Եսթեր
2
ԵՍԹԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԹԱԳՈՒՀԻ
1Այս դէպքերից յետոյ թագաւորի բարկութիւնը հանդարտուեց, եւ նա Ասթինէին այլեւս չյիշեց իսկ, որովհետեւ մտքում պահում էր այն, թէ ինչ էր խօսել նա։ Այսպէս մերժուելով՝ կինը շնորհազրկուեց։ 2Թագաւորի սպասաւորներն ասացին. «Թող արքայի համար փնտռեն տեսքով գեղեցիկ կոյս աղջիկներ. 3թող արքան հրամայի իր թագաւորութեան բոլոր երկրներում նշանակել գաւառապետներ, որոնք կ’ընտրեն կոյս աղջիկներ եւ բերել կը տան Սուսա քաղաք՝ մի կուսանոց։ Նրանց կը յանձնեն արքունի ներքինուն, որը կանանց պահապանն է, եւ արքան կը հրամայի նրանց տալ իւղ, օճառ եւ այն ամէնը, ինչ պէտք է նրանց։ 4Թող Ասթինէի փոխարէն թագաորի այն կինը, որ հաճելի կը լինի արքային»։ Արքային հաճելի թուացին այս խօսքերը, եւ նա այդպէս էլ արեց։
5Սուսա քաղաքում կար Բենիամինի ցեղից մի հրեայ մարդ. նրա անունն էր Մուրթքէ. սա որդին էր Յայիրի, սա՝ Սեմէի, եւ սա՝ Կիսէի։ 6Մուրթքէն գերի էր բերուել Երուսաղէմից այն գերիների հետ, որոնց գերեվարել էր Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան։ 7Նա դաստիարակել էր մի մանկան՝ իր հօրեղբայր Ամինադաբի դստերը, որի անունը Եսթեր էր։ Նրան վերցնելով իր հօրից ու մօրից՝ Մուրթքէն ուզում էր իրեն կնութեան առնել։ 8Աղջիկը տեսքով շատ գեղեցիկ էր։ Երբ թագաւորի հրամանը տարածուեց, Սուսա քաղաքում հաւաքուեցին բազմաթիւ աղջիկներ, որոնք Օգէի ձեռքի տակ էին։ Եսթերին տարան կանանց վրայ նշանակուած ներքինի Օգէի մօտ։ 9Աղջիկը նրան հաճելի թուաց եւ շնորհ գտաւ նրա առաջ։ Օգէն շտապեց նրան տալ իր բաժին օճառն ու այլ պարագաներ, նաեւ եօթը աղջիկներին, որոնք արքունիքից նրան նաժիշտ էին տրուած։ Նա Եսթերին, նոյնպէս եւ նաժիշտներին, աւելի էր խնամում, քան նրա միւս ընկերուհիներին։ 10Եսթերը չյայտնեց իր ազգութիւնն ու գաւառը, որովհետեւ Մուրթքէն նրան պատուիրել էր չյայտնել։ 11Մուրթքէն ամէն օր գնում էր շրջելու կանանց տան մօտ ու տեսնելու, թէ ինչ է պատահելու Եսթերին, 12քանզի մօտեցել էր աղջկայ՝ թագաւորի մօտ մտնելու ժամանակը։ Արդէն լրանում էր տասներկու ամիսը, որովհետեւ աղջիկների մարմնական խնամքի ընթացքն այսպէս էր արւում. նրանք վեց ամիս օծւում էին անուշահոտ իւղերով, վեց ամիս էլ՝ անուշաբոյր խնկերով եւ կանանց լուացուելու օճառներով։ 13Եւ աղջիկը նոր միայն մտնում էր արքայի մօտ։ Ում որ ներքինին կամենում էր տալ արքայի ձեռքը, նա նրա հետ մտնում էր սենեակ՝ թագաւորի մօտ։ 14Երեկոյեան աղջիկը մտնում էր թագաւորի մօտ, իսկ ցերեկը վերադառնում իր ընկերուհիների եւ կանանց պահապան ներքինի Օգէի մօտ. նա մնում էր այնտեղ, մինչեւ որ նրան անունով կանչէին թագաւորի սենեակ։
15Երբ լրացաւ Մուրթքէի հօրեղբայր Ամինադաբի դուստր Եսթերի՝ արքայի մօտ մտնելու ժամանակը, աղջիկը զանց չարեց ոչ մի բան, որ երբեւէ պատուիրել էր նրան կանանց պահապան ներքինին, որովհետեւ Եսթերը շնորհ էր գտնում բոլոր նրանց առաջ, ովքեր թէկուզ մի անգամ տեսնում էին նրան։ 16Եսթերն արքայի մօտ մտաւ տասներկուերորդ՝ Ադար ամսին, որ հայերէն Արեգ ամիսն է, նրա թագաւորութեան եօթներորդ տարում։ 17Եսթերն արքային շատ հաճելի թուաց, նա բոլոր կանանցից աւելի շնորհների արժանացաւ, եւ արքան նրա գլխին դրեց կանանց թագը։ 18Ապա թագաւորն իր բոլոր սիրելիների եւ իր զօրականների համար խնջոյք արեց եւ պատուեց Եսթերի հարսանիքը։ Նա հրամայեց թեթեւացնել բոլոր նրանց հարկերը, ովքեր իր թագաւորութեան ներքոյ էին։ Մուրթքէն խնամում ու կարգաւորում էր թագաւորի տունը։ 19Իսկ Եսթերը չյայտնեց իր հայրենի գաւառն ու երկիրը, որովհետեւ Մուրթքէն այսպէս էր պատուիրել. երկնչել Աստծուց եւ կատարել նրա հրամաններն այնպէս, ինչպէս նա անում էր առաջ, երբ իր մօտ էր։ Եւ Եսթերը չփոխեց իր սովորութիւնը։
20Այդ ժամանակ տրտմեցին արքայի երկու ներքինիները, որոնք նրա դռան պահապաններն էին, որովհետեւ նրանք Մուրթքէին նախանձում էին, որ թագաւորը իրենցից առաւել պատւում էր նրան, եւ ցանկանում էին սպանել Արտաշէս արքային։ 21Այս բանը յայտնի եղաւ Մուրթքէին. նա յայտնեց Եսթերին, իսկ Եսթերն էլ յայտնեց արքային սպանութեան այդ մտադրութիւնը։ 22Արքան կշտամբեց երկու ներքինիներին ու նրանց կախաղան հանեց։ Թագաւորը հրամայեց ճշտութեամբ արձանագրել այս դէպքերը, եւ թէ ինչպէս իր նկատմամբ հաւատարիմ եղաւ Մուրթքէն։
Էջմիածին · HYEJB1994