Երկրորդ Օրինաց
20
ՕՐԷՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
1«Եթէ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ եւ տեսնես, որ նրանց նժոյգները, հեծեալներն ու ռազմի դաշտ եկած ժողովուրդը թուով քեզանից շատ են, մի՛ վախեցիր նրանցից, որովհետեւ Եգիպտացիների երկրից քեզ դուրս բերած քո Տէր Աստուածը քեզ հետ է։ 2Երբ հասնի պատերազմելու ժամը, քահանան մօտ գալով՝ թող խօսի ժողովրդի հետ 3եւ ասի նրանց. “Լսեցէ՛ք, իսրայէլացինե՜ր, ահաւասիկ դուք այսօր պատերազմի էք ելնում ձեր թշնամիների դէմ։ Ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցէք, մի՛ զարհուրէք ու նրանցից խոյս մի՛ տուէք, 4որովհետեւ մեր Տէր Աստուածը ձեզ հետ գնում է ձեր առջեւից, որպէսզի ձեզ հետ պատերազմելով ձեր թշնամիների դէմ՝ փրկի ձեզ”։ 5Զօրահաւաք կազմակերպած սպաները թող խօսեն ժողովրդի հետ եւ ասեն. “Այն մարդը, որը նոր տուն է կառուցել, բայց բնակարանամուտ չի արել, թող վերադառնայ իր տունը. չլինի թէ պատերազմի ժամանակ նա սպանուի, եւ նրա փոխարէն մի ուրիշ մարդ բնակարանամուտ անի։ 6Այն մարդը, որն այգի է տնկել, բայց դեռ դրա բերքը չի վայելել, թող գնայ ու վերադառնայ իր տունը. չլինի թէ պատերազմի ժամանակ սպանուի, եւ նրա փոխարէն մի ուրիշ մարդ դրա բերքը վայելի։ 7Այն մարդը, որը մի աղջկայ հետ նշանուել է, բայց նրա հետ դեռ չի ամուսնացել, թող գնայ ու վերադառնայ իր տունը. չլինի թէ պատերազմի ժամանակ սպանուի, եւ նրա փոխարէն մի ուրիշ մարդ ամուսնանայ իր նշանածի հետ”։ 8Սպաները դարձեալ թող խօսեն ժողովրդի հետ եւ ասեն. “Այն մարդը, որ վախենում է, թուլասիրտ է, թող գնայ ու վերադառնայ իր տունը, որպէսզի իր եղբօրն էլ իր նման վախկոտ չդարձնի”։ 9Երբ սպաները վերջացնեն ժողովրդի հետ խօսելը, զօրքի հրամանատարներ թող նշանակուեն բանակն առաջնորդնելու համար։
10Եթէ մօտենաս մի քաղաքի, նախ նրա բնակիչներին խաղաղութեան կոչ կ’անես։ 11Եթէ խաղաղութիւնն ընդունեն եւ քո առջեւ բաց անեն դարպասները, ապա այդ քաղաքի մէջ գտնուող ամբողջ ժողովուրդը հարկատու եւ հնազանդ թող լինի քեզ։ 12Իսկ եթէ չհնազանդուեն քեզ եւ պատերազմեն քո դէմ, ապա կը պաշարես քաղաքը, 13մինչեւ որ քո Տէր Աստուածը այն մատնի քո ձեռքը. եւ դու սրակոտոր կ’անես նրա բոլոր արական սեռի բնակիչներին, 14կը խնայես կանանց, ապրանքներն ու բոլոր անասունները։ Քաղաքում գտնուող ամէն ինչ ու մնացած մարդկանց աւար կը վերցնես եւ կը սեփականացնես քո Տէր Աստծու՝ քեզ յանձնած թշնամիներիդ ամբողջ աւարը։ 15Նոյն կերպ կը վարուես քեզանից շատ հեռու գտնուող բոլոր քաղաքների հետ, որոնք այդ ազգերի քաղաքներից չեն։
16Քո Տէր Աստծու քեզ իբրեւ սեփականութիւն տուած երկրի քաղաքների բնակիչներից ոչ մէկին կենդանի չթողնէք, 17ամբողջապէս ոչնչացրէ՛ք նրանց՝ քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խեւացիներին, յեբուսացիներին եւ գերգեսացիներին, ինչպէս պատուիրել է քո Տէր Աստուածը, 18որպէսզի սրանք ձեզ չսովորեցնեն անել իրենց այն բոլոր գարշելի բաները, որ նրանք անում են իրենց չաստուածների համար։ Դրանով դուք մեղանչած կը լինէք ձեր Տէր Աստծու առջեւ։
19Եթէ նստել պաշարել ես մի քաղաք, եւ այն գրաւելու համար պէտք լինի երկար ժամանակ պատերազմել նրա դէմ, ապա կացնահարելով նրա պտղատու ծառերը չկտրես. դրանց պտղից կե՛ր, բայց մի՛ կտրիր. ծառը միթէ դաշտում գտնուող մա՞րդ է, որ կարողանայ քեզանից հեռանալով՝ պաշարուածներին միանալ։ 20Կտրի՛ր ու կոտորի՛ր այն ծառը, որ գիտես, թէ պտղատու չէ, այն կտրի՛ր ու կտրատի՛ր եւ դրանով քո դէմ պատերազմող քաղաքի շուրջը պատնէշ կառուցի՛ր, մինչեւ որ այդ քաղաքը յանձնուի»։