Երկրորդ Օրինաց

4

ՄՈՎՍԷՍԸ ՅՈՐԴՈՐՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻՆ ՀՆԱԶԱՆԴՈՒԵԼ

1«Արդ, Իսրայէ՜լ, լսի՛ր այն օրէնքներն ու կանոնները, որ այսօր ուսուցանում եմ քեզ։ Դրանք պէտք է կիրառէք, որպէսզի ապրէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է ձեզ։ 2Ոչ մի բառ չաւելացնէք իմ ասածին ու ոչ մի բառ չկրճատէք դրանից։ Պահպանեցէ՛ք մեր Տէր Աստծու այն պատուիրանները, որ ես պատգամում եմ ձեզ։ 3Դուք ձեր աչքերով տեսաք, թէ Տէրն ինչ արեց Բելփեգորին։ Մեր Տէր Աստուածը ձեր միջից վերացրեց նրանց, ովքեր հետեւում էին Բելփեգորին, 4իսկ դուք, որ յարեցիք ձեր Տէր Աստծուն, բոլորդ էլ կենդանի էք մնացել մինչ այսօր։ 5Տեսէ՛ք, ես ձեզ օրէնք ու սովորեցրի այնպէս, ինչպէս Տէրն ինձ պատուիրել էր, որպէսզի դրանք կիրառուեն այն երկրում, ուր մտնելու էք ու ժառանգելու այն։ 6Պահպանեցէ՛ք ու կիրառեցէ՛ք այդ պատուիրանները, որովհետեւ դրանց մէջ է ձեր իմաստնութիւնն ու խոհեմութիւնը բոլոր ազգերի առաջ, որոնք լսելով այս բոլոր օրէնքները՝ պիտի ասեն. “Ահա՛ւասիկ մի իմաստուն , մի խոհեմ ու մեծ ազգ”։ 7Որովհետեւ այդ ո՞ր մեծ ազգն է, որի Աստուածն իր մօտ, իր մէջ է, ինչպիսին մեր բոլորի Տէր Աստուածն է, որին կարող ենք դիմել։ 8Եւ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունի այնպիսի արդար օրէնքներ ու կանոններ նման այս օրէնքներին, որ ես այսօր հաղորդում եմ ձեզ»։

ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՔՈՐԷԲ ԼԵՐԱՆ ՎՐԱՅ

9«Նայի՛ր ինքդ քեզ եւ եղի՛ր չափազանց զգոյշ. մի՛ մոռացիր այն բոլոր բաները, որ տեսան քո աչքերը. քո կեանքի բոլոր օրերում քո սրտից թող դուրս չգան դրանք։ Դրանք կը հաղորդես քո որդիներին ու որդիների որդիներին։ 10Կը պատմես այն օրուայ մասին, երբ ձեր Տէր Աստծու առջեւ ի մի հաւաքուելու համար կանգնեցիք Քորէբում։ Այդ ժամանակ Տէրն ինձ ասաց. “Քո մարդկանց հաւաքի՛ր ինձ մօտ, որ նրանք լսեն իմ այն պատգամները, որ սովորեցնելու եմ նրանց, որպէսզի, այնքան ժամանակ որ ապրեն նրանք երկրի վրայ, թող երկնչեն ինձանից ու դրանք սովորեցնեն իրենց որդիներին”։ 11Դուք, մօտենալով, կանգնեցիք լերան ստորոտին։ Լեռն այրւում էր, եւ կրակը բարձրանում էր մինչեւ երկինք։ Խաւար, մէգ ու մառախուղ էր... 12Տէրը կրակի միջից խօսեց ձեզ հետ։ Դուք լսեցիք պատգամախօսի ձայնը, բայց նրա կերպարանքը չտեսաք, այլ միայն ձայնը լսեցիք։ 13Նա հաղորդեց իր ուխտը, պատուիրեց, որ կատարէք տասը պատուիրանները, եւ դրանք գրեց քարէ երկու տախտակների վրայ։ 14Այդ ժամանակ նա ինձ պատուիրեց, որ ձեզ ուսուցանեմ օրէնքներն ու կանոնները, եւ դուք դրանք կիրառէք այն երկրում, ուր մտնելու էք ու ժառանգելու էք այն»։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿՌԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԻՑ

15Չափազանց զգո՛յշ եղէք. այն օրը, երբ Տէրը Քորէբ լերան վրայ կրակի միջից խօսում էր ձեզ հետ, դուք նրա կերպարանքը չտեսաք։ 16Անօրէնութիւն մի՛ արէք, կուռքեր չստեղծէք տղամարդու կամ կնոջ կերպարանքով, 17երկրի վրայ գտնուող որեւէ անասունի կերպարանքով, երկնքի տակ թռչող որեւէ թռչունի կերպարանքով, 18երկրի վրայ սողացող որեւէ սողունի կերպարանքով, երկրի տակ՝ ջրերի մէջ գտնուող որեւէ ձկան կերպարանքով, 19կամ դէպի երկինք նայելով. արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով չմոլորուէք, դրանց չերկրպագէք ու դրանք չպաշտէք։ Տէր Աստուածը դրանցից բաժին է հանել երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդներին։ 20 իր հովանաւորութեամբ ձեզ հանեց երկաթէ հնոցից՝ Եգիպտոսից, որպէսզի լինէք իր սեփական ժողովուրդը, ինչ որ է՛ք մինչեւ այսօր։

21Տէրը ձեր ասած խօսքերի համար բարկացաւ ինձ վրայ եւ երդուեց, որ ես չեմ անցնի Յորդանան գետի այն կողմը եւ չեմ մտնի այն երկիրը, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ իբրեւ ժառանգութիւն։ 22Արդ, ես ահա մեռնում եմ այս երկրում՝ առանց անցնելու Յորդանան գետի այն կողմը։ Դուք, սակայն, պիտի անցնէք ու ժառանգէք այդ լաւ երկիրը։ 23Զգո՛յշ եղէք, չլինի թէ մոռանաք մեր Տէր Աստծու ձեզ տուած այն ուխտը, թէ՝ “Որեւէ արարածի կերպարանք ունեցող չստեղծէ՛ք ձեզ համար”։ Դա պատուիրել է քեզ քո Տէր Աստուածը, 24որովհետեւ քո Տէր Աստուածը լափող կրակ է, նախանձոտ Աստուած։

25Եթէ որդիներ, որդիների որդիներ ծնես ու այդ երկրում երկար ժամանակ ապրես եւ անօրինութիւն անես՝ որեւէ արարածի կերպարանքով կուռք ստեղծես, ձեր Տէր Աստծուն բարկացնելու համար չար գործեր կատարես, 26ապա այսօր երդւում եմ ձեզ երկինքն ու երկիրը վկայ, որ կը վերանաք Յորդանան գետի այն կողմում գտնուող երկրից, ուր դուք գնում էք, որպէսզի ժառանգէք այն։ Երկար կեանք չէք ունենայ այդտեղ, անպայման կը կոտորուէք։ 27Տէրը ձեզ կը ցրի բոլոր ազգերի մէջ, սակաւաթիւ կը լինէք այն ազգերի մէջ, ուր Տէրը կը տանի ձեզ։ 28Այնտեղ կը պաշտէք մարդու ձեռքով կերտուած ուրիշ աստուածներ՝ փայտից ու քարից պատրաստուած, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում են եւ ո՛չ էլ հոտառութիւն ունեն։ 29Եթէ այնտեղ նեղութեան մէջ գտնուելով ձեր ամբողջ հոգով ու էութեամբ ցանկանաք փնտռել ու գտնել ձեր Տէր Աստծուն, ապա նրան կը գտնէք։ 30Այս բոլորը իրականութիւն կը դառնայ վերջին օրերին, եւ դու կը դիմես քո Տէր Աստծուն, կը լսես նրա ձայնը, 31որովհետեւ Աստուած ողորմած է. նա քեզ չի լքի ու քեզ չի կործանի, չի մոռանայ քո հայրերին տուած եւ երդումով հաստատած ուխտը։

32Երկնքի մի ծայրից սկսած մինչեւ երկնքի միւս ծայրը հարցրէ՛ք ձեզանից առաջ եղած այս օրերի մասին (երբ Աստուած մարդ էր ստեղծել երկրի վրայ), թէ՝ “Այսպիսի մեծ բան կատարուե՞լ է”, թէ՝ “Այսպիսի բան լսուե՞լ է”, 33թէ՝ “Մի որեւէ ազգ կրակի միջից խօսող կենդանի Աստծու ձայնը լսե՞լ է”, ինչպէս դու լսեցիր ու կենդանի մնացիր, 34թէ՝ “Աստուած յօժա՞ր էր մտնել ու ազգերի միջից իր համար ազգ ընտրել փորձութեամբ, նշաններով, հնարքներով, պատերազմով, ամուր ձեռքով ու հզօր բազկով, մեծամեծ տեսիլներով՝ այն բոլոր միջոցներով, որ մեր Տէր Աստուածը գործադրեց Եգիպտոսում քո իսկ առջեւ, որպէսզի տեսնես։ 35Ուստի պէտք է իմանաս, որ նա է Տէր Աստուածը, եւ նրանից բացի այլ Աստուած չկայ։ 36Երկնքից լսելի եղաւ նրա խօսքը, որպէսզի խրատի քեզ, երկրի վրայ ցոյց տուեց քեզ իր մեծ կրակը, եւ դու կրակի միջից լսեցիր նրա պատգամները, 37որովհետեւ նա սիրում է քո հայրերին։ Նա բոլոր ազգերի միջից նախընտրեց նրանց յետնորդներին՝ ձեզ, եւ ինքն իր մեծ զօրութեամբ քեզ հանեց Եգիպտոսից, 38որպէսզի դու հալածես մեծամեծ ու քեզանից հզօր ազգեր, որպէսզի նա քեզ տանի ու իբրեւ սեփականութիւն քեզ տայ նրանց երկիրը, մի բան, որ դու ունես այսօր։ 39Արդ, իմացի՛ր այսօր եւ ի մտի ունեցիր, որ քո Տէր Աստուածը Աստուած է վերեւում՝ երկնքում, եւ ներքեւում՝ երկրի վրայ, եւ նրանից բացի այլ Աստուած չկայ։ 40Պահպանի՛ր նրա օրէնքներն ու պատուիրանները, որոնք ես պատգամում եմ քեզ այսօր, որպէսզի լաւ լինի քեզ ու քեզանից յետոյ գալիք քո որդիների համար, որպէսզի երկար ժամանակ մնաս այն երկրում, որ Տէր Աստուածը առ միշտ քեզ է տալու»։

ՅՈՐԴԱՆԱՆ ԳԵՏԻ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ԳՏՆՈՒՈՂ ԱՊԱՍՏԱՆԱՐԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԸ

41Այն ժամանակ Մովսէսը Յորդանան գետի այն կողմում, արեւելեան մասում առանձնացրեց երեք քաղաքներ, 42որպէսզի այնտեղ փախչի այն մարդասպանը, որ իր մերձաւորին սպանում է անգիտութեամբ, եւ որին չէր ատում նախապէս, որպէսզի նա ընկնելով այդ քաղաքներից մէկնումէկը՝ կարողանայ իր կեանքը փրկել։ 43Դրանք են՝ Ռուբէնի երկրի դաշտում գտնուող անապատային Բոսոր քաղաքը, Գադի երկրի Գաղաադում գտնուող Ռամոթ քաղաքը եւ Մանասէի երկրի Բասանում գտնուող Գաղոն քաղաքը։

44Սա է այն օրէնքը, որ Մովսէսը հաղորդեց իսրայէլացիներին։ 45Սրանք են այն պատուիրանները, օրէնքներն ու կանոնները, որ Մովսէսը յայտնեց իսրայէլացիներին, երբ սրանք դուրս էին գալիս Եգիպտացիների երկրից, 46Յորդանանի գետի այն կողմում, Փոգորի տան մօտ գտնուող ձորում, Եսեբոնում ապրող ամորհացիների արքայ Սեհոնի երկրում, եւ որի բնակիչներին սպանել էին Մովսէսն ու իսրայէլացիները, երբ սրանք դուրս էին գալիս Եգիպտացիների երկրից։ 47Իսրայէլացիները գրաւեցին ամորհացի երկու թագաւորների՝ Սեհոնի երկիրն ու Բասանի Օգ թագաւորի երկիրը, որոնք գտնւում էին Յորդանան գետից այն կողմ՝ արեւելեան մասում, 48Առնոնի ձորի եզերքին գտնուող Արոյերից սկսած մինչեւ Սեհոնի լեռը, այսինքն՝ Հերմոնը, 49ամբողջ Արաբան, որ գտնւում է Յորդանան գետից այն կողմ՝ արեւելեան մասում, մինչեւ Արաբայի ծովը՝ Կոփածոյ լերան ստորոտը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն