Երկրորդ Օրինաց
6
ՄԵԾ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ
1«Սրանք են այն պատուիրանները, օրէնքներն ու կանոնները, որ մեր Տէր Աստուածը հրամայեց ուսուցանել ձեզ, որպէսզի դրանք գործադրէք այն երկրում, ուր պիտի մտնէք իբրեւ ժառանգութիւն ստանալու համար։ 2Դու, քո որդիներն ու քո որդիների որդիները ձեր կեանքի բոլոր օրերին պէտք է երկնչէք մեր Տէր Աստծուց, պէտք է պահէք նրա բոլոր օրէնքներն ու կանոնները, որ ես պատգամում եմ ձեզ այսօր, որպէսզի երկար ապրէք։ 3Լսի՛ր, Իսրայէ՛լ, եւ հետեւի՛ր, որ կատարես դրանք, որպէսզի լաւ լինի քեզ համար, ու դուք չափազանց բազմանաք, ինչպէս քո հայրերի Աստուածն է խոստացել, որպէսզի նա քեզ տայ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում»։ Սրանք են այն օրէնքներն ու կանոնները, որ Մովսէսն անապատում հաղորդեց իսրայէլացիներին, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտացիների երկրից։
4Մովսէսն այնուհետեւ շարունակեց. «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է։ 5Քո Տէր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էութեամբ ու քո ամբողջ ուժով։ 6Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կը պահես մտքիդ ու հոգուդ մէջ։ 7Դրանք կը հաղորդես քո որդիներին եւ դրանց մասին կը խօսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։ 8Դրանք որպէս նշան կը կապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջեւ, 9դրանք կը գրես քո տների մուտքին ու դռների վրայ»։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹԵԱՆ ԴԷՄ
10«Եւ երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, որ երդուեց տալ քո հայր Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, եւ քեզ տայ մեծամեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել, 11ամէն տեսակի բարիքներով լցուած տներ, որոնք դու չես լցրել, փորուած ջրհորներ, որոնք դու չես բացել, այգիներ ու ձիթաստաններ, որոնք դու չես տնկել, 12եւ ուտես ու յագենաս, 13ապա այն ժամանակ զգո՛յշ եղիր, որ չմոռանաս Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից քեզ դուրս բերած քո Տէր Աստծուն։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ն հետեւիր ու նրա՛ անունով երդուիր։ 14Օտար աստուածների, ձեր շուրջը գտնուող ժողովուրդների աստուածների յետեւից մի՛ գնա, 15որովհետեւ քո Տէր Աստուածը որ ձեր մէջ է, նախանձոտ Աստուած է։ Այնպէս չլինի, որ քո Տէր Աստուածը սրտմտելով բարկանայ ու քեզ վերացնի երկրի երեսից։
16Քո Տէր Աստծուն մի՛ փորձիր, ինչպէս փորձեցիք Փորձութեան վայրում։ 17Անսասա՛ն պահիր քո Տէր Աստծու քեզ հաղորդած պատուիրանները, օրէնքներն ու կանոնները։ 18Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է քո Տէր Աստծու առջեւ, որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ դու մտնես ու ժառանգես այն լաւ երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին, 19որպէսզի Նա հալածի բոլոր թշնամիներին քո առջեւից, ինչպէս ասել է։
20Եւ երբ վաղը քո որդին քեզ հարցնի ու ասի, թէ՝ “Այդ ի՞նչ պատուիրաններ, օրէնքներ ու կանոններ են, որ մեր Տէր Աստուածը պատուիրել է մեզ”, 21ապա քո որդուն կ’ասես. “Եգիպտոսում փարաւոնի ստրուկներն էինք մենք, եւ Տէր Աստուածը ամուր ձեռքով ու հզօր բազկով մեզ դուրս բերեց այնտեղից։ 22Տէրը Եգիպտացիների երկրում փարաւոնի ու նրա տան վրայ մեր ներկայութեամբ սոսկալի նշաններ եւ մեծագործութիւններ արեց։ 23Նա մեզ դուրս բերեց այդտեղից, որպէսզի բերի այստեղ, մեզ տայ այն երկիրը, որ երդուել էր տալ մեր հայրերին։ 24Տէրը մեզ պատուիրեց գործադրել բոլոր այս օրէնքները, յաւիտեանս երկնչել մեր Տէր Աստծուց, որպէսզի լաւ լինի մեզ համար մեր կեանքի բոլոր օրերում, եւ ապրենք, ինչպէս որ ապրում ենք այսօր։ 25Մեզ համար ողորմածութիւն կը լինի, եթէ հետեւենք, որ մեր Տէր Աստծու առջեւ գործադրուեն բոլոր այս պատուիրանները, ինչպէս որ Տէրը կարգադրել է մեզ”»։
Էջմիածին · HYEJB1994