Երկրորդ Օրինաց

19

ԱՊԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐ

1«Երբ քո Տէր Աստուածը կոտորի այն ազգերին, որոնց երկիրը քո Տէր Աստուածը տալու է քեզ, երբ ժառանգես այն եւ բնակուես նրանց քաղաքներում ու տներում, 2այն ժամանակ քո Տէր Աստծու քեզ տուած երկրի մէջ երեք կ’առանձնացնես։ 3Նկատի առնելով ճանապարհները, երեքի կը բաժանես քո Տէր Աստծու քեզ բաժին տուած երկիրը, որպէսզի այդ քաղաքները ապաստան լինեն մարդասպանութիւն կատարած բոլոր մարդկանց համար։

4Այդ քաղաքները փախչելով՝ այդտեղ ապաստան թող գտնի այն մարդասպանը, որ նախապէս թշնամութիւն չի ունեցել իր այդ մերձաւորի նկատմամբ եւ նրան սպանել է ակամայ. 5ինչպէս, օրինակ՝ նա, ով իր մերձաւորի հետ մայրու անտառ է մտնում ծառ կտրելու, կացնով փայտ կտրելու համար բարձրացնում է իր ձեռքը, եւ կացինը կոթից պոկուելով՝ դիպչում է այդ մերձաւորին, ու սա մեռնում է։ Նա թող փախչի, ընկնի այդ քաղաքներից մէկնումէկը եւ փրկուի։ 6Այնպէս չլինի, որ սպանուածի արիւնակից հարազատը, որի սիրտը այրւում է, սպանողին հետապնդի, եթէ անգամ ճանապարհը հեռու է, եւ սպանի նրան։ Նա մահուան դատապարտուելու ենթակայ չէ, որովհետեւ նախապէս նրա նկատմամբ թշնամութիւն չի ունեցել։ 7Դրա համար էլ քեզ պատուիրում եմ ու ասում հետեւեալը. երեք քաղաք կ’առանձնացնես քեզ համար։

8Եթէ քո Տէր Աստուածը ընդարձակի քո սահմանները, ինչպէս Տէրը երդուել է քո հայրերին, եւ Տէրը քեզ տայ քո հայրերին խոստացած ամբողջ երկիրը, 9եթէ լսես ու կատարես այսօր քեզ հաղորդած իմ բոլոր այս պատուիրանները, այն է՝ սիրես քո Տէր Աստծուն, յաւիտեանս ընթանաս նրա ուղիով, ապա այդ երեք քաղաքներին կ’աւելացնես եւս երեք այլ քաղաքներ, 10որպէսզի քո Տէր Աստծու քեզ ժառանգութիւն տուած երկրում անմեղ արիւն չթափուի, ձեր մէջ ոչ ոք արիւնապարտ չլինի։

11Եթէ մէկն ատի իր մերձաւորին եւ նրա դէմ դաւ նիւթի, յարձակուի նրա վրայ, հարուածելով սպանի նրան ու փախչի այդ քաղաքներից մէկնումէկը, 12ապա նրա քաղաքի ծերերը պէտք է մարդ ուղարկեն, վերցնեն նրան այնտեղից ու յանձնեն սպանուածի արեան վրէժը պահանջող հարազատի ձեռքը, որպէսզի նա սպանի նրան։ 13Դու նրան չպէտք է խնայես։ Իսրայէլի միջից կը վերացնես անմեղ արիւնը, որպէսզի լաւ լինի քեզ համար»։

ՀԻՆ ԿԱԼՈՒԱԾՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐ

14«Մի՛ խախտիր քո մերձաւորի այն սահմանները, որ քո հայրերը քեզ ժառանգութիւն են տուել, եւ որը քո Տէր Աստուածը այդ երկրում քեզ է տուել իբրեւ սեփականութիւն»։

ՎԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

15«Որեւէ մէկի անօրէնութիւնները, յանցանքներն ու կատարած մեղքերն ապացուցելու համար մէկ մարդու վկայութիւնը բաւական չէ։ Երկու կամ երեք վկաների բերանով պէտք է հաստատուի ամէն բան։

16Եթէ մի վկայ սուտ վկայութիւն տայ մի մարդու մասին եւ մեղադրի նրան անօրէնութեան մէջ, 17ապա երկուսն էլ, որոնց մէջ հակառակութիւն կայ, պէտք է կանգնեն Տիրոջ առջեւ, քահանաների առջեւ, այդ օրուայ դատաւորների առջեւ, 18եւ դատաւորները պէտք է արդարութեամբ քննեն գործը։ Եթէ հաստատուի, որ վկան սուտ վկայութիւն տալով է մեղադրել իր եղբօրը, 19ապա նրա նկատմամբ կը կիրառէք այն պատիժը, որ նա մտադիր էր հասցնել իր եղբօրը։ Դրանով չարը կը վերացնէք ձեր միջից։ 20Ուրիշներն այդ լսելով՝ կը վախենան եւ այլեւս չեն յանդգնի այդպիսի չար բան անել ձեր մէջ։ 21Նրան մի՛ խնայէք։ Կեանքի դիմաց՝ կեանք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն