Ժողովող գիրք
5
ԱՆԽՈՀԵՄ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՉԱՆԵԼ
1Թող քո բերանը չշտապի, եւ ոչ էլ սիրտդ հապճեպ խօսք ասի Աստծու առջեւ, որովհետեւ Աստուած երկնքում է, իսկ դու՝ երկրի վրայ. դրա համար էլ թող քո խօսքերը սակաւ լինեն։ 2Երազը հոգսերի շատութիւնից է առաջ գալիս, իսկ յիմարի ձայնը՝ շատախօսութիւնից։ 3Եւ ինչ ուխտ որ արել ես Աստծուն՝ մի՛ դանդաղիր այն կատարել, քանի որ անզգամները հաճելի չեն նրան։ 4Որքան որ ուխտ անես՝ կատարի՛ր, քանի որ լաւ է ուխտ չանել, քան թէ ուխտ անել եւ չկատարել։ 5Մի՛ թոյլ տուր, որ բերանդ մարմնիդ դրդի մեղքեր գործելու, եւ Աստծու առջեւ մի՛ ասա, թէ անգիտութիւնից էր, որպէսզի խօսքիդ համար Աստուած չբարկանայ եւ չաւերի ձեռքիդ գործերը, 6որովհետեւ, ինչպէս երազների առատութեան, այնպէս էլ խօսքերի շատութեան մէջ եւս ունայնութիւն կայ. եւ դու վախեցի՛ր Աստծուց։
7Եթէ դու երկրի վրայ աղքատի զրկանք տեսնես եւ իրաւունքի ու արդարութեան յափշտակութիւն, մի՛ զարմացիր այդ բաների վրայ, որովհետեւ բարձր դիրքի մի պաշտօնեայ պաշտպանուած է մէկ այլ բարձր դիրքի պաշտօնեայի կողմից, իսկ դրանցից էլ աւելի բարձր մի երրորդ պաշտօնեայ կայ։ 8Բայց հողի բարիքը բոլորի համար է, եւ բոլորի վրայ թագաւորն է, որը օգտւում է մշակուած հողից։ Եւ դու հաւատարի՛մ եղիր այն ամենին, ինչ ծանր աշխատանքով վերցնում են հողից։
ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆ ԱՆՕԳՈՒՏ Է
9Արծաթ սիրողը չի կշտանայ արծաթից, ոչ էլ հարստութիւն սիրողը՝ իր եկամուտներից. ուստի դա եւս ունայնութիւն է։ 10Արդար բարիքները բազմանալու հետ շատանում են նաեւ ուտողները. եւ ի՞նչ օգուտ ունի տէրն իր ունեցուածքից, եթէ ոչ այն, որ իր աչքով է տեսնում իր ունեցուածքն սկզբից։ 11Քաղցր է աշխատաւորի քունը, քիչ ուտի նա, թէ շատ։ Բայց կուշտ լինելը չի թողնում, որ հարուստը հանգիստ քնի։
12Մի բան էլ տեսայ արեգակի ներքոյ. դա այն հարստութիւնն է, որ մարդ պահում է իր սեւ օրուայ համար, 13բայց մի չար դիպուածով կորչում է նրա հարստութիւնը. որդի է ծնուել նրան, բայց նրա ձեռքին ոչինչ, ոչ մի բան չկայ։ 14Ինչպէս որ իր մօր որովայնից նա մերկ է ելել, մերկ էլ ետ կը դառնայ. ինչպէս եկել է, այնպէս էլ կը գնայ, եւ երբ գնայ՝ ոչինչ չի վերցնելու իր վաստակից, որպէսզի տանի իր հետ։ 15Սա էլ մի ծանր ցաւ է, ինչպէս որ եկել է, այնպէս էլ կը գնայ. էլ ի՞նչ օգուտ ունի մարդն իր վաստակից, որ ջանք է թափում... քամու համար։ 16Եւ յետոյ նրա բոլոր օրերը խաւար են ու սուգ եւ անցնում են շատ հոգսերի, հիւանդութիւնների եւ բարկութեան մէջ։ 17Ահաւասիկ եւ այն լաւը, որ ես տեսայ. դա ուտելն ու խմելը եւ բարիք տեսնելն է իր ամբողջ վաստակից, որի համար նա ջանք է թափել արեգակի ներքոյ՝ Աստծու կողմից նրան տրուած իր կեանքի բոլոր օրերին, որովհետեւ դա է նրա բաժինը։ 18Աստուած ամէն մարդու հարստութիւն եւ ունեցուածք ու դրանից ուտելու, իր բաժինը վերցնելու եւ իր աշխատանքից ուրախ լինելու իշխանութիւն է տուել։ Դա եւս Աստծու պարգեւն է։ 19Նա իր կեանքի շատ օրերը չի յիշելու, որովհետեւ Աստուած նրա սրտի ուրախութեան համար հաճոյք է տուել նրան։
Էջմիածին · HYEJB1994