Երկրորդ Օրինաց
8
ԱՆԱՊԱՏԻ ՓՈՐՁՈՒԹԻՒՆԸ
1«Տեսէ՛ք, որ կատարուեն ձեզ հաղորդած իմ բոլոր պատուիրանները, որպէսզի ապրէք, բազմապատկուէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին։ 2Յիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով Տէրը քեզ առաջնորդեց անապատի միջով, որպէսզի քեզ տանջելով փորձի ու իմանայ, թէ ինչ կայ քո սրտում, թէ պահո՞ւմ ես նրա պատուիրանները, թէ՞ ոչ։ 3Նա տանջեց քեզ, սովահար արեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանօթ չէիր, եւ որին ծանօթ չէին նաեւ քո հայրերը, որպէսզի քեզ ցոյց տայ, թէ մարդը միայն հացով չէ, որ ապրում է, այլ մարդն ապրում է նաեւ այն ամէն խօսքով, որ ելնում է Աստծու բերանից։ 4Քո զգեստները չմաշուեցին, քո ոտքերը քառասուն տարի կոշտուկներով չպատուեցին։
5Հոգուդ մէջ պիտի համոզուես, որ ինչպէս մարդ խրատում է իր որդուն, այնպէս էլ քո Տէր Աստուածը պիտի խրատի քեզ։ 6Պահի՛ր քո Տէր Աստծու պատուիրանները, որպէսզի գնաս նրա ճանապարհներով եւ երկիւղ կրես նրանից։ 7Քո Տէր Աստուած քեզ կը տանի լաւ ու բերրի մի երկիր, ուր ջրերի վտակներ ու երկրի խորքերից աղբիւրներ են բխում դաշտերում ու լեռներում։ 8Դա ցորենի, գարու եւ գինու, այգիների ու նռնենիների երկիր է, ձիթենիների, իւղի ու մեղրի երկիր, 9ուր առանց նեղութիւն զգալու քո հացը պիտի ուտես եւ նրանում ոչ մի բանի կարօտ պիտի չլինես։ Դա մի երկիր է, որի քարերը երկաթ են, իսկ նրա լեռներից կարող ես պղինձ ստանալ։ 10Կ’ուտես, կը յագենաս ու կ’օրհնես քո Տէր Աստծուն այն լաւ երկրում, որ նա տուել է քեզ։
11Զգո՛յշ եղիր, չլինի թէ մոռանաս քո Տէր Աստծուն, չպահես նրա պատուիրանները, նրա այն կանոններն ու օրէնքները, որ ես հաղորդում եմ քեզ։ 12Այնպէս չլինի, որ ուտելուց ու կշտանալուց յետոյ, գեղեցիկ տներ կառուցելուց ու դրանց մէջ բնակուելուց յետոյ, 13քո արջառն ու ոչխարը բազմանալուց յետոյ, քո արծաթն ու ոսկին շատանալուց յետոյ, քո ունեցած ամէն ինչը բազմանալուց յետոյ, 14գոռոզամտանաս ու մոռանաս քո Տէր Աստծուն, որը քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից, 15քեզ անցկացրեց մեծ ու ահազդու անապատի միջով, ուր օձն ու կարիճն են խայթում, ծարաւը տանջում, ուր ջուր չկար, բայց նա քեզ համար ապառաժ քարից ջրի աղբիւր բխեցրեց։ 16Նա քեզ անապատում կերակրեց քո հայրերին անծանօթ մանանայով, որպէսզի քեզ տանջի ու փորձի եւ վերջում բարութիւն անի քեզ։ 17Մի՛ ասա քո մտքում, թէ՝ “Իմ ուժով ու ձեռքի զօրութեամբ եմ տիրացել ես այս մեծ հարստութեան”, 18այլ յիշի՛ր քո Տէր Աստծուն, որովհետեւ նա է քեզ ուժ տալիս այդ հարստութեան հասնելու համար, որպէսզի հաստատի իր այն ուխտը, որ դրել է քո հայրերի հետ, ինչպէս տեսնում ես այսօր։
19Եթէ պատահի, որ մոռանաս քո Տէր Աստծուն, գնաս օտար աստուածների յետեւից, ծառայես ու երկրպագես դրանց, ապա այսօր երդւում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կը կորչէք։ 20Եթէ չլսէք ձեր Տէր Աստծու ձայնը, կը կորչէք այնպէս, ինչպէս կորան միւս ազգերը, որոնց վերացրեց Տէրը ձեր առջեւից»։
Էջմիածին · HYEJB1994