Եփեսացիս
1
ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՅՆ
1Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի առաքեալը Աստծու կամքով, Եփեսոսում եղած սրբերին եւ հաւատացեալներին ի Քրիստոս. 2շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։
ՀՈԳԵՒՈՐ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍՈՎ
3Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ օրհնեց մեզ ի Քրիստոս ամենայն հոգեւոր օրհնութեամբ, երկնային աշխարհում. 4նա ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպէսզի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրով։ 5Նախասահմանեց մեզ որդեգրութեան Յիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իր կամքի հաճութեան։ 6Գովենք նրան այն փառքի համար, որով երջանկացրեց մեզ իր Սիրելիով։ 7Նրանո՛վ է, որ ունենք փրկութիւն, նրա արեան միջոցով՝ մեղքերի թողութիւն, ըստ իր շնորհի մեծութեան չափի, 8որ եւ առատացաւ մեր մէջ ամենայն իմաստութեամբ եւ գիտութեամբ։ 9Ճանաչեցրեց մեզ, ինչպէս հաճելի էր իրեն, իր կամքի խորհուրդները. Նա դրանք նախապէս սահմանած էր Նրանով, 10որպէսզի, ժամանակների լրումին, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրայ, ամէն ինչ Քրիստոսով բովանդակուի։ 11Նրանով է, որ ժառանգեցինք մեզ վիճակուած բաժինը, ըստ առաջադրութեան Աստծու, որ ամէն ինչ յաջողեցնում է իր կամքի խորհուրդների համաձայն. 12մենք՝ նախապէս Քրիստոսին յուսացողներս, նախասահմանուած եղանք գովելու նրա փառքը։ 13Նրանով է, որ դուք էլ լսեցիք ճշմարտութեան խօսքը՝ ձեր փրկութեան Աւետարանը, որին հաւատալով կնքուեցիք խոստացուած Սուրբ Հոգով, 14որ մեր ժառանգութեան առհաւատչեան է մինչեւ այն օրը, երբ կատարելապէս կը տիրանանք փրկութեանը՝ ի գովութիւն նրա փառքի։
ՊՕՂՈՍԻ ԱՂՕԹՔԸ
15Ուստի ես էլ, երբ լսեցի ձեր հաւատի մասին, որ ունէք ի Տէր Յիսուս, եւ սիրոյ մասին, որ ունէք բոլոր սրբերի հանդէպ, 16չեմ դադարում գոհութիւն յայտնել ձեզ համար՝ յիշելով ձեզ իմ աղօթքներում, 17որպէսզի մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածը՝ Հայրը փառքի, ձեզ տայ իմաստութեան եւ յայտնութեան հոգի իրեն ճանաչելու համար։ 18Նա լուսաւոր պիտի դարձնի ձեր սրտի աչքերը, որպէսզի մենք հասկանանք, թէ ի՛նչ է նրա կոչման յոյսը, ի՛նչ է նրա ժառանգութեան փառքի մեծութիւնը սրբերի մէջ 19եւ ի՛նչ է նրա զօրութեան գերազանց մեծութիւնը։ 20Նա իր ամենակարող զօրութիւնը ցոյց տուեց Քրիստոսով, երբ նրան յարութիւն տուեց մեռելներից եւ նստեցրեց իր աջ կողմում, երկնքի մէջ՝ 21ամէն իշխանութեան, պետութեան, զօրութեան ու տէրութեան վրայ, այլեւ ամէն անուան վրայ, որ տրւում է ոչ միայն այս աշխարհում, այլ նաեւ հանդերձեալում։ 22Նա ամէն ինչ հնազանդեցրեց Յիսուսի ոտքերի տակ եւ նրան հաստատեց, իբրեւ գլուխ եկեղեցու, բոլոր բաների վրայ, 23եկեղեցի, որ նրա մարմինն է, լրումը նրա, ով ամէն ինչ լցնում է ամէն բանի մէջ։
Էջմիածին · HYEJB1994