Ժողովող գիրք

8

1Մարդու իմաստութիւնը լոյս է տալիս նրա երեսին, բայց անամօթի երեսը ատելի է լինում։

ԻՄԱՍՏՈՒՆ ԲԱՆ Է ՀՆԱԶԱՆԴՈՒԵԼ ԹԱԳԱՒՈՐԻՆ

2Թագաւորի բերանից ելած խօսքից զգո՛յշ եղիր եւ մի՛ շտապիր երդման ասել Աստծուն։ 3Մի՛ շտապիր հեռանալ նրա աչքից եւ ոչ էլ մնա չար գործի մէջ, որովհետեւ նա ինչ որ կամենայ, կարող է անել։ 4Որպէս թագաւոր նա խօսում է իշխանութեամբ, եւ ո՞վ կարող է նրան ասել, թէ՝ ի՞նչ արեցիր։ 5Այն մարդը, որ պատուիրան է պահում, չարիքի չի հանդիպի. իմաստուն սիրտը գիտէ պատուիրանը կատարելու ժամանակն ու եղանակը։ 6Ամէն բանի ժամանակը կայ եւ կայ ճիշտ կատարելու եղանակը. բայց շատ բան էլ կայ, որ մարդ չգիտէ, 7որովհետեւ չգիտէ, թէ ինչ է լինելու, եւ ինչ էլ որ լինի՝ ո՞վ պիտի պատմի նրան։ 8Մարդս չի կարող իշխել իր հոգուն եւ ոչ էլ իր հոգուն արգելք հանդիսանալ. եւ ոչ էլ նա իշխանութիւն ունի իր մահուան օրուայ հանդէպ. ոչ կարող է խոյս տալ հոգեվարքի պայքարից, եւ ոչ էլ ամբարշտութիւնը կարող է փրկել ամբարշտին։

ԱՄԲԱՐԻՇՏԸ ԵՒ ԱՐԴԱՐԸ

9Ես տեսայ այս բոլորը եւ սրտով քննեցի այն բոլոր գործերը, որ կատարուել են արեգակի ներքոյ, եւ այն, որ մարդն իշխում է մարդու վրայ ու չարչարում է նրան։ 10Տեսայ, որ ամբարիշտներին թաղեցին գերեզմանների մէջ. գնացին նրանք սուրբ տեղից, եւ նրանց համար սուգ արեցին քաղաքում։ Սակայն սա եւս ունայնութիւն է։ 11Չարի դատաստանն անմիջապէս չի կատարւում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակւում են չարիք գործել։ 12Մեղաւորը չարիք է գործում՝ լինի այժմ, աւելի առաջ թէ յետոյ. իսկ ես գիտեմ, որ բարիքը հասնում է միայն նրանց, ովքեր երկիւղ են կրում Աստծուց եւ երկնչում են նրա առջեւ։ 13Բայց ամբարշտի համար բարութիւն պիտի չլինի. նա իր օրերը պիտի չերկարեցնի, այլ դրանք պիտի լինեն ստուերի նման, քանի որ նա երկիւղ է կրում Աստծու ներկայութիւնից։ 14Մի ունայնութիւն էլ կայ երկրի վրայ. արդարներ կան, որոնց հետ պատահում են գործեր, որ արժանի են ամբարիշտներին, եւ ամբարիշտներ կան, որոնց հետ պատահում է այն, ինչ արժանի է արդարների գործերին։ Եւ ես ասացի. «Սակայն դա եւս ունայնութիւն է»։ 15Եւ ես գովեցի ուրախութիւնը, որովհետեւ արեգակի ներքոյ մարդու համար ուտելուց, խմելուց եւ ուրախ լինելուց բացի ուրիշ աւելի լաւ բան չկայ, քանի որ նրա ողջ կեանքում, որ տուել է նրան արեգակի ներքոյ, դա է մնալու միայն նրա վաստակից։ 16Մի անգամ որ ես սիրտս տուի ճանաչելու իմաստութիւնը եւ տեսնելու այն զբաղմունքները, որ կատարւում են երկրի վրայ (որովհետեւ մարդ կայ, որի աչքին գիշեր թէ ցերեկ չի գալիս), 17Աստծու բոլոր գործերից ես հասկացայ, որ մարդ չի կարող գտնել այն գործը, որ կատարուել է արեգակի ներքոյ. որքան էլ մարդ աշխատի որոնել այն, չի գտնելու, եւ մինչեւ իսկ իմաստունն էլ ինչքան էլ ասի, թէ գիտէ, դարձեալ չի կարող գտնել։

Էջմիածին · HYEJB1994