցին քեզ, Տէ՛ր։ 8Մերն է ամօթը մեր երեսին, մեր թագաւորների, մեր իշխանների եւ մեր հայրերի ամօթը, քանզի մեղք գործեցինք, 9իսկ մեր Տէր Աստծունն է գթութիւնը եւ ներողամտութիւնը, որովհետեւ ապստամբեցինք Տիրոջ դէմ, 10չլսեցինք մեր Տէր Աստծու ձայնը՝ հետեւելու համար նրա օրէնքներին, որ դրեց մեր առաջ իր ծառաների՝ մարգարէների միջոցով։ 11Ամբողջ Իսրայէլը զանց առաւ քո օրէնքները եւ շեղուեց, որ չլսի քո ձայնը, եւ անէծք ու երդում թափուեցին մեզ վրայ, գրուած քո ծառայի՝ Մովսէսի օրէնքում, Տէ՛ր, քանի որ մեղանչեցինք նրա դէմ։ 12Տէրը հաստատեց իր խօսքերը, որ ասել էր մեր մասին եւ մեր դատաւորների մասին, որոնք դատում էին մեզ՝ բերելով մեզ վրայ այնպիսի մեծամեծ չարիքներ, որ չեն եղել ամբողջ երկնքի տակ, ինչպէս որ եղան Երուսաղէմում։
13Ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքում, այդ բոլոր չարիքները եկան մեզ վրայ, իսկ մենք չաղաչեցինք մեր Տէր Աստծուն՝ յետ դառնալու մեր հայրերի անիրաւութիւններից եւ խելամուտ լինելու քո ամբողջ ճշմարտութեանը։ 14Մեր Տէր Աստուածը բացեց իր աչքը մեր չարիքների վրայ եւ դրանք բերեց մեզ վրայ, որովհետեւ արդար է մեր Տէր Աստուածը իր այն բոլոր գործերի մէջ, որ արեց մեր հանդէպ, քանի որ չլսեցինք նրա ձայնը։ 15Եւ արդ, Տէ՛ր Աստուած մեր, որ հզօր ձեռքով քո ժողովրդին հանեցիր Եգիպտացիների երկրից եւ քո անունը փառաւորեցիր, իսկ մենք այսօր մեղք գործեցինք եւ անօրինացանք։ 16Տէ՛ր, թող քո ողջ ողորմածութեամբ անցնի քո զայրոյթը եւ վերանայ քո բարկութիւնը քո քաղաքի՝ Երուսաղէմի եւ քո սուրբ լերան վրայից, քանզի մեղանչեցինք, եւ մեր հայրերի անօրինութեան պատճառով Երուսաղէմը եւ քո ամբողջ ժողովուրդը նախատինքի ենթարկուեց բոլորի կողմից, որոնք գտնւում են մեր շուրջը։ 17Արդ, Տէ՛ր Աստուած մեր, լսի՛ր քո ծառայի աղօթքներն ու խնդրանքները եւ ցոյց տուր քո երեսը՝ յանուն քեզ, այն սրբարանի մէջ, որ աւերուեց։ 18Խոնարհեցրո՛ւ, Աստուա՛ծ իմ, քո ականջը եւ լսի՛ր ինձ. բա՛ց քո աչքերը եւ տե՛ս ապականութիւնը մեր եւ քո քաղաքի, որի վրայ դրուած է քո անունը, որովհետեւ մեր արդարութեան պատճառով չէ, որ գութ ենք հայցում քեզնից, այլ՝ քո անբաւ գթութեան պատճառով, Տէ՛ր։ 19Լսի՛ր, Տէ՛ր, ների՛ր, Տէ՛ր, ունկնդրի՛ր, Տէ՛ր, եւ մի՛ յապաղիր՝ յանուն քեզ, Աստուա՛ծ իմ, քանզի քո անունով է կոչւում քո քաղաքը։»
ԳԱԲՐԻԷԼԸ ԲԱՑԱՏՐՈՒՄ Է ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ
20«Եւ մինչ ես խօսում էի ու աղօթում, խոստովանում էի իմ մեղքերը եւ Իսրայէլի ժողովրդի մեղքերը եւ գութ էի հայցում իմ Տէր Աստծուց սուրբ լերան համար, 21մինչ ես խօսում էի աղօթքով, ահա Գաբրիէլը, մի մարդ, որին տեսել էի նախորդ տեսիլքում, թռաւ եւ մօտեցաւ ինձ՝ երեկոյեան զոհաբերութեան ժամին, 22խելամուտ դարձրեց ինձ, խօսեց ինձ հետ եւ ասաց. “Դանիէ՛լ, այժմ եկայ խելք սովորեցնելու քեզ։ 23Քո աղօթքի սկզբից մի պատգամ տրուեց, եւ ես եկայ այն յայտնելու քեզ, քանի որ դու սիրելի մարդ ես։ Արդ, մտածի՛ր այդ խօսքի մասին եւ մի՛տքդ պահիր տեսիլքը։ 24Մէկ եօթանասունեօթնեակ է սահմանուած քո ժողովրդի եւ սուրբ քաղաքի վրայ, որպէսզի վերջ գտնեն մեղքերը, աւարտուեն անօրէնութիւնները, ջնջուեն անիրաւութիւնները, ներուեն ամբարշտութիւնները, եւ գայ յաւիտենական արդարութիւնը, որպէսզի իրականանայ տեսիլքն ու մարգարէութիւնը, օծուի Սրբութիւն սրբոցը, 25եւ դու իմանաս ու խելամուտ լինես պատասխան տալու սկզբից ասուած խօսքերին։ Երուսաղէմի շինուելուց մինչեւ առաջին օծումը կայ եօթը եօթնեակ եւ վաթսուներկու եօթնեակ, որպէսզի վերաշինուեն հրապարակներն ու պարիսպները եւ նորոգուեն ժամանակները։ 26Վաթսուներկու եօթնեակից յետոյ կը վերանայ օծումը, արդարութիւն չի լինի նրա մէջ, եւ քաղաքն ու սրբարանը կ’ապականուեն այն առաջնորդով հանդերձ, որ պիտի գայ, եւ դրանք պիտի ջնջուեն հեղեղով. մինչեւ պատերազմի վախճանը նա պիտի հաստատի ապականութիւնը եւ զօրացնի շատերի ուխտը։
27Մէկ եւ կէս եօթնեակում պիտի դադարեցնի սեղաններն ու զոհաբերութիւնները. ապականութիւնը պիտի հասցնի մինչեւ վերջին ծայրը, մինչեւ որ վախճան եւ տագնապ բերի այդ ապականութեան եւ զօրացնի շատերի ուխտը։ Մէկ եւ կէս եօթնեակում պիտի վերանան զոհերն ու ընծաները, աւերածութեան պղծութիւնը պիտի մնայ տաճարի վրայ, ու մինչեւ ժամանակի վախճանը վերջ պիտի տրուի աւերուածին”»։