Եսթեր

13

1«Ես՝ մեծ արքայ Արտաշէսը, գրում եմ այս հրամանը ձեզ, որ Հնդկաստանից մինչեւ Եթովպիայի կողմերում էք, իշխաններիդ եւ պետերիդ, ձեր հպատակներին եւ իմ այս ամբողջ երկրին։ 2Կամենալով ո՛չ թէ իմ իշխանութեան յարուցած ահով հպարտանալ, այլ քաղցրութեամբ ու խոնարհութեամբ կառավարել, որպէսզի նրանք, որ հնազանդ են, աներկիւղ եւ միշտ ապահով կեանք ունենան, եւ իմ թագաւորութիւնը խաղաղութեամբ մնայ մինչեւ իմ երկրի ծայրամասերը, ինչպէս նաեւ վերահաստատելու համար բոլոր մարդկանց ցանկալի խաղաղութիւնը, 3ես հարցրի իմ խորհրդակիցներին, թէ ինչպէս կարելի է գլուխ բերել այս ամէնը։ Եւ Համանը, որի իմաստութիւնը, անփոփոխ հոգածութիւնը, հաստատուն հաւատարմութիւնը յայտնի է, եւ որով նա արժանացել է իմ երկրորդ աթոռակցութեանը, 4մեզ ցոյց տուեց, որ ամբողջ աշխարհի ազգերին խառնուած է մի դժնդակ, օրինազանց , որ ընդդիմանում է թագաւորներին, չի լսում նրանց, մերժում է նրանց հրամանները, որոնք մեր կողմից սահմանուած ու հաստատուած են եւ պարտադիր են մեր իշխանութեան համար։ 5Արդ, միայն այս ազգն է, որ իր բոլոր ցեղերով հակառակ է միւս ազգերին, բոլոր մարդկանց եւ մերժում է օտար օրէնքներն ու կարգերը։Նրանք վատ մարդիկ են ու մեր օրէնքներին հակառակ, նրանց ձեռքով են կատարւում բոլոր չարիքները, նրանք մեր թագաւորութեան թշնամիներն են։ 6Այժմ որոշում եւ այդ մասին ազդարարում ենք մեր այս գրով՝ հաստատուած մեր եւ մեր գործերի կառավարիչ ու թագաւորութեան երկրորդ Համանի կողմից, այս տարուայ տասներկուերորդ ամսի՝ Ադար ամսի չորրորդ օրը թշնամու սրով իսպառ ոչնչացնել բոլոր հրեաներին, կանանցով ու որդիներով հանդերձ, առանց գթալու եւ խնայելու։ 7Թող նրանք այս տարի չարաչար մահով մէ՛կ օրում իջնեն։ Միայն այդ ժամանակից, այդ գործերը կատարելուց յետոյ խաղաղութիւն կը լինի մեզ»։ 8Հրովարտակի պատճէնները գրուեցին եւ տարածուեցին բոլոր գաւառներում։ Երբ հրապարակուեց այս հրամանը, բոլորն սկսեցին պատրաստուել այդ օրուան։ Այդ լուրերն արագ հասան նաեւ Սուսա ։ Մինչ թագաւորն ու Համանը իրենց մազերը յարդարած զուարճանում էին, ամբողջ քաղաքը խռովութեան մէջ էր։ Մուրթքէն թախանձագին աղաչեց Տիրոջը՝ մտաբերելով եւ յիշելով Տիրոջ փառաւոր գործերը։ Նա ասաց. 9«Տէ՛ր , Թագաւո՛ր Ամենակալ, քո հրամանին է սպասում ամէն ոք, ոչ ոք չի կարող ընդդիմանալ քեզ, եթէ դու կամենում ես ապրեցնել քո ժողովրդին՝ Իսրայէլին, 10որովհետեւ դու, Տէ՛ր, ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ բոլոր սքանչելիքները. 11դու տիրում ես ամէն բանի վրայ, եւ ոչ ոք չի կարող հակառակ լինել քո տէրութեանը. դու գիտես ամէն ինչ. 12որովհետեւ ես ո՛չ հպարտութիւնից, ո՛չ ամբարտաւանութիւնից եւ ո՛չ էլ թշնամանքից ելնելով չերկրպագեցի ամբարտաւան Համանին։ 13Մինչդեռ ես հաճոյքով կը կամենայի համբուրել նրա ոտքերի գարշապարները Իսրայէլի այս տան փրկութեան համար։ 14Բայց ես այս բանն արեցի, որպէսզի չտամ մարդ արարածին, այլ միայն քեզ՝ ճշմարիտ Աստծուդ. ես չեմ երկրպագի որեւէ մէկին, այլ միայն քեզ՝ իմ Տիրոջը. ես դա չարեցի ամբարտաւանութեամբ։ 15Արդ, Աբրահամի Տէ՛ր Աստուած, դու խնայի՛ր քո ժողովրդին, քանզի մեր դէմ բարձրացել են ապականիչները, որովհետեւ ցանկանում են կորստի մատնել քո սկզբնական ժառանգութիւնը։ 16Մի՛ անտեսիր քո բաժինը, որ դու ինքդ փրկեցիր Եգիպտացիների երկրից։ 17Լսի՛ր, Տէ՛ր, իմ աղօթքի ձայնը եւ քաւի՛չ եղիր քո ժառանգութեանը, մեր սուգն ուրախութեա՛ն փոխիր, որպէսզի մենք՝ ապրողներս, օրհնենք քո մեծ անունը, Տէ՛ր։ Մի՛ ապականիր այն բերանը, որ օրհնում է քեզ»։ 18Եւ բոլոր իսրայէլացիները, իրենց ամբողջ զօրութեամբ, կանչեցին Տիրոջը, քանի որ մահը նրանց առջեւ էր։

Էջմիածին · HYEJB1994