Երկրորդ Օրինաց
25
ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ԱՆԵԼՈՒ ԿԵՐՊԸ
1«Եթէ վէճ լինի մարդկանց միջեւ, ապա թող դատարան ներկայանան, ու դատ թող լինի։ Թող արդարացնեն արդարին, իսկ մեղաւորին թող պատժեն։ 2Եթէ մեղաւորը գանահարութեան է արժանի, ապա նրան թող պառկեցնեն դատաւորների առջեւ եւ նրանց առջեւ նրան թող գանահարեն ըստ նրա մեղաւորութեան՝ 3քառասուն հարուած, բայց ոչ աւելի։ Իսկ եթէ նրան դրանից աւելի գանահարեն, ապա դա քո առջեւ կատարուած անարգանք կը լինի քո եղբօր հանդէպ։
4Կալում աշխատող եզան դունչը չկապես»։
ԱՆԺԱՌԱՆԳ ԱՅՐԻՆ
5«Եթէ եղբայրներն ապրում են միասին, եւ նրանցից մէկը առանց զաւակ ունենալու մեռնի, ապա մեռած եղբօր կինը օտարի հետ թող չամուսնանայ։ Նրա ծոցը թող մտնի իր ամուսնու եղբայրը, սա թող կին առնի նրան ու ապրի այդ կնոջ հետ։ 6Սրանցից ծնուած երեխան թող գրանցուի մահացած եղբօր անունով, որպէսզի նրա անունը Իսրայէլից չջնջուի։ 7Իսկ եթէ եղբայրը չցանկանայ ամուսնանալ իր մահացած եղբօր կնոջ հետ, ապա կինը թող դուրս գայ քաղաքի դարպասի մօտ, ծերերի առջեւ եւ ասի. “Իմ ամուսնու եղբայրը չի ուզում Իսրայէլի մէջ պահպանել իր եղբօր անունը։ 8Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբօրը, խօսեն նրա հետ։ Եթէ նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում ամուսնանալ նրա հետ”, 9ապա նրա եղբօր կինը մօտենալով ծերերին՝ նրա ոտքից թող հանի մի կօշիկը, թքի նրա երեսին եւ պատասխան տալով՝ ասի. “Այսպէս են վարւում այն մարդու հետ, որը վառ չի պահում իր եղբօր տունը”։ 10Նրա անունն Իսրայէլի մէջ թող կոչուի ‘ բոբկացած մարդու տուն’»։
ՈՒՐԻՇ ՕՐԷՆՔՆԵՐ
11«Եթէ երկու մարդ՝ երկու ազգակից իսրայէլացի եղբայրներ կռուեն միմեանց հետ, եւ նրանցից մէկի կինը իր ամուսնուն ազատելու նպատակով մօտենայ իր ամուսնու հետ կռուողին եւ ձեռքը մեկնելով՝ բռնի նրա ամորձիքներից, 12ապա առանց խղճալու պէտք է կտրես նրա ձեռքը։
13Տոպրակիդ մէջ նոյն չափի՝ ծանր ու թեթեւ կշռաքարեր թող չլինեն։ 14Քո տանը նոյն չափսը երկար ու կարճ թող չլինի։ 15Ճշգրիտ ու արդար կշռաքարեր պէտք է ունենաս, ճշգրիտ ու արդար չափ ունենաս, որպէսզի երկար ապրես այն երկրում, որ քո Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն է տալու քեզ, 16որովհետեւ քո Տէր Աստծու համար պիղծ է նա, ով վարւում է այդ կերպ, ով անարդարութիւն է գործում»։
ԱՄԱՂԷԿԱՑԻՆԵՐԸ՝ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ
17«Յիշի՛ր, թէ ինչ արեց քեզ Ամաղէկը, երբ Եգիպտոսից դուրս գալու համար ճանապարհ էիր ընկել, 18թէ ինչպէս ճանապարհին ելաւ քո դէմ, կոտորեց քո բանակի վերջապահներին ու յոգնելու պատճառով յետ ընկածներին, երբ դու քաղցած ու յոգնած էիր՝ չվախենալով Աստծուց։ 19Եւ երբ քո Տէր Աստուածը քեզ ազատի քո շրջապատում գտնուող քո բոլոր թշնամիներից այն երկրում, որ քո Տէր Աստուածը վիճակով քեզ է տալու իբրեւ ժառանգութիւն, Ամաղէկի անունը կը ջնջես երկրի երեսից։ Տե՛ս, որ չմոռանաս սա»։