Երկրորդ Օրինաց

22

ՅԱՐԳԻ՛Ր ՀԱՐԵՒԱՆԻԴ ՈՒՆԵՑՈՒԱԾՔԸ

1«Չլինի թէ ճանապարհի վրայ տեսնես քո իսրայէլացի եղբօր մոլորուած արջառը կամ ոչխարը եւ անտես անես դրանք. անպատճառ պէտք է վերադարձնես դրանք ու բերես քո եղբօր մօտ։ 2Եթէ քո եղբայրը քեզ մօտիկ վայրում չի ապրում կամ դու չես ճանաչում նրան, ապա դրանք կը բերես քո տունը. դրանք թող մնան քեզ մօտ, մինչեւ որ քո եղբայրը փնտռի դրանք, ու դու վերադարձնես նրան։ 3Նոյն կերպ կը վարուես նրա էշի հետ, նոյն կերպ կը վարուես նրա զգեստների հետ, նոյն կերպ կը վարուես քո եղբօր կորցրած բոլոր իրերի հետ։ Եթէ նա ինչ-որ բան կորցնի, ու դու գտնես, չյանդգնես անուշադրութեան մատնել այն։

4Երբ կը տեսնես, որ եղբօրդ էշը կամ եզը ընկած է ճանապարհի վրայ, ապա դրանց կողքով անտարբեր չանցնես, այլ տիրոջն օգնելով՝ ոտքի կը կանգնեցնես դրանց։

5Կինը տղամարդու զգեստ չպէտք է հագնի, իսկ տղամարդն էլ կանացի զգեստ չպէտք է հագնի, որովհետեւ քո Տէր Աստծու առջեւ պիղծ է նա, ով անում է այդ բանը։

6Եթէ քո ճանապարհին, քո առջեւ, ծառի թէ գետնի վրայ թռչունի ձագերի կամ ձուերի բոյն պատահի, եւ մայրը թուխս նստած տաքացնելիս լինի ձագերին կամ ձուերը, ապա մօրը չվերցնես ձագերի հետ. 7ազատ կ’արձակես մօրը, իսկ ձագերին կը վերցնես քեզ, որպէսզի բարիք գործած լինես եւ երկրի վրայ երկարակեաց լինես։

8Նոր կառուցելիս բազրիք կը շինես տանիքի շուրջը, որպէսզի, եթէ մէկն այնտեղից ընկնի, դու քո տան մէջ սպանութիւն գործած չլինես։

9Այգուդ մէջ տարբեր սերմեր չցանես, որպէսզի այգու բերքն ու քո ցանած սերմի բերքը իրար հետ հաւասարապէս չապականուեն։

10Վար անելիս էշն ու եզը միասին չլծես։

11Տարբեր նիւթերից՝ բրդից ու վուշից գործուած չհագնես։

12Ինչ էլ որ հագնես, քո հագած զգեստի չորս կողմերի վրայ մանուածոյ ծոպեր կը դնես»։

ՕՐԷՆՔՆԵՐ ՍԵՌԱՅԻՆ ԿԵԱՆՔԻ ՄԱՍԻՆ

13«Եթէ մէկը առնի՝ ամուսնանայ նրա հետ, բայց ատի նրան, 14նրան բամբասելով մեղքեր բարդի նրա վրայ, նրա անունը վարկաբեկելով ասի՝ “Այս կնոջ հետ ամուսնացայ, բայց երբ մերձեցայ, նրան կոյս չգտայ”, 15ապա աղջկայ հայրն ու մայրը իրենց դստերն առնելով՝ աղջկայ կուսութեան նշանը թող ցուցադրեն դռան մօտ, ծերերի առջեւ։ 16Աղջկայ հայրը թող ասի ծերերին. “Իմ այս աղջկան կնութեան տուեցի այս մարդուն։ 17Սա նրան ատելով՝ բամբասում է ու զրպարտում, թէ՝ ‘Քո աղջկան կոյս չգտայ’։ Ահա իմ աղջկայ կուսութեան նշանները”։ Այն ժամանակ այդ քաղաքի ծերերի առջեւ թող բացեն լաթը։ 18Այդ քաղաքի ծերերը թող կանչեն ու յանդիմանեն այդ մարդուն։ 19Նրանից թող գանձեն հարիւր , յանձնեն հօրը այն բանի դիմաց, որ նա վարկաբեկել է իսրայէլացի կոյսի անունը։ Նա թող մնայ նրա կինը, եւ տղամարդը երբեք չհամարձակուի լքել նրան։ 20Իսկ եթէ ճիշտ լինի նրա ասածը՝ աղջկայ կուսութեան ապացոյց չգտնեն, 21ապա աղջկան թող բերեն իր հօր դուռը, եւ քաղաքի բնակիչները քարկոծելով թող սպանեն նրան, որովհետեւ իսրայէլացիների մէջ անպատիւ գործ է արել՝ պոռնկացել է իր հօր տանը։ Դրանով դուք ձեր միջից վերացրած կը լինէք չարը։

22Եթէ գտնուի մի տղամարդ, որ շնանում է ամուսնացած կնոջ հետ, կը սպանէք երկուսին էլ՝ կնոջ հետ շնացող տղամարդուն ու այդ կնոջը. դրանով Իսրայէլի միջից դուք վերացրած կը լինէք չարը։

23Եթէ քաղաքում մի տղամարդ հանդիպի մարդու հետ նշանուած կոյս աղջկայ եւ պառկի նրա հետ, 24ապա երկուսին էլ կը բերէք իրենց քաղաքի դարպասների մօտ եւ քարկոծելով կը սպանէք նրանց. աղջկան կը սպանէք այն բանի համար, որ, դէպքը քաղաքում լինելով, օգնութեան չի կանչել, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ բռնաբարել է իր մերձաւորի նշանածին։ Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից։

25Եթէ տղամարդը դաշտում հանդիպի նշանուած մի աղջկայ եւ բռնութեամբ պառկի նրա հետ, ապա կը սպանէք աղջկան բռնաբարած տղամարդուն, 26իսկ աղջկան ոչինչ չէք անի, քանի որ աղջիկը մահուան արժանի բան չի արել. սա նման է այն դէպքին, երբ մէկը յարձակւում է իր մերձաւորի վրայ ու սպանում նրան։ 27Նա դաշտի մէջ է հանդիպել նրան, նշանուած աղջիկը դիմադրել է, եւ ոչ ոք չի եղել, որ օգնէր նրան։

28Եթէ մէկը չնշանուած կոյս աղջկայ հանդիպի ու բռնութեամբ պառկի նրա հետ, 29ապա աղջկան բռնաբարող տղամարդը աղջկայ հօրը պէտք է տայ յիսուն երկդրամեան արծաթ, իսկ աղջիկը պէտք է դառնայ նրա կինը։ Տղամարդը երբեք չպէտք է յանդգնի լքել նրան։

30Ոչ ոք չունի ամուսնանալու իր հօր կնոջ հետ եւ այդպիսով երեւան հանելու իր հօր ամօթոյքը»։

Էջմիածին · HYEJB1994