Երկրորդ Օրինաց
17
1«Եթէ արջառը կամ ոչխարը որեւէ արատ կամ թերութիւն ունենայ, ապա դա մի՛ զոհիր քո Տէր Աստծու համար, որովհետեւ դա պիղծ է քո Տէր Աստծու առջեւ։
2Եթէ քո միջավայրում, քո Տէր Աստծու քեզ տուած քաղաքներից մէկում գտնուի մի տղամարդ կամ կին, որ քո Տէր Աստծու առջեւ չար գործ անի, դրժի նրա ուխտը, 3գնայ, պաշտի օտար աստուածներ, երկրպագի նրանց, արեգակին կամ լուսնին կամ երկնքի զարդերից որեւէ մէկին, որոնք ես չեմ արտօնել ու յանձնարարել քեզ, 4ապա խստօրէն հարցուփորձ կ’անես։ Եթէ իրօք այդպիսի բան եղել է՝ պղծութիւնը կատարուել է Իսրայէլի մէջ, 5ապա այդ չար բանը կատարած տղամարդուն կամ կնոջը կը բերես ձեր քաղաքի դռների մօտ, եւ քարկոծելով կը սպանէք նրանց։ 6Երկու կամ երեք մարդկանց վկայութեամբ պէտք է մեռնի մահուան դատապարտուածը. մէկ մարդու վկայութեամբ չի կարելի նրան մահուան դատապարտել։ 7Նախ վկաները թող քար նետեն նրա վրայ՝ սպանելու նրան, ապա՝ ամբողջ ժողովուրդը։ Դրանով դու չարը ձեր միջից վերացրած կը լինես։
8Եթէ քո քաղաքներում արիւնահեղութեան, դատարանի վճռի, կռուի, հակառակութեան վերաբերեալ դատական մի գործում կողմնորոշուել չկարողանաս, ապա վե՛ր կաց ու գնա՛ այն վայրը, որ կ’ընտրի քո Տէր Աստուածը, որտեղ նա կը յայտնի իր անունը։ 9Կը գնաս ղեւտացի քահանաների եւ այդ օրուայ դատաւորի մօտ, եւ նրանք գործը քննելով՝ քեզ կը յայտնեն վճիռը։ 10Այդտեղ՝ քո Տէր Աստծու ընտրած վայրում, կ’արձակես այն վճիռը, որ կը յայտնեն քեզ։ Խստօրէն հետեւի՛ր, որ կատարես ճիշտ այնպէս, ինչպէս կարգադրել են քեզ։ 11Կը կիրառես այն օրէնքները եւ կ’արձակես այն վճիռները, որ նրանք կը հաղորդեն քեզ։ Նրանց ասածից ո՛չ աջ կը շեղուես, ո՛չ ձախ։ 12Այն մարդը, որ գոռոզամտութեան պատճառով կը գործի առանց լսելու քո Տէր Աստծուն ծառայող քահանայի կամ այդ օրուայ դատաւորի ասածը, մահապատժի կ’ենթարկուի։ Դրանով դու չարը վերացրած կը լինես Իսրայէլի միջից, 13եւ ամբողջ ժողովուրդն այդ լսելով՝ կը վախենայ ու այլեւս չի գոռոզամտանայ»։
ՕՐԷՆՔՆԵՐ ԹԱԳԱՒՈՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
14«Եթէ մտնես այն երկիրը, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ, ժառանգես այն ու բնակուես նրա մէջ եւ ասես՝ “Մենք էլ առաջնորդ ունենանք մեր շուրջը գտնուող միւս ազգերի նման”, 15ապա առաջնորդ կը նշանակես նրան, որին կ’ընտրի քո Տէր Աստուածը։ Քո իսրայէլացի եղբայրների՛ց քեզ իշխան կը նշանակես։ Չհամարձակուես նշանակել օտար մի մարդու, որ քո եղբայրը չէ, 16որպէսզի նա չբազմացնի իր երիվարները եւ ժողովրդին դէպի Եգիպտոս չվերադարձնի, որովհետեւ Տէրն ասել է, թէ՝ “Այլեւս նոյն ճանապարհով յետ չէք դառնալու”։ 17Եւ թող նա չբազմացնի իր կանանց թիւը, չգայթակղուի եւ շատ արծաթ ու ոսկի չկուտակի։ 18Երբ նա իր իշխանութեան գլուխ անցնի, նրա համար կը գրես այս երկրորդ օրէնքը այն մատեանում, որի բնօրինակը ղեւտացի քահանաների մօտ է։ 19Այդ պատճէնը պէտք է մնայ իշխանի մօտ, եւ նա իր կեանքի բոլոր օրերին դրանք պէտք է կարդայ, որպէսզի սովորի երկնչել քո Տէր Աստծուց, պահի այս բոլոր պատուիրանները եւ կիրառի այս օրէնքները 20նրա համար, որ չմեծամտանայ իր ցեղակիցների մօտ, պատուիրաններից աջ կամ ձախ չշեղուի, որպէսզի իր ու իր որդիների իշխանութիւնը իսրայէլացիների վրայ երկար տեւի»։
Էջմիածին · HYEJB1994