Եսթեր

16

ԱՐՏԱՇԷՍԻ ԱՆՈՒՆԻՑ ԳՐՈՒԱԾ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ

Այս էր պատճէնն այն հրովարտակի, որ կնքուած էր թագաւորի մատանիով.

1Ես՝ մեծ թագաւոր Արտաշէսը, ողջունում եմ ձեզ, որ Հնդկաստանից մինչեւ Եթովպիայի կողմերում էք, հարիւր քսանեօթը գաւառների նախարարներիդ եւ իշխաններիդ, ձեզ, որ մեր մտքի եւ մեր սրտի մէջ էք։ 2Շատերը, որ շատ անգամ իրենց բարերարների քաղցր վերաբերմունքի շնորհիւ յաճախակի պատիւների են արժանացել, չափից աւելի մեծամտացան իրենց խորհուրդներով։ 3Նրանք ոչ միայն աշխատում են մեր հպատակներին չարչարել, այլ իրենց յանդգնութեամբ չեն կարողանում հանդուրժել նաեւ մեծերին եւ մեքենայութիւններ են նիւթում իրենց բարերարների հանդէպ։ 4Այդպիսով նրանք ոչ միայն վերացնում են մարդկանցից երախտագիտութիւն ստանալու հնարաւորութիւնը, այլեւ յղփանալով ու գոռոզամտանալով՝ ուզում են անհնարին գովասանքներ ստանալ։ Նրանք չգիտեն, որ այդ ամենի վերատեսուչը յաւերժական Աստուածն է։ Նրանք ատելի չարութեամբ կարծում են, թէ կը խուսափեն դատաստանից։ 5Շատ անգամ շատերը, որ իշխանութեան են նշանակուած եւ որոնց գործ է վստահուած, իրենց համար հանգստութիւն ու մխիթարութիւն են համարում անմեղ արիւն թափելը։ 6Դրա համար էլ այդպիսի մէկը կրեց իր արժանի պատիժը, որը, չարակամութեամբ եւ ատելութեամբ, առանց խորհելու մեզ մօտ ամբաստանեց նրանց, ովքեր պատուի են արժանացել մեր կողմից։ 7Իսկ այժմ պէտք է առաւել զգոյշ լինել, քան նախորդ անգամ, ինչպէս սովորեցրինք ձեզ, որովհետեւ այն անգամ գրուեց միայն այդպիսի մարդկանց մասին եւ ոչ թէ նրանց արած գործերի, մարդիկ, որոնք անարժանաբար հզօրացել էին իրենց ժառանգած իշխանութեամբ։ 8Արդ, նայելով թագաւորութեանս, այնպէս արէք, որ այն լինի առանց խռովութեան, քանի որ մենք բոլոր մարդկանց շնորհեցինք ապրել խաղաղութեամբ։ 9Այժմ վերադարձէ՛ք նոյն վիճակին. թող մերժուի նախորդ հրամանը. հարկաւոր է հեզութեամբ ու խաղաղութեամբ ընդառաջել 10եւ ոչ ինչպէս Ամադոթի որդի Համան Մակեդոնացին, որը իսկապէս օտար լինելով պարսից զարմին եւ այն քաղցր վերաբերմունքին 11ու մարդասիրութեանը, որ ունենք բոլոր ազգերի նկատմամբ, եւ որոնք խիստ ատելի, մերժելի եւ խորթ էին նրա համար այն աստիճան, որ, թէեւ նա կոչուեց մեր աթոռակիցը, որին երկրպագում էին բոլորը, որ մեր իշխանութեան տակ են, եւ որին պատուեցինք մեր երկրորդ աթոռին նստեցնելով, 12բայց նա իր ամբարտաւանութեան մէջ չհանդարտուեց, ջանաց մեքենայութիւն նիւթել՝ հեռացնելու մեզ այս իշխանութիւնից եւ զրկելու հոգուց։ 13Մեր փրկիչ ու երախտաւոր Մուրթքէին եւ իմ թագաւորութեանը հաւասար չքնաղ ու անարատ Եսթեր տիկնանց տիկնոջը, իր ամբողջ ազգով հանդերձ, բազում զուր եւ դատարկ մեղքեր վերագրելով, նա ցանկացաւ առանց պատճառի կործանել։ 14Այս եղանակով նա մտածում էր իմ պարսկական թագաւորութիւնը վերածել աւերի ու անապատի եւ այն կրկին վերադարձնել մակեդոնացիներին։ 15Իսկ մենք տեսնում ենք, որ բազմահնար այդ սատակչի կողմից կոտորուելու մատնուած հրեաների մէջ չարութեան որեւէ գործ չկայ, եւ նրանք արդար օրէնքներով ընթացող մարդիկ են։ 16Սրանք որդիներն են բարձրեալ, մեծ ու կենդանի Աստծու, որ մեր եւ մեր ազգի թագաւորութիւնը վարում է իր բարութեան եւ սիրոյ առատութեամբ։ 17Արդ, լաւ կ’անէք, որ ոչինչ չձեռնարկէք ըստ այն հրովարտակի, որ Համանի հրամանն է եւ ուղարկուած է ձեզ։ 18Նա ինքնագլուխ է արել այդ բանը, դրա համար էլ նա Սուսա քաղաքի դռների մօտ իր ամբողջ ընտանիքով հանդերձ կախաղան է հանուել՝ վրէժի արժանի հատուցումն իր վրայ ընդունելով Ամենակալ Աստծուց, որը նրան արագ հատուցեց իր դատաստանը։ 19Այս հրովարտակի պատճէնը հանեցէ՛ք, դրէ՛ք տեսանելի տեղերում, տարածեցէ՛ք ամենայն հոգածութեամբ, որպէսզի հրեաները կատարեն իրենց օրէնքները։ 20Արդ, թող նրանք քաջալերուեն, որովհետեւ ինչպէս նեղութեան ժամանակ նրանց չարչարում էին, թող նրանք այդպէս էլ հատուցեն իրենց թշնամիներին Ադար ամսի նոյն՝ տասներկուերորդ եւ տասներեքերորդ օրը. 21քանզի Ամենազօր հէնց ինքը այդ ընտրեալ ազգի կործանման փոխարէն նրանց ուրախութիւն տուեց։ 22Եւ դուք այժմ ձեր օրէնքով՝ ձեր տարեկան տօներին եւ նշանաւոր օրերին ուրախութիւն կ’անէք, 23որպէսզի, ինչպէս մինչեւ հիմա, այնպէս էլ սրանից յետոյ եւս փրկութիւն լինի մեզ եւ պարսիկներիս համար վաստակածներին, իսկ կորստեան յիշատակ նրանց, ովքեր մեզ համար մահ էին նիւթում։ 24Բոլոր այն քաղաքներն ու գաւառները, որոնք չեն գործի ըստ մեր այս խօսքերի, սրով, հրով եւ ցասումով պիտի աւերուեն եւ դատարկուեն ոչ միայն մարդկանցից, այլեւ երկրի գազաններից եւ թռչուններից, որոնք յաւիտեան պիտի թողնեն եւ հեռանան դրանցից։

Էջմիածին · HYEJB1994