Ժողովող գիրք
4
ԱՆԱՐԴԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԿԵԱՆՔՈՒՄ
1Ես դարձայ ու տեսայ այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքոյ. եւ ահա զրկուածներն արցունքների մէջ են, եւ ոչ ոք չկար, որ մխիթարէր նրանց, եւ ուժը նրանց զրկողների ձեռքին էր։ 2Եւ ես երանի տուի բոլոր նրանց, որ արդէն մահացել են, քան կենդանի մարդկանց, որ ապրում են մինչեւ այժմ։ 3Բայց այդ երկուսից էլ աւելի լաւ է նա, որ բնաւ չի եղել եւ չի տեսել այն բոլոր չար գործերը, որ կատարւում են արեգակի ներքոյ։ 4Ես տեսայ նաեւ, որ ամէն վաստակի եւ յաջողութեան համար մարդուս նախանձում է իր մերձաւորը. սակայն սա եւս ունայնութիւն է եւ հոգու տանջանք։ 5Յիմարը ձեռնածալ նստում եւ ինքն իրեն է ուտում։
6Լաւ է հանգիստ վաստակել մի բուռ, քան չարչարանքով ու տանջանքով՝ երկու բուռ։ 7Դարձայ եւ ես մի ունայնութիւն էլ տեսայ արեգակի ներքոյ. 8մարդ կայ, որ մենակ է եւ ոչ ոք չունի՝ ո՛չ որդի եւ ո՛չ էլ եղբայր, բայց նրա աշխատանքն էլ վերջ չունի, եւ աչքն էլ չի կշտանում հարստութեամբ. նա չի ասում, թէ՝ «Ո՞ւմ համար եմ ջանք թափում եւ ինչո՞ւ եմ հոգիս զրկում բարիքից». սա եւս ունայնութիւն է եւ դաժան զբաղմունք։ 9Երկու հոգով աւելի լաւ է, քան մենակ, որովհետեւ աւելի վարձ կայ նրանց վաստակի համար, 10քանի որ եթէ մէկն ընկնի, նրա ընկերը կը կանգնեցնի նրան, բայց վա՜յ մենակին, որ ընկնի, երբ ուրիշ մէկը չկայ, որ բարձրացնի նրան։ 11Եւ եթէ երկուսը միասին քնեն, կը տաքացնեն միմեանց, բայց միայնակ մարդն ինչպէ՞ս պիտի տաքանայ։ 12Եւ եթէ մէկի վրայ բռնանան, երկուսը դէմ կը կանգնեն. չէ՞ որ երեքտակ թելն էլ հեշտ չի կտրւում։
13Լաւ է աղքատ եւ իմաստուն տղան, քան թէ ծեր եւ անմիտ թագաւորը, որ էլ չի կարող խորհուրդներ ընկալել, 14որովհետեւ տղան կարող է կալանատնից դուրս գալ եւ թագաւորել, հակառակ որ իր թագաւորութեան մէջ ծնուել էր աղքատ։ 15Ես տեսայ, որ արեգակի ներքոյ բոլոր ապրողները գնում են այն տղայի՝ այն երկրորդի հետ, որ պիտի փոխարինի նրան։ 16Վերջ չկար ամբողջ ժողովրդին, բոլորին, որ եղել էին նրանցից առաջ, բայց յետոյ եկողներն էլ պիտի չուրախանան նոր թագաւորով. բայց դա եւս ունայնութիւն է եւ հոգու տանջանք։
17Զգո՛յշ եղիր քայլիդ համար, երբ Աստծու տուն ես գնում, 18եւ մօտեցի՛ր լսելու համար. որովհետեւ քո զոհն աւելի յարգի է, քան ընծաներն անզգամների, որոնք չգիտեն բարիք գործել։