Ժողովող գիրք

9

1Արդ, այս բոլորը ես դրի սրտիս մէջ, սիրտս էլ քննեց այս բոլորը. թէ՛ արդարներն ու իմաստունները եւ թէ՛ նրանց գործերը Աստծու ձեռքին են, քանզի մարդ սէրն ու ատելութիւնն էլ չգիտէ։ 2Ամէն ինչ մարդու առջեւ է, եւ ունայնութիւն կայ ամէն ինչի մէջ։ Նոյն դիպուածն է վերապահուած արդարի եւ ամբարշտի, բարու եւ չարի, մաքուրի եւ անմաքուրի, մատուցողի եւ չմատուցողի, ինչպէս բարեգործի, այնպէս էլ մեղսագործի, ինչպէս տուողի, այնպէս էլ երդումից վախեցողի համար։ 3Բայց արեգակի տակ եղած բոլոր բաների մէջ ամենից վատթարը սա է, որ նոյն դիպուածն է վիճակուած բոլորին։ Արդարեւ, մարդկանց որդիների սրտերը լի են չարութեամբ եւ իրենց կենդանութեան ժամանակ՝ հոգս կայ նրանց սրտերում, բայց յետոյ իրենք էլ պիտի մեռնեն։ 4Նրանցից ո՞վ կարող է հաւասարուել ողջերին. մարդ յոյս է տածում, թէ կենդանի շունը լաւ է, քան սատկած առիւծը։ 5Նրանք, որ կենդանի են, գիտեն, թէ իրենք մեռնելու են, իսկ մեռածները ոչինչ չգիտեն, եւ այլեւս վարձ չկայ նրանց համար, որովհետեւ մոռացուել է նրանց յիշատակը, 6եւ կորել է, ահա, թէ՛ նրանց սէրն ու թշնամանքը եւ թէ՛ նախանձը, եւ նրանք յաւիտեան բաժին էլ չունեն այն բոլորի մէջ, ինչ ստեղծուած է արեգակի ներքոյ։ 7Արի ուրախութեամբ կե՛ր քո հացը եւ զուարթ սրտով խմի՛ր քո գինին, քանզի արդէն իսկ հաւանել է քո արած գործերը։ 8Թող հագուստներդ միշտ սպիտակ լինեն, եւ օծման իւղը չպակասի քո գլխից։ 9Կեանքդ վայելի՛ր քո կնոջ հետ, որին սիրեցիր քո ունայն կեանքի այն բոլոր օրերին, որոնք արեգակի ներքոյ տրուած են քեզ մինչեւ քո օրերի վախճանը, որովհետեւ դա է քո բաժինը քո կեանքի եւ քո վաստակի մէջ, որ ձեռք ես բերել արեգակի ներքոյ։ 10Այն ամէնը, ինչ քո ձեռքից կը գայ անելու, արա՛ քո կարողութեան չափով, որովհետեւ գերեզմանի մէջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կայ, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտութիւն եւ ո՛չ էլ իմաստութիւն։

11Դարձեալ տեսայ արեգակի ներքոյ, որ ասպարէզը վազողներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստութիւնը՝ հանճարներինը եւ ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետեւ կը գայ ժամանակ, երբ բոլորին էլ կը պատահի նոյն դիպուածը։ 12Բայց մարդն իր ժամանակն անգամ չգիտէ եւ, ինչպէս ձկները, որ որսւում են նենգ ցանցերից, եւ թռչունները, որ բռնւում են ծուղակների մէջ, այնպէս էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մէջ, որ յանկարծակի բռնում է նրանց։

ՄՏԱԾՈՒՄՆԵՐ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ԵՒ

ՅԻՄԱՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

13Այս մի իմաստութիւնն էլ տեսայ արեգակի ներքոյ, որ մեծ է թւում ինձ. 14փոքրիկ մի կար եւ նրա մէջ՝ սակաւաթիւ մարդիկ. մեծազօր մի թագաւոր յարձակուեց դրա վրայ, պաշարեց այն եւ մեծամեծ պատնէշներ շինեց նրա դէմ։ 15Իսկ այնտեղ եւ իմաստուն մի մարդ կար, եւ նա իր իմաստութեամբ փրկեց քաղաքը, բայց յետոյ ոչ ոք չյիշեց այդ տնանկ մարդուն։ 16Եւ ես ասացի. «Իմաստութիւնը լաւ է ուժից, մինչեւ իսկ եթէ աղքատի իմաստութիւնը արհամարհուած լինի, եւ չուզենան լսել նրա խօսքերը»։ 17Իմաստունների մեղմ խօսքերն աւելի լաւ են լսւում, քան անզգամ իշխանների աղաղակը։ 18Իմաստութիւնը լաւ է պատերազմի գործիքներից, բայց մէ՛կ մեղաւորը շատ զօրութիւններ կարող է կորստեան մատնել։

Էջմիածին · HYEJB1994