Երկրորդ Օրինաց

3

ՕԳԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՆՈՒԱՃՈՒՄԸ

()

1«Այդտեղից վերադառնալով գնացինք տանող ճանապարհով։ Բասանի արքայ Օգը, ինքն ու իր ամբողջ ժողովուրդը Սեդրայինում պատերազմի ելան մեր դէմ։ 2Տէրն ինձ ասաց. “Նրանից մի՛ վախեցիր, որովհետեւ քո ձեռքն եմ մատնելու նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա ամբողջ երկիրը։ Նրա հետ կը վարուես այնպէս, ինչպէս վարուեցիր Եսեբոնում բնակուող ամորհացի արքայ Սեհոնի հետ”։ 3Եւ մեր Տէր Աստուածը Բասանի արքայ Օգին ու նրա ամբողջ ժողովրդին մատնեց մեր ձեռքը։ Մենք կոտորեցինք նրանց այնպէս, որ նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։ 4Այդ ժամանակ մենք նուաճեցինք նրա բոլոր քաղաքները։ չկար, որ նրանից խլած չլինէինք։ Բասանի Օգ թագաւորը Արգոբ գաւառի շրջակայքում ունէր ընդամէնը վաթսուն քաղաք։ 5Բոլոր քաղաքներն ամրացրել էին բարձր պարիսպներով, դարպասներով ու դռնափակերով, բացի փերեզացիների չամրացուած քաղաքներից, որոնք բաւական շատ էին։ 6Նրանց կոտորեցինք այնպէս, ինչպէս Եսեբոնի արքայ Սեհոնին։ Մէկ առ մէկ աւերեցինք բոլոր քաղաքները, կոտորեցինք կանանց ու մանուկներին։ Ոչ մէկը մազապուրծ չեղաւ։ 7Բոլոր անասունները աւար առանք ու քաղաքները կողոպտեցինք։ 8Այդ ժամանակ ամորհացիների երկու թագաւորներից գրաւեցինք Յորդանան գետի այն կողմում գտնուող երկիրը Առնոնից մինչեւ Հերմոն։ 9Փիւնիկեցիները Հերմոնն անուանում էին Սանիոր, իսկ ամորհացիները՝ Սանիր։ 10Միսորի բոլոր քաղաքները, ամբողջ Գաղաադը, ամբողջ Բասանը մինչեւ Եղքա ու Եդրային թագաւորութեան քաղաքներն էին Բասանում։ 11Ռափայինեաններից մնաց միայն Բասանի թագաւոր Օգը։ Նրա մահճակալը, որ երկաթից էր, հիմա գտնւում է Ամոնի յետնորդների ամրոցում։ Հսկաների կանգունով չափած՝ ինը կանգուն էր դրա երկարութիւնը, եւ չորս կանգուն՝ դրա լայնութիւնը»։

ՅՈՐԴԱՆԱՆ ԳԵՏԻ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ԳՏՆՈՒՈՂ ՑԵՂԵՐԸ

()

12«Այդ երկիրն այն ժամանակ ժառանգեցինք Առնոնի ձորի եզերքում գտնուող Արոյերից սկսած։ Գաղաադի ձորի կէսն ու նրա քաղաքները տուեցի Ռուբէնի ու Գադի ցեղերին։ 13Գաղաադի մնացած մասն ու ամբողջ Բասանը՝ Օգի թագաւորութիւնը, նաեւ Արգոբի ամբողջ գաւառն ու ամբողջ Բասանը, որը ռափայինեանների էր համարւում, տուեցի Մանասէի կէս ցեղին։ 14Մանասէի որդի Յայիրը գրաւեց Արգոբի ամբողջ գաւառը մինչեւ Գարգասիի ու Ոմքատիի սահմանները, եւ Բասանն այն իր անունով կոչեց Աւոթիեր, եւ մինչեւ այսօր էլ կոչւում է այդպէս։ 15Ես Մաքիրին տուեցի Գաղաադը, 16իսկ Ռուբէնի ու Գադի ցեղերին տուեցի Գաղաադից մինչեւ Առնոնի ձորն ընկած երկիրը, որի սահմանն անցնում է ձորի միջով եւ հասնում մինչեւ Յաբոկ։ Ձորը ամոնացիների սահմանն է։ 17Արաբան ու Յորդանան գետը նրա սահմանն են Քեներեթից մինչեւ Արաբայի ծովը՝ Աղի ծովը, որը գտնւում է Փասգայից արեւելք՝ Ասեդոթում։

18Այն ժամանակ ես ձեզ պատուիրեցի՝ ասելով. “Մեր Տէր Աստուածը այս երկիրը ձեզ տուեց որպէս ժառանգութիւն։ Ձեզանից ով խիզախ է, թող սպառազինուի ու անցնի իր եղբայրների՝ իսրայէլացիների գլուխը։ 19Իսկ ձեր կանայք, երեխաները եւ անասունները (գիտեմ, որ շատ անասուն ունէք) թող բնակուեն ձեր այն քաղաքներում, որ ես տուել եմ ձեզ, 20մինչեւ որ մեր Տէր Աստուածը տեղաւորի ձեր եղբայրներին, ինչպէս որ ձեզ տեղաւորեց, որպէսզի նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է նրանց Յորդանան գետի այն կողմում։ Այն ժամանակ կը վերադառնաք ժառանգութիւն ստացած ձեր այն երկիրը, որ ես տուել եմ ձեզ”։

21Այն ժամանակ ես Յեսուին պատուիրեցի՝ ասելով. “Ձեր աչքերով իսկ տեսաք այն ամէնը, ինչ Տէր Աստուածն արեց այդ երկու թագաւորներին։ Տէրը նոյն կերպ կը վարուի բոլոր այն թագաւորութիւնների հետ, որոնց վրայ կը յարձակուես դու։ 22Մի՛ վախեցէք, որովհետեւ մեր Տէր Աստուածն ինքն է պատերազմելու ձեր փոխարէն”»։

ՄՈՎՍԷՍԻՆ ՉԻ ԹՈՅԼԱՏՐՒՈՒՄ ՄՏՆԵԼ ՔԱՆԱԱՆ

23«Այդ ժամանակ աղաչեցի Տէր Աստծուն՝ ասելով. 24“Տէ՛ր, Տէ՛ր, դու սկսեցիր քո ծառային ցոյց տալ քո մեծութիւնն ու զօրութիւնը, ամուր ձեռքն ու հզօր բազուկը։ Երկնքում կամ երկրի վրայ գտնուող այդ ո՞ր աստուածն է, որ կարող է անել այն, ինչ դու արեցիր քո զօրութեամբ։ 25Արդ, շնո՛րհ արա, որ անցնեմ, տեսնեմ Յորդանան գետից այն կողմ գտնուող լաւ երկիրը, սքանչելի լեռն ու Անդրլիբանանը”։ 26Տէրը ձեր պատճառով զայրացաւ ու ինձ չլսեց։ Տէրն ինձ ասաց. “Բաւական է, այլեւս ինձ հետ այդ մասին չխօսես։ 27Բարձրացի՛ր լերան գագաթը, աչքերովդ նայի՛ր ծովի, հիւսիսի, հարաւի ու արեւելքի ուղղութեամբ, աչքերովդ տե՛ս, որովհետեւ Յորդանան գետի այն կողմը չես անցնելու դու։ 28Քո պատուէրները տո՛ւր Յեսուին, զօրացրո՛ւ, քաջալերի՛ր նրան, որովհետեւ նա է անցնելու իմ այդ ժողովրդի գլուխը, եւ նա է քո տեսած երկիրն իբրեւ սեփականութիւն յանձնելու նրանց”։ 29Այն ժամանակ մենք հաստատուեցինք հովտում, Փոգորի տան մօտ»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն