Երկրորդ Օրինաց
23
ՏԻՐՈՋ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻՋԻՑ ԱՐՏԱՔՍՈՒՄ
1«Ամորձիքը ճզմած կամ կռտած մարդն իրաւունք չունի Աստծու ժողովարանը մտնելու։ 2Պոռնկորդին իրաւունք չունի Տիրոջ ժողովարանը մտնելու։
3Ամոնացին ու մովաբացին իրաւունք չունեն Տիրոջ ժողովարանը մտնելու։ Նրանց մինչեւ տասներորդ սերունդը թող յաւիտեան Տիրոջ ժողովարանը չմտնի, 4որովհետեւ Եգիպտոսից դուրս գալու ճանապարհին նրանք հացով ու ջրով ձեզ ընդառաջ չելան եւ որովհետեւ քո դէմ վարձեցին միջագետքցի Բէորի որդի Բաղաամին, որպէսզի սա անիծի քեզ։ 5Քո Տէր Աստուածը, սակայն, չկամեցաւ լսել Բաղաամին, եւ քո Տէր Աստուածն անէծքը վերածեց օրհնութեան, քանի որ քո Տէր Աստուածը սիրեց քեզ։ 6Քո կեանքի բոլոր օրերին, մինչեւ յաւիտեան նրանց հետ հաշտութեամբ չխօսես։
7Եդոմայեցուց մի՛ խորշիր, որովհետեւ նա քո եղբայրն է։ Եգիպտացուց մի՛ խորշիր, որովհետեւ պանդուխտ էիր նրա երկրում։ 8Նրանց երրորդ սերունդը կարող է մտնել Տիրոջ ժողովարանը»։
ԲԱՆԱԿԱՏԵՂԻՆ ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵԼ
9«Եթէ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ, զգուշացի՛ր ամէն տեսակ չար բաներից։ 10Եթէ ձեր մէջ գտնուի մի մարդ, որն իր երազախաբութեան պատճառով անմաքուր է դարձել, ապա թող բանակատեղիից դուրս ելնի եւ բանակատեղի չմտնի։ 11Երեկոյեան նա իր մարմինը պէտք է լուայ ջրով եւ արեւը մայր մտնելու ժամանակ մտնի բանակատեղի։ 12Բանակատեղիից դուրս առանձնացուած մի տեղ պէտք է ունենաս ու այնտեղ արտաքնոց գնաս։ 13Քո գօտուց կախուած պէտք է ունենաս մի ցից, որպէսզի, երբ արտաքնոց գնաս, դրանով փոս բացես եւ քո աղտեղութիւնն այնտեղ նետելով՝ ծածկես. 14որովհետեւ քո Տէր Աստուածը շրջում է քո բանակատեղիում, որպէսզի փրկի քեզ եւ քո թշնամուն քո ներկայութեամբ մատնի քո ձեռքը։ Դրա համար էլ քո բանակատեղին մաքուր պէտք է մնայ, քո միջավայրում աղտեղութիւն չպէտք է երեւայ, այլապէս Տէրը երես կը թեքի քեզանից»։
ԶԱՆԱԶԱՆ ՕՐԷՆՔՆԵՐ
15«Իր տիրոջից փախչելով քեզ մօտ եկած ստրուկին մի՛ յանձնիր նրա նախկին տիրոջը. 16նա թող բնակուի քեզ հետ ու քեզ հետ տեղաւորուի այնտեղ, ուր նա յարմար է գտնում։ Նրան նեղութիւն մի՛ պատճառէք։
17Իսրայէլի դուստրերի մէջ բոզ չպէտք է լինի, իսկ Իսրայէլի տղաների մէջ՝ իգացող։ Իսրայէլի դուստրերին կռապաշտութեան նուէր չդարձնէք, եւ Իսրայէլի տղաներից որեւէ մէկին չընծայաբերէք։
18Պոռնկի վարձը կամ շնացող տղամարդու գինը որեւէ ուխտ կատարելու համար քո Աստծու տուն չտանես, որովհետեւ քո Տէր Աստծու առջեւ երկուսն էլ պիղծ են։
19Քո եղբօրը վաշխով արծաթ չտաս, կամ շահ ստանալու ակնկալիքով ու տոկոսներով՝ կերակուր։ 20Ամէն ինչ կարող ես փոխ տալ օտարին ու քո եղբօրը, որպէսզի քո Տէր Աստուածը օրհնի քեզ քո բոլոր գործերում այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։
21Եթէ ուխտ ես անում քո Տէր Աստծուն, ապա մի՛ յապաղիր այն կատարել, որովհետեւ քո Տէր Աստուածը պահանջելով պահանջելու է քեզանից, եւ չկատարելու դէպքում մեղք կը բարդես վրադ։ 22Եթէ չես ցանկանում ուխտել, ապա դա մեղք չի համարուի քեզ։ 23Ինչ որ դուրս է գալիս քո շրթունքներից, զգո՛յշ եղիր, որ անես այնպէս, ինչպէս որ ուխտել ես քո Տէր Աստծուն։ Տո՛ւր այն նուէրը, որ խոստացել ես քո բերանով։
24Եթէ մտնես քո մերձաւորի արտը, ապա հասկը կարող ես քաղել ձեռքով, բայց քո մերձաւորի արտում մանգաղ չգործածես։ 25Եթէ մտնես քո մերձաւորի այգին, ապա խաղող կարող ես ուտել մինչեւ յագենալդ, բայց ամանի մէջ լցնելով չտանես»։