Եսթեր

1

1այս Արտաշէսը տիրում էր Հնդկաստանից մինչեւ Եթովպիա՝ հարիւր քսանեօթը գաւառի, - 2երբ նա Սուսա քաղաքում նստեց գահին, 3իր թագաւորութեան երրորդ տարում խնջոյքի հրաւիրեց իր սիրելիներին ու մեծամեծներին, նաեւ այլ ազգերի՝ պարսիկների ու մարերի բոլոր նախարարներին եւ իշխաններին։ 4Նա հարիւր ութսուն օր նրանց ցոյց տուեց իր թագաւորութեան հարստութիւնը՝ իր ուրախութեան ու վայելչութեան փառքը։ 5Երբ խնջոյքի օրերն աւարտուեցին, յաջորդ անգամ կրկին հրաման տուեց խնջոյքի կանչելու իր ռամիկ քաղաքացիներին արքունի տան գաւթում։

ԱՐՏԱՇԷՍ ԹԱԳԱՒՈՐԻ ԽՆՋՈՅՔԸ

6Այս դէպքերից յետոյ, Արտաշէսի օրօք, - 7Այնտեղ կային թագաւորի ոսկէ ու արծաթէ սափորներ եւ գաւաթներ, որոնք ունէին երեսուն հազար քանքարի գին։ 8Գինին առատ էր եւ արքայավայել։ Բայց այս խնջոյքը չեղաւ այնպէս, ինչպէս կարգն էր, որովհետեւ թագաւորը ցանկացել էր, որ իր սպասաւորները կատարեն հիւրերի կամքը։ 9Իսկ թագաւորի կինը՝ Ասթինէն, Արտաշէս թագաւորի ապարանքում խնջոյք արեց կանանց համար։

ԱՍԹԻՆԷ ԹԱԳՈՒՀՈՒ ՇՆՈՐՀԱԶՐԿՈՒՄԸ

10Եօթներորդ օրը թագաւորը, որի սիրտը լցուած էր ուրախութեամբ, ասաց Ամանին, Բազանին, Թառային, Բուրազէին, Աթելթային, Բատենզային եւ Թառաբբային՝ իր եօթը ներքինիներին, 11որ կնոջը կանչեն արքունիք, որպէսզի թագադրի նրան եւ բոլոր իշխաններին ու ազգերին ցոյց տայ նրա գեղեցկութիւնը, որովհետեւ նա շատ գեղեցիկ էր։ 12Իսկ Ասթինէն չուզեց լսել հրամանը՝ ներքինիների հետ գալու նրա մօտ։ Թագաւորը տրտմեց, խիստ բարկացաւ 13եւ իր սիրելիներին պատմեց Ասթինէի վարմունքը։ Թագաւորն ասաց. «Այժմ դատ ու արէ՛ք»։ 14Եւ նրա մօտ մտան Արքինէոսը, Առնաթեւը եւ Մալիսեարը՝ պարսիկների եւ մարերի այն իշխանները, որ արքայի մերձաւորներն ու աթոռակիցներն էին. 15սրանք յայտնեցին, թէ օրէնքով ինչ պէտք անել թագաւորի Ասթինէին, քանի որ չէր կատարել ներքինիների միջոցով իրեն տրուած արքայական հրամանը։

16Այն ժամանակ Մուրթքէն ասաց արքային. «Տիկնանց տիկին Ասթինէն հակառակուեց ոչ թէ միայն արքային, այլեւ՝ արքայի բոլոր իշխաններին եւ կուսակալներին։ 17Այսպէս անհնազանդ կը լինեն նաեւ պարսիկների ու մարերի իշխանների բոլոր կանայք. 18երբ նրանք լսեն թագաւորի կնոջ այս արհամարհանքը, համարձակ կարող են անարգել իրենց ամուսիններին։ 19Արդ, եթէ արքան կամենայ եւ հաճելի թուայ նրան, թող այդ կինն այլեւս չմտնի արքայի մօտ, եւ թող արքան նրա տիկնութիւնը տայ այն կնոջը, որը նրանից աւելի լաւը կը լինի։ 20Եւ երբ այս օրէնքը կը հրապարակես քո թագաւորութեան մէջ, կանայք՝ աղքատներից մինչեւ մեծամեծները, մեծ յարգանքով կը պատուեն իրենց ամուսիններին»։ 21Այս խօսքը հաճելի թուաց արքային եւ նրա բոլոր իշխաններին, եւ թագաւորն արեց այնպէս, ինչպէս ասաց Մուրթքէն։ 22Նա հրովարտակ ուղարկեց իր ամբողջ թագաւորութեան բոլոր գաւառները, որ այդ հրամանը դրուի բոլոր կանանց վրայ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն