Ժողովող գիրք

2

1Սրտիս մէջ ասացի. «Արի՛ քեզ փորձեմ նաեւ վայելքի տալով, տեսնեմ՝ ինչ ես դու բարիքների մէջ». եւ ահա դա էլ ունայնութիւն է։ 2Տեսայ, որ ծիծաղը յիմար բան է, եւ ուրախութիւնը՝ անօգուտ։ 3Եւ ես խորհեցի, որ սիրտս զուարթացնեմ, ինչպէս գինին զուարթացնում է մարմինս. եւ ես ինձ հաճոյքի տուի. սիրտս, սակայն, իմաստութեամբ առաջնորդեց ինձ մինչեւ որ տեսնէի, թէ որն է բարին մարդու որդիների համար, որպէսզի նրանք այն անեն արեգակի ներքոյ՝ իրենց պարգեւուած կեանքի օրերին։ 4Ես շատ գործերի ձեռնամուխ եղայ, ինձ համար ապարանքներ շինեցի, ինձ համար այգիներ տնկեցի, 5ինձ համար պարտէզներ եւ ծաղկանոցներ շինեցի եւ ամէն տեսակ պտղաբեր տնկեցի նրանց մէջ։ 6Ջրաւազաններ շինեցի ինձ համար, որ ջրերը ոռոգեն մայրիների խիտ անտառները։ 7Ծառաներ եւ աղախիններ ունեցայ, եւ նրանք ընդոծիններ ունեցան ինձ համար, եւ աւելի շատ նախիրներ ու հօտեր ունեցայ, քան բոլոր նրանք, որ եղել են ինձնից առաջ Երուսաղէմում։ 8Ինձ համար արծաթ ու կուտակեցի եւ թագաւորներից ու գաւառներից մեծ գանձեր դիզեցի։ Գուսաններ եւ երգիչներ ու երգչուհիներ ունեցայ եւ մարդու որդու համար՝ ամէն մեղկութիւն։ Տղամարդ եւ մատակարարներ բերեցի ինձ համար, 9եւ ես աւելի մեծ եղայ, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղէմում. եւ աւելացաւ նաեւ իմ իմաստութիւնը։ 10Ինչ որ աչքս ուզեց, ինձ չզրկեցի դրանից, եւ ոչ մի ուրախութեան համար սրտիս վրայ արգելք չդրի։ Իմ սիրտն ուրախ եղաւ, որովհետեւ վայելեց իմ աշխատանքի պտուղները, եւ դա էլ իմ բաժինը եղաւ իմ բոլոր վաստակներից։ 11Ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին եւ դրանք անելու համար իմ քաշած չարչարանքներին, եւ, ահա՛ ամէն ինչ ունայնութիւն է եւ հոգու տանջանք, եւ ոչ մի օգուտ չկայ արեգակի ներքոյ։

12Ես դարձայ տեսնելու իմաստութիւնը, նաեւ յիմարութիւնն ու անմտութիւնը, թէ այն ո՞ր մարդն է, որ իր գործն անելիս միշտ հետեւում է իմաստութեան։ 13Եւ տեսայ, որ իմաստութիւնն աւելի օգտակար է անմտութիւնից, ինչպէս լոյսը՝ խաւարից։ 14Իմաստունի աչքերն իր գլխի մէջ են, իսկ անմիտը գնում է խաւարի միջով. բայց ես հասկացայ, որ նրանց բոլորին միեւնոյն դիպուածն է սպասում։

15Եւ սրտիս մէջ ասացի. «Եթէ նոյն դիպուածն է պատահելու ինչպէս անզգամին, այնպէս էլ ինձ, էլ ինչո՞ւ ես աւելի իմաստուն դարձայ»։ Եւ մէկ անգամ եւս ասացի սրտիս մէջ, թէ սա նոյնպէս ունայնութիւն է, քանի որ անմիտն է աւելորդ խօսում, 16որովհետեւ թէ՛ յիմարի եւ թէ՛ իմաստունի համար յաւիտենական յիշատակ չկայ։ Արդարեւ, գալիք օրերին մոռացուելու է ամէն բան, եւ իմաստունը եւս պիտի մեռնի ինչպէս յիմարը։

17Ես ատեցի իմ կեանքը, որովհետեւ ինձ համար չար էին այն գործերը, որ կատարուել են արեգակի ներքոյ, քանի որ ամէն ինչ ունայնութիւն է եւ հոգու տանջանք։ 18Ես ատեցի իմ ամբողջ վաստակը, որ արել էի արեգակի տակ, քանի որ ես այն թողնելու եմ մի մարդու, որ գալու է ինձնից յետոյ։ 19Եւ ո՞վ գիտէ, իմաստո՞ւն է լինելու նա, թէ՞ յիմար, կամ՝ տիրելո՞ւ է արդեօք իմ բոլոր վաստակին, որ ես վաստակեցի եւ որի շնորհիւ էլ իմաստուն դարձայ արեգակի ներքոյ. սակայն սա եւս ունայնութիւն է։

20Ի սրտէ ես հրաժարուեցի իմ բոլոր վաստակներից, որ վաստակեցի արեգակի ներքոյ. 21որովհետեւ մարդ կայ, որի վաստակը իմաստութեամբ, գիտութեամբ եւ առաքինութեամբ է լինում, մարդ էլ կայ, որ ոչինչ չի արել, բայց այդ վաստակը բաժին է ընկնում նրան։ Սակայն սա եւս ունայնութիւն է եւ մեծ չարիք։ 22Ուստի ի՞նչ է մնում մարդուս իր բոլոր չարչարանքից եւ սրտի տանջանքից, որ ջանք է թափել արեգակի ներքոյ, 23որովհետեւ նրա բոլոր օրերը ցաւերով են լի եւ հաճոյքը՝ տրտմութեամբ, եւ գիշերն էլ նրա սիրտը չի ննջում։ Սակայն սա եւս ունայնութիւն է։

24Մարդուս համար չկայ ուրիշ լաւ բան, բացի ուտելուց, խմելուց եւ իր վաստակով իր հոգուն հաճոյք պատճառելուց։ Բայց ես տեսայ, որ այդ եւս լինում է Աստծուց, 25քանզի ո՞վ կարող է ուտել եւ խմել առանց Նրա։ 26 իմաստութիւնը, գիտութիւնը եւ ուրախութիւնը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջեւ, իսկ մեղաւորին տալիս է հաւաքելու եւ դիզելու հոգս, որպէսզի նա ձեռք բերածը տայ այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջեւ։ Բայց սա եւս ունայնութիւն է եւ հոգու տանջանք։

Էջմիածին · HYEJB1994