Եսթեր
11
1Պտղոմէոսի եւ Կլէոպատրայի թագաւորութեան չորրորդ տարում ղեւտացի քահանայ Դոսիթէոսը եւ նրա որդի Պտղոմէոսը տօների կարգի մէջ մուծեցին այս տօնը՝ փուրիմեանը, որը գրուած է ազնուական հրովարտակում եւ կոչւում է Պտղոմէոսի որդի Լուսիմաքոսի անունով, այն, որ Երուսաղէմում է։ 2Արտաշէս մեծ արքայի թագաւորութեան երկրորդ տարում, առաջին օրն Ադար ամսի, որ հայերէն Արեգ ամիսն է, երազ տեսաւ Մուրթքէն՝ Բենիամինի ցեղից մի հրեայ մարդ, որ որդին էր Յայիրի, սա՝ Սեմէի, եւ սա՝ Կիսէի։ 3Մուրթքէն բնակւում էր Սուսա քաղաքում, մեծ մարդ էր եւ հաւատարիմ պաշտօնեայ թագաւորի տան բոլոր գործերի վրայ։ 4Նա այն գերինից էր, որոնց Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան Երուսաղէմից գերեվարել էր Հրէաստանի արքայ Յեքոնիայի հետ միասին։
5Այս է այն երազը, որ նա տեսաւ. երազում նա լսում էր ալեկոծութեան, որոտի եւ երկրաշարժի ձայն. երկրի վրայ մեծ խառնաշփոթութիւն էր։ 6Եւ ահա երկու շատ մեծ վիշապներ ելնում էին իրար դէմ՝ պատրաստ կռուելու։ 7Նրանցից լսուեց մի բարձր ձայն, եւ նրանց այդ ձայնից բոլոր ազգերը պատրաստուեցին պատերազմի, որպէսզի կռուեն մի արդար ազգի դէմ։ 8Դա խաւարի ու մթի օր էր, տառապանքի ու նեղութիւնների օր, իսկ երկրի վրայ մեծ խառնաշփոթութիւն էր։ 9Խռովքի մատնուեց ամբողջ արդար ազգը՝ իր վրայ հասնող չարիքների պատճառով եւ պատրաստուեց կործանման։ Նրանք կանչեցին Աստծուն։ 10Նրանց ձայնից՝ ինչպէս փոքրիկ աղբիւրից, առաջացաւ մի մեծ ու յստակ գետ։
ԵՍԹԵՐԻ ԳԻՐՔԸ
ՄՈՒՐԹՔԷԻ ԵՐԱԶԸ
11Արեգակը ծագեց, խոնարհ մարդիկ բարձրացան եւ ոչնչացրին սնափառներին։
12Մուրթքէն զարթնեց այս երազից, մտածեց, թէ ինչ էր խորհել Աստուած անել. նա երազը պահում էր իր սրտում, եւ իր ամբողջ հոգով ցանկանում էր իմանալ, թէ ինչ կը լինի երազը, որ ինքը տեսաւ այդ գիշեր։
Էջմիածին · HYEJB1994