Երկրորդ Օրինաց
28
1«Եթէ լսէք մեր Տէր Աստծու ասածները, որ ես այսօր ձեզ եմ պատգամում, այն է՝ հետեւելով նրա պատուիրաններին՝ կատարէք դրանք, ապա ձեր Տէր Աստուածը ձեզ երկրի բոլոր ազգերից աւելի բարձր կը դասի։ 2Այս բոլոր օրհնութիւնները կ’իջնեն քեզ վրայ ու կը գտնեն քեզ, եթէ լսես քո Տէր Աստծու ձայնը։ 3Օրհնեալ կը լինես դու քաղաքում եւ օրհնեալ՝ դաշտում։ 4Օրհնեալ կը լինեն քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրները եւ քո ոչխարների հօտերը։ 5Օրհնեալ կը լինեն քո շտեմարաններն ու քո ամբարները։ 6Օրհնեալ կը լինես դու միշտ՝ ելնես թէ մտնես։ 7Քո Տէր Աստուածը քո առջեւ կը կոտորի քո թշնամիներին ու հակառակորդներին։ Նրանք քո դէմ կ’ելնեն մէկ ճանապարհով, բայց եօթը ճանապարհով կը փախչեն քեզանից։ 8Տէրը օրհնութիւն կ’առաքի քեզ, քո շտեմարաններին ու բոլոր այն գործերին, որոնց կը ձեռնարկես այն երկրում, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ։ 9Եթէ լսես մեր Տէր Աստծու ասածը եւ ընթանաս նրա ճանապարհով, ապա քո Տէր Աստուածը քեզ իր սուրբ ժողովուրդը կը դարձնի, ինչպէս երդուել է քո հայրերին։ 10Եւ երկրի բոլոր ազգերը կը տեսնեն, որ քո վրայ է դրուած Տիրոջ անունը, ու քեզանից կը վախենան։ 11Քո Տէր Աստուածը քեզ կը բազմացնի բարիքներով՝ քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով, քո ոչխարների ծնունդներով այն երկրում, որ քո հայրերի Տէրը երդուել է տալ քեզ երկնքի ու երկրի ստեղծուելու օրից ի վեր։ 12Տէրը քեզ համար կը բացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպէսզի ժամանակին անձրեւ տայ քո երկրին, կ’օրհնի քո ձեռնարկած բոլոր գործերը, փող փոխ կը տաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի։ 13Եթէ լսես քո Տէր Աստծու պատուիրանները, որ պահելու եւ կատարելու համար հաղորդում եմ քեզ այսօր, ապա բազում ազգերի վրայ կ’իշխես, բայց քեզ վրայ չեն իշխի։ Քո Տէր Աստուածը քեզ կը դարձնի գլուխ, բայց ոչ պոչ, բարձր կը լինես եւ ոչ թէ՝ ցած։ 14Դու չպիտի խախտես այն խօսքերը, որ ես պատգամում եմ քեզ այսօր, չպիտի շեղուես ո՛չ աջ եւ ո՛չ ձախ, որ չգնաս օտար աստուածների յետեւից եւ չպաշտես դրանք»։
ԱՆԷԾՔՆԵՐԸ
()
15«Իսկ եթէ չլսես քո Տէր Աստծու ասածը՝ չպահես ու չկատարես նրա բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անէծքները կը թափուեն քո գլխին, կը հասնեն քեզ։ 16Անիծեալ կը լինես դու քաղաքում եւ անիծեալ՝ դաշտում։ 17Անիծեալ կը լինեն քո շտեմարաններն ու քո ամբարները։ 18Անիծեալ՝ քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրներն ու ոչխարների հօտերը։ 19Անիծեալ կը լինես դու միշտ՝ մտնելիս թէ ելնելիս։ 20Տէրը քեզ աղքատ ու կարիքաւոր կը դարձնի եւ ձեռնարկած ու ձեռնարկելիք բոլոր գործերդ անյաջողութեան կը մատնի, մինչեւ որ կոտորի քեզ Տէրը, մինչեւ որ քեզ ոչնչացնի իսկոյն քո չար ընթացքի համար, քանի որ դու ինձ լքեցիր։ 21Տէրը մահ կը սփռի քեզ վրայ, մինչեւ որ սպանի ու վերացնի քեզ այն երկրից, ուր մտնելու ես այն ժառանգելու համար։ 22Տէրը քեզ կը տանջի տարակուսանքներով, տենդով եւ սարսուռով, շլութեամբ ու երկիւղով, խորշակով ու դժգունութեամբ, եւ սրանք քեզ կը հետապնդեն, մինչեւ որ քեզ կորստեան մատնեն։ 23Քո գլխի վրայ երկինքը պղնձից կը լինի, իսկ քո տակի երկիրը՝ երկաթից։ 24Տէրը քո արտին անձրեւի փոխարէն փոշի կը թափի, երկնքից քեզ վրայ հող կը թափի, մինչեւ որ քեզ սպանի ու կորստեան մատնի։ 25Տէրը թշնամիներիդ առջեւ քեզ պարտութեան կը մատնի. դու նրանց դէմ մէկ ճանապարհով կ’ելնես, բայց եօթը ճանապարհով կը փախչես նրանցից։ Ցրիւ կը գաս երկրի բոլոր թագաւորութիւնների մէջ։ 26Ձեր դիակները երկնքի թռչունների ու երկրի գազանների կեր կը դառնան, եւ ոչ ոք չի լինի, որ քշի դրանց։ 27Տէրը քեզ կը հիւանդացնի եգիպտացիների խոցով ու թութքով, սուր քոսով ու բորոտութեամբ, որպէսզի չկարողանաս բուժուել։ 28Տէրը քեզ կը հիւանդացնի մտագարութեամբ, կուրութեամբ ու ցնորամտութեամբ։ 29Օրը ցերեկով կը խարխափես այնպէս, ինչպէս կոյրն է խարխափում խաւարի մէջ, եւ քո ուղիղ ճանապարհը չես գտնի։ Այդ ժամանակ յաւիտենապէս զրկուած ու կողոպտուած կը լինես, եւ ոչ ոք օգնութեան չի գայ քեզ։ 30Կին կ’առնես, բայց մի ուրիշ տղամարդ նրան կը խլի քեզանից։ Տուն կը շինես, բայց ինքդ չես բնակուի նրա մէջ։ Այգի կը տնկես, բայց ինքդ չես քաղի բերքը։ 31Քո արջառը կը մորթուի քո առջեւ, բայց դու չես ուտի դրանից։ Քո էշը կը գողանան քեզանից, բայց դու այն յետ չես դարձնի քեզ մօտ։ Քո ոչխարը կը մատնուի քո թշնամու ձեռքը, եւ ոչ ոք չի լինի, որ օգնի քեզ։ 32Քո տղաներն ու աղջիկները օտար ազգի ձեռքը կը մատնուեն, եւ դու տկարացած կկոցած աչքերով կը նայես նրանց, եւ քո ձեռքը չի հասնի նրանց։ 33Քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը կ’ուտի քեզ անծանօթ մի ազգ, եւ դու մշտապէս զրկուած ու խորտակուած կը մնաս։ 34Քո տեսած արհաւիրքներից կը ցնորուես։ 35Տէրը ծնկներդ ու սրունքներդ, ոտքերիդ ծայրից մինչեւ գլուխդ անբուժելի խոցերով կը վարակի, եւ դու չես կարողանայ բուժուել։ 36Տէրը քեզ եւ քո ժողովրդի վրայ նշանակուած իշխաններին կը տանի կը յանձնի այնպիսի մի ազգի ձեռքը, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն են ճանաչել, եւ այնտեղ կը պաշտես օտար՝ փայտէ ու քարէ աստուածներ։ 37Զուարճաբանութեան, առակի եւ ծաղրուծանակի նիւթ կը դառնաս բոլոր այն ազգերի մէջ, որոնց կը յանձնի քեզ Տէրը։ 38Շատ սերմ կը ցանես արտում, բայց քիչ բերք կը հաւաքես, որովհետեւ մորեխը պիտի ուտի այն։ 39Այգիներ կը տնկես ու կը մշակես, բայց գինի չես խմի, ուրախութիւն չես ունենայ դրանից, որովհետեւ որդը կերած կը լինի այգիդ։ 40Քո բոլոր սահմաններին ձիթենիներ կը լինեն, բայց իւղով չես օծուի, որովհետեւ քո ձիթենիներն իրենց բերքը թափած կը լինեն։ 41Տղաներ ու աղջիկներ կը ծնես, բայց նրանք քոնը չեն լինի, որովհետեւ գերութեան մատնուած կը լինեն։ 42Քո բոլոր տնկած ծառերն ու հողի բերքը թրթուրը կ’ուտի։ 43Քեզ մօտ բնակուող եկուորը քեզանից աւելի կը բարձրանայ, իսկ դու գնալով կ’իջնես։ 44Նա քեզ փող փոխ կը տայ, իսկ դու չես կարողանայ նրան փոխ տալ։ Նա գլուխ կը լինի, իսկ դու՝ պոչ։ 45Քեզ վրայ կ’իջնեն այս անէծքները, կը հալածեն քեզ, մինչեւ որ կոտորեն, ոչնչացնեն քեզ, քանի որ չլսեցիր քո Տէր Աստծու ասածը՝ չպահեցիր նրա այն պատուիրաններն ու օրէնքները, որ նա պատուիրեց քեզ։ 46Քեզ ու քո սերնդի վրայ յաւիտեան նշաններ ու զարմանահրաշ գործեր կը լինեն 47ի դիմաց այն բանի, որ քո Տէր Աստծուն ուրախութեամբ ու անկեղծ սրտով չպաշտեցիր, հակառակ ամէն ինչի շատութեան։ 48Դրա համար էլ ամէն տեսակ սովի, ծարաւի, մերկութեան ու աղքատութեան մէջ կը ծառայես քո թշնամիներին, որ Տէրը կ’ուղարկի քո դէմ։ Նա երկաթէ լուծ կը դնի քո վզին, մինչեւ որ ոչնչացնի քեզ։ 49Ինչպէս արծիւն է խոյանում, այնպէս էլ հեռու վայրերից՝ երկրի չորս ծագերից Աստուած քո դէմ կը հանի մի ազգ, որի լեզուն չես հասկանայ։ 50Այդ ազգը կը լինի դէմքով լպիրշ, ծերերին չի խնայի, մանուկներին չի խղճայ։ 51Նա կ’ուտի քո հօտերից ծնուած անասուններին եւ քո երկրի բերքը։ Նա կը խլի քո ցորենը, գինին, իւղը, կը վերցնի քո արջառների նախիրներն ու ոչխարների հօտերը, մինչեւ որ կորստեան մատնի քեզ։ 52Քեզ կը ճնշի քո բոլոր քաղաքներում, մինչեւ որ տապալուեն քո բարձր պարիսպներն ու ամրութիւնները, որոնց վրայ յոյս ես դրել քո ամբողջ երկրում։ Քեզ կը ճնշի քո բոլոր այն քաղաքներում, որ քո Տէր Աստուածը տուել է քեզ։ 53Քո թշնամու քեզ պատճառած տառապանքի ու նեղութեան ժամանակ կ’ուտես քո որովայնի ծնունդները՝ Տիրոջ քեզ տուած քո տղաների ու աղջիկների միսը։ 54Ձեր մէջ գտնուող ամենափափկակեաց եւ քնքուշ տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբօրը, իր ծոցում պառկող կնոջն ու ողջ թողած իր որդիներին, 55որպէսզի նրանցից ոչ մէկին չտայ իր կերած որդիների մսից։ Այսպէս պիտի վարուի նա, որ քո անձկութեան եւ նեղութեան մէջ, որոնցով պիտի նեղեն քեզ քո թշնամիները քո բոլոր քաղաքներում, նրան ուտելու ոչինչ պիտի չմնայ։ 56Ձեր մէջ գտնուող ամենափափկակեաց եւ քնքուշ կինը, որը քնքուշ ու փափկակեաց լինելու պատճառով փորձ իսկ չի արել երկրի վրայ ոտքով քայլելու, չար աչքով պիտի նայի իր ծոցում գտնուող ամուսնուն, իր տղային ու աղջկան, 57պիտի խորովի եւ ուտի իր միջից ընկած ընկերքն ու իր իսկ ծնած զաւակին։ Զրկուած լինելու պատճառով նա բոլորից կը թաքցնի դա իր անձկութեան եւ նեղութեան մէջ, որովհետեւ թշնամին քո բոլոր քաղաքներում քեզ տառապանք է պատճառելու։
58Եթէ յանձն չառնէք կատարել այս գրքում գրուած օրէնքների բոլոր խօսքերը՝ չվախենաք ձեր Տէր Աստծու պատուական ու սքանչելի անունից, 59ապա Տէրը նոր նշաններով՝ մեծ ու զարմանալի հարուածներով, խոր ու խիստ ցաւերով կը պատուհասի քեզ ու քո սերնդին։ 60Նա քեզ կը հիւանդացնի եգիպտացիների բոլոր վատ հիւանդութիւններով, որոնցից սոսկում էիր, եւ որոնք բուն կը դնեն քո մէջ։ 61Օրէնքների այս գրքում գրուած բոլոր հիւանդութիւններն ու արհաւիրքները Տէրը կը թափի քո գլխին, մինչեւ որ ոչնչացնի քեզ։ 62Թէեւ երկնքի աստղերի չափ շատ էիք, բայց սակաւաթիւ կը մնաք, որովհետեւ չլսեցիք ձեր Տէր Աստծու ասածը։ 63Տէրն ինչպէս որ ուրախանում էր ձեր մէջ ձեզ բարութիւն անելով ու ձեզ բազմացնելով, Տէրը նոյն ձեւով կ’ուրախանայ ձեր մէջ ձեզ կոտորելով. եւ դուք կը վերանաք այն երկրից, ուր մտնելու էք այն ժառանգելու համար։ 64Քո Տէր Աստուածը քեզ կը ցրի բոլոր ազգերի մէջ՝ երկրի մի ծայրից մինչեւ միւս ծայրը, եւ դու այնտեղ կը պաշտես քեզ ու քո հայրերին անծանօթ փայտէ ու քարէ օտար աստուածներ։ 65Այդ ազգերի մէջ էլ հանգստութիւն չի տայ քեզ, եւ քո ոտքերը կանգնելու տեղ չեն ունենայ։ Այնտեղ նա քեզ կը տայ տխուր սիրտ, արտասուաթոր աչքեր ու հիւծուած մարմին։ 66Քո աչքերի առաջ քո կեանքը մազից կախուած կը լինի, գիշեր ու ցերեկ կը զարհուրես ու վստահ չես լինի քո կեանքի համար։ 67Քո սրտի ապրած վախի ու քո աչքերի տեսած դէպքերի պատճառով առաւօտները կ’ասես. “Ե՞րբ է երեկոյ լինելու”, իսկ գիշերները կ’ասես. “Ե՞րբ է առաւօտ լինելու”։ 68Եւ Տէրը այդտեղից նաւերով, հազարաւոր զօրքերով քեզ կը վերադարձնի Եգիպտոս այն նոյն ճանապարհով, որն այլեւս չէիք տեսնելու։ Այնտեղ ձեր թշնամիներին իբրեւ ստրուկ ու աղախին կը վաճառուէք, բայց ոչ ոք ձեզ չի գնի»։