Երկրորդ Օրինաց

27

ՔԱՐԵՐԻ ՎՐԱՅ ԳՐՈՒԱԾ ԱՍՏԾՈՒ ՕՐԷՆՔՆԵՐԸ

1Մովսէսն ու Իսրայէլի ծերերը պատուիրեցին ու ասացին. «Պահեցէ՛ք բոլոր այն պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ։ 2Երբ անցնէք Յորդանան գետով այն երկիրը, որ ձեր Տէր Աստուածը տալու է ձեզ, այնտեղ մեծամեծ քարեր կը կանգնեցնէք ու կը ծեփէք դրանք։ 3Երբ անցնէք Յորդանան գետով ու մտնէք այն երկիրը, որ ձեր հայրերի Տէր Աստուածը տալու է ձեզ, մի , ուր կաթ ու մեղր է հոսում, ինչպէս խոստացել է ձեր հայրերի Տէր Աստուածը, որ տայ ձեզ, ապա քարերի վրայ կը գրէք այս օրէնքի բոլոր պատգամները։ 4Երբ անցնէք Յորդանան գետով, այսօր իմ պատուիրած այդ քարերը կը կանգնեցնէք լերան վրայ եւ դրանք կը ծեփէք։ 5Այնտեղ քո Տէր Աստծու համար քարէ զոհասեղան կը պատրաստես։ Դրան երկաթ չպէտք է դիպչի։ 6Չյղկուած քարերով կը պատրաստես քո Տէր Աստծու զոհասեղանը։ Դրա վրայ քո Տէր Աստծու համար ողջակէզներ կը մատուցես։ 7Այնտեղ քո Տէր Աստծու համար կը մատուցես, կ’ուտես ու կը կշտանաս այնտեղ, կ’ուրախանաս քո Տէր Աստծու առջեւ 8եւ քարերի վրայ խիստ պարզորոշ կը գրես այս բոլոր օրէնքները»։

9Մովսէսը, քահանաներն ու ղեւտացիները խօսելով բոլոր իսրայէլացիների հետ՝ ասացին. «Լո՛ւռ մնա ու լսի՛ր, Իսրայէ՜լ։ Այսօր քո Տէր Աստծու ժողովուրդը դարձար։ 10Լսի՛ր քո Տէր Աստծու ասածը, կատարի՛ր նրա բոլոր պատուիրաններն ու օրէնքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ»։

ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՆԷԾՔՆԵՐ

11Եւ Մովսէսն այդ օրը ժողովրդին պատուիրելով՝ ասաց. 12«Ահա անուններն այն ցեղերի, որոնք ժողովրդին օրհնելու համար Յորդանան գետն անցնելուց յետոյ պիտի կանգնեն լերան վրա. Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար, Յովսէփ եւ Բենիամին։ 13Եւ ահա անուններն այն ցեղերի, որոնք ժողովրդին անիծելու համար պիտի կանգնեն Գեբաղ լերան վրայ. Ռուբէն, Գադ, Ասեր, Զաբուղոն, Դան եւ Նեփթաղիմ։

14Ղեւտացիները պատասխան տալով՝ բարձրաձայն պէտք է ասեն բոլոր իսրայէլացիներին.

15«Անիծեալ լինի այն մարդը, որը կոփածոյ ու ձուլածոյ կը պատրաստի ու այն կը թաքցնի, քանի որ Տիրոջ համար քանդակագործի ձեռքի աշխատանքը պիղծ է»։ Եւ ժողովուրդը պատասխան տալով՝ թող ասի. «Այդպէս թող լինի»։

16«Անիծեալ լինի այն մարդը, որը կ’անարգի իր հօրը կամ իր մօրը»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։

17«Անիծեալ լինի այն մարդը, որը կ’ոտնահարի եկուորի, որբի ու այրու իրաւունքները»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։

18«Անիծեալ լինի այն մարդը, որը կը խախտի իր հարեւանի սահմանները»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։

19«Անիծեալ լինի այն մարդը, որը կը մոլորեցնի կոյրին ճանապարհի վրայ»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։

20Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր հօր կնոջ հետ, քանի որ դրանով բացած կը լինի իր հօր ամօթոյքը»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։

21«Անիծեալ լինի այն մարդը, որը կը կենակցի անասունի հետ»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։

22Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր հօրենական կամ մօրենական կողմից իր քրոջ հետ»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. Այդպէս թող լինի։

24«Անիծեալ լինի այն մարդը, որն իր մերձաւորին կը սպանի նենգութեամբ»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։

25«Անիծեալ լինի այն մարդը, որը կաշառք կը վերցնի անմեղ մարդ սպանելու համար»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։

26«Անիծեալ լինի այն մարդը, որը չի պահում այս օրէնքները եւ դրանք չի կատարում»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։

Էջմիածին · HYEJB1994