Երկրորդ Օրինաց

9

ԻՍՐԱՅԷԼԻ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆԸ

1«Լսի՛ր, Իսրայէ՜լ։ Այսօր դու անցնում ես Յորդանան գետից այն կողմ, որպէսզի մտնես ու նուաճես քեզանից մեծ ու հզօր ժողովուրդներ, մեծամեծ ու մինչեւ երկինք հասնող պարսպապատ քաղաքներ, 2մեծ, բազմամարդ ու բարձրահասակ մի ՝ Ենակի յետնորդներին, որոնց դու ինքդ ճանաչում ես։ Դու լսել ես այն խօսքը, թէ՝ “Ո՞վ կարող է դէմ կանգնել Ենակի յետնորդներին”։ 3Դու այսօր կ’իմանաս, որ քո Տէր Աստուածն ինքը, որպէս լափող կրակ, գնալու է քո առջեւից։ Նա կոտորելու է, ոչնչացնելու է նրանց քո աչքի առջեւ, կոտորելու է նրանց ու ոչնչացնելու անմիջապէս, ինչպէս որ ասաց քեզ Տէրը։ 4Երբ քո Տէր Աստուածը քո առջեւ սպանի նրանց, քո մտքում մի՛ ասա, թէ՝ “Իմ արդար լինելու համար է, որ Տէրը ինձ բերել է այստեղ, որպէսզի ժառանգեմ այս լաւ երկիրը”։ Ոչ թէ քո արդար լինելու, այլ այդ ազգերի ամբարիշտ լինելու համար է, որ քո Տէր Աստուածը կոտորում է նրանց քո աչքի առջեւ։ 5Ոչ թէ քո արդար լինելու եւ քո հոգու մաքուր լինելու համար ես մտնում նրանց երկիրը, որպէսզի ժառանգես այն, այլ այդ ազգերի անօրէնութեան համար է քո Տէր Աստուածը վերացնում նրանց քո առջեւից, որպէսզի հաստատի մեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին երդումով արած իր ուխտը։ 6Դու այսօր կ’իմանաս, թէ քո արդար լինելու համար չէ, որ քո Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն քեզ լաւ է տալիս, որովհետեւ դու կամակոր ժողովուրդ ես»։

ՈՍԿԻ ՀՈՐԹԸ. ԺՈՂՈՎՐԴԻ ՍԽԱԼԸ

7«Յիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թէ որքան ես անապատում բարկացրել քո Տէր Աստծուն։ Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք Եգիպտացիների երկրից ու ելաք մինչեւ այս վայրը, ըմբոստանալով էիք գալիս տէրունական այս վայրը։ 8Քորէբում բարկացրիք Տիրոջը, եւ Տէրը զայրացաւ ձեզ կոտորելու աստիճան, 9երբ ես լեռն էի բարձրանում, որպէսզի ստանամ քարէ տախտակները, ուխտի այն տախտակները, որ Տէրը խոստացել էր տալ ձեզ։ Ես քառասուն օր, քառասուն գիշեր մնացի լերան վրայ, չկերայ, չխմեցի. 10Տէր Աստուածն ինձ տուեց իր իսկ ձեռքով գրած քարէ երկու տախտակներ։ Դրանց վրայ գրուած էին բոլոր այն պատգամները, որ Տէրը լերան վրայ հաղորդել էր ձեր հաւաքի օրը։ 11Քառասուն օր, քառասուն գիշեր յետոյ Տէրն ինձ տուեց քարէ երկու տախտակները՝ ուխտի տախտակները։

12Տէրն ինձ ասաց. “Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրէն դարձաւ Եգիպտոսից քո դուրս բերած ժողովուրդը։ Նրանք արդէն շեղուել են այն ուղուց, որ պատուիրել էիր նրանց, եւ իրենց համար ձուլածոյ կուռքեր են պատրաստել”։ 13Տէրն ինձ ասաց. “Քեզ հետ խօսել եմ մէկ անգամ, երկու անգամ ու ասում եմ. ‘Տեսայ քո այդ ժողովրդին. այդ ժողովուրդը կամակոր է։ 14Թո՛յլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, նրանց անունը ջնջեմ երկրի երեսից եւ քեզ աւելի մեծ, հզօր ու բազմամարդ ազգ դարձնեմ, քան նրանք են’։

15Ես դարձեալ իջայ լեռից՝ երկու տախտակներն իմ ձեռքին, իսկ լեռը բորբոքուած էր կրակով։ 16Տեսնելով, որ մեր Տէր Աստծու առջեւ էք գործել՝ ձեզ համար ձուլածոյ կուռքեր էք պատրաստել, շեղուել էք այն ուղուց, որ Տէրն էր պատուիրել, 17վերցրի իմ ձեռքի երկու տախտակները եւ ձեր աչքի առջեւ ջարդուփշուր »։

ՄՈՎՍԷՍԸ ՄԻՋՆՈՐԴՈՒՄ Է

18Առաջինի նման երկրորդ անգամ քառասուն օր, քառասուն գիշեր Տիրոջ առջեւ աղաչեցի, հաց չկերայ, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քաւութեան համար, որովհետեւ մեր Տէր Աստծու առջեւ չար գործեր էիք կատարել ու բարկացրել նրան։ 19Ես վախենում էի նրա բարկութիւնից ու զայրոյթից, որովհետեւ Տէրը բարկացել էր ձեզ վրայ ձեզ կոտորելու աստիճան։ Այս անգամ էլ լսեց ինձ Տէրը։ 20Նա խիստ բարկացել էր նաեւ Ահարոնի վրայ, ուզում էր սպանել նրան։ Ես այս անգամ էլ աղօթեցի Ահարոնի համար, 21ձեր գործած մեղքը՝ հորթը վերցրի ու այրեցի կրակով, փշուր-փշուր արեցի ու մանրեցի այն աստիճան, որ մանր փոշու վերածուեց։ Այդ փոշին ես լցրի լեռից իջնող վտակի մէջ։

22Դուք ձեր Տէր Աստծուն բարկացրել էք Կրակի, Փորձութեան ու Ցանկութեան գերեզմանի ։ 23Եւ երբ Տէրը ձեզ ուղարկեց Կադէսբառնեայից, ասաց. “Ելէ՛ք ու ժառանգեցէ՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ”, դուք չէիք հնազանդուել ձեր Տէր Աստծու խօսքին, չէիք հաւատացել նրան, Տիրոջ ձայնին չէիք անսացել։ 24Դուք Տիրոջ հրամանին անհնազանդ էիք այն օրուանից ի վեր, ինչ այն ձեզ ծանուցուեց։

25Ես Տիրոջ առջեւ աղաչեցի քառասուն օր, քառասուն գիշեր։ Ես աղաչեցի, որովհետեւ Տէրն ասում էր, որ կը կոտորի ձեզ։ 26Ես Տիրոջ առջեւ անելով՝ ասացի. “Տէ՛ր, Տէ՛ր, աստուածների թագաւոր, մի՛ կոտորիր քո ժողովրդին ու քո ընտրած մարդկանց, որոնց փրկեցիր, դուրս բերեցիր Եգիպտոսից քո մեծ զօրութեամբ, ամուր ձեռքով ու հզօր բազկով։ 27Յիշի՛ր քո ծառաներին՝ Աբրահամին, Իահակին ու Յակոբին, որոնց երդուեցիր քո անունով։ Քո ժողովրդի խստութեան, ամբարշտութեան ու մեղքերի վրայ ուշադրութիւն մի՛ դարձրու։ 28Չլինի այնպէս, որ այն երկրի բնակիչները, որտեղից դուրս բերեցիր մեզ, ասեն. “Քանի որ Տէրը չկարողացաւ նրանց տանել այն երկիրը, որ խոստացել էր նրանց, եւ քանի որ Տէրն ատում էր նրանց, դուրս բերեց նրանց, որպէսզի կոտորի անապատում”։ 29Սրանք քո ժողովուրդն են ու քո ընտրած մարդիկ, որոնց քո հզօր զօրութեամբ ու հզօր բազկով ես դուրս բերել Եգիպտացիների երկրից”»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն