Երկրորդ Օրինաց
29
ՏԻՐՈՋ ՈՒԽՏԸ ԻՍՐԱՅԷԼԻ ՀԵՏ
1Սրանք են ուխտի այն խօսքերը, որ Տէրը պատուիրեց Մովսէսին Մովաբի երկրում հաղորդել իսրայէլացիներին, բացի այն ուխտից, որ հաղորդել էր նրանց Քորէբում։
2Մովսէսը կանչելով բոլոր իսրայէլացիներին՝ ասաց. «Դուք ինքներդ տեսաք այն ամէնը, ինչ ձեր առաջ արեց Տէրը Եգիպտոսում փարաւոնի, նրա ծառաների ու նրա ամբողջ երկրի նկատմամբ՝ 3ամուր ձեռքով ու հզօր բազկով կատարուած այն մեծամեծ փորձանքները, նշաններն ու զարմանահրաշ գործերը, որոնց ականատեսը եղաք դուք։ 4Ձեր Տէր Աստուածը մինչեւ այսօր ձեզ ո՛չ միտք տուեց, որ գիտենաք, ո՛չ աչքեր, որ տեսնէք, ո՛չ ականջ, որ լսէք։ 5Քառասուն տարի նա ձեզ տարաւ անապատով։ Ո՛չ ձեր զգեստները հնացան, ո՛չ ձեր ոտքերի կօշիկները մաշուեցին։ 6Հաց չկերաք եւ գինի ու օղի չխմեցիք, որպէսզի համոզուէիք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, 7եւ եկաք մինչեւ այս վայրը։ Մեր դէմ պատերազմի ելան Եսեբոնի թագաւոր Սեհոնը, Բասանի թագաւոր Օգը։ 8Հարուածեցինք նրանց ու գրաւեցինք նրանց երկիրը։ Ռուբէնի, Գադի ցեղին ու Մանասէի կէս ցեղին իբրեւ սեփականութիւն տուեցի այն։ 9Հետեւեցէ՛ք, որ կատարէք այս ուխտի բոլոր խօսքերը, որպէսզի իմանաք այն ամէնը, ինչ պիտի անէք։
10Ձեր Տէր Աստծու առջեւ այսօր, ահա, կանգնած էք դուք բոլորդ՝ ձեր ցեղապետները, ձեր ծերերը, ձեր դատաւորները, ձեր օրէնսգէտները, Իսրայէլի բոլոր տղամարդիկ, 11ձեր կանայք ու ձեր որդիները, ձեր մէջ բնակուող եկուորը, ձեր փայտահատից մինչեւ ձեր ջրկիրը, 12որպէսզի ձեր Տէր Աստծու ուխտի մէջ մտնէք եւ դա հաստատէք նրա նզովքներով, որ ձեր Տէր Աստուածը ուխտեց ձեզ այսօր, 13որպէսզի ձեզ դարձնի իր ժողովուրդը, եւ Նա լինի ձեզ համար Աստուած, ինչպէս ասել է եւ ինչպէս երդուել է ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին։
14Ես ոչ միայն ձեզ համար եմ անում այս ուխտերն ու այս նզովքները, 15այլեւ նրա՛նց համար, ովքեր այսօր մեզ հետ են՝ մեր Տէր Աստծու առջեւ, նաեւ նրա՛նց համար, ովքեր այսօր մեզ հետ չեն։ 16Դուք ինքներդ էլ գիտէք, թէ ինչպէս ապրեցինք Եգիպտացիների երկրում, թէ ինչպէս անցանք այն ազգերի միջից, որոնց երկրով անցաք դուք։ 17Դուք տեսաք նրանց գարշելի գործերն ու նրանց կուռքերը, նրանց մօտ գտնուող փայտէ, քարէ, արծաթէ ու ոսկէ իրերը։ 18Ձեր մէջ թող չգտնուի տղամարդ կամ կին, ազգ կամ ցեղ, որի միտքը իր Տէր Աստծուց շեղուած լինելով՝ գնայ ու պաշտի այդ ազգերի կուռքերը։ Ձեր մէջ ոչ մէկը բուսած դառն ու դաժան արմատ չլինի։ 19Եթէ լինի մէկը, որ, լսելով այս նզովքի պատգամները, մտածի ու ասի՝ “Թողութիւն թող լինի ինձ, հակառակ որ ես իմ մոլոր ճամփով եմ ընթանում”, այդ դէպքում մեղաւորն անմեղին կորստեան կը մատնի։ 20Աստուած չի ուզենայ ներել նրան, այլ կը բորբոքուեն նրա բարկութիւնն ու նախանձը այդ մարդու վրայ, նրա վրայ կը թափուեն այս օրէնքների գրքում գրուած այս ուխտի բոլոր նզովքները, եւ Տէրը նրա անունը կը ջնջի երկրի վրայից։ 21Ըստ այս օրէնքների գրքում գրուած այս ուխտի բոլոր նզովքների, Տէրը նրան կը մեկուսացնի բոլոր իսրայէլացիներից, որպէսզի չարիք հասցնի նրան։ 22Եւ միւս ազգերը, ձեզանից յետոյ եկող ձեր որդիները, հեռու երկրներից եկած օտարները, տեսնելով այդ երկրում տիրող արհաւիրքները, նրանց վրայ Տիրոջ ուղարկած հիւանդութիւնները, կ’ասեն. 23“Ծծումբ ու այրող աղ կայ այնտեղ։ Ոչ մի բան չի ցանուի նրա հողի մէջ ու չի բուսնի, եւ ոչ մի դալար բոյս չի բարձրանայ այդ հողից։ Երկիրը լինելու է Սոդոմի ու Գոմորի, Ադամայի ու Սեբոյիմի նման, որոնք Տէրը կործանեց սրտմտութեամբ ու բարկութեամբ”։ 24Բոլոր ազգերը կ’ասեն. “Ինչո՞ւ Տէրը այդպիսի պատուհաս բերեց այդ երկրի գլխին, ի՞նչ է նրա խոր զայրոյթի եւ այդ բարկութեան պատճառը”։ 25Պատասխան կը տան ու կ’ասեն. “Որովհետեւ դրժեցին իրենց հայրերի Աստծու ուխտը, որ Տէրը արել էր նրանց հայրերի հետ, երբ նրանց դուրս էր բերում Եգիպտացիների երկրից։ 26Նրանք գնացին պաշտեցին օտար աստուածներ, երկրպագեցին դրանց, որոնց չգիտէին. եւ Աստուած դրանք չէր սահմանել նրանց համար։ 27Տէրը սրտմտութեամբ բարկացաւ այդ երկրի վրայ՝ դրա վրայ թափեց այդ օրէնքների մատեանի մէջ գրուած այս ուխտի բոլոր նզովքները։ 28Տէրը շատ խիստ բարկութեամբ, սրտմտութեամբ ու զայրոյթով նրանց դուրս բերեց իրենց երկրից եւ նրանց մինչեւ այսօր նետել է օտար երկիր”։ 29Գաղտնի բաները մեր Տէր Աստծունն են, իսկ յայտնիները՝ մեզ ու մեր որդիներին յաւիտեան, որպէսզի կատարենք այս օրէնքների բոլոր խօսքերը»։
Էջմիածին · HYEJB1994