Եսթեր
3
ՀԱՄԱՆԻ ԵՒ ՄՈՒՐԹՔԷԻ ԲԱԽՈՒՄԸ
1Սրանից յետոյ այնպէս եղաւ, որ Արտաշէս արքան փառաւորեց Համանին՝ Դաթուբէի եւ նրա ընկերների հետ միասին. նրան բարձրացրեց առաջին աթոռին՝ իր բոլոր սիրելիներից աւելի։ 2Բոլորը, ովքեր թագաւորի տանն էին, երկրպագում էին Համանին, որովհետեւ թագաւորը հրամայել էր այդպէս անել։ Բայց Մուրթքէն նրան չէր երկրպագում։ 3Թագաւորի մեծամեծները խօսեցին Մուրթքէի հետ ու ասացին. «Մուրթքէ՛, ինչո՞ւ ըստ թագաւորի հրամանի, չես երկրպագում Համանին»։ 4Թէեւ նրանք ամէն օր այդ մասին խօսում էին նրա հետ, բայց նա չէր լսում նրանց. նրանք Համանի առջեւ ամբաստանեցին Մուրթքէին, թէ Մուրթքէն չի հնազանդւում արքայի հրամանին, որովհետեւ հրեայ է։ 5Երբ Համանն իմացաւ, որ նա չի երկրպագում իրեն, շատ զայրացաւ. 6նա մտածեց, թէ ինչպէս կորստեան մատնի Արտաշէս արքայի թագաւորութեան տակ եղած հրեաներին։ 7Արտաշէսի թագաւորութեան տասներկուերորդ տարում խորհուրդ արեցին թուահամարի վիճակ գցելու. նա օրից օր ու ամսից ամիս վիճակ էր գցում, թէ ինչպէս մի օրում կորստեան մատնի Մուրթքէի ազգը. եւ վիճակն ընկաւ Ադար ամսի տասնչորսին։
ՀԱՄԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀՐԵԱՆԵՐԻՆ ԲՆԱՋՆՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
8Նա խօսեց արքայի հետ ու ասաց. «Կայ մի ազգ, որ ցրուած է ժողովուրդների եւ քո ամբողջ թագաւորութեան մէջ։ Այդ ազգը բոլոր ազգերից աւելի ապիրատ ու խորամանկ է եւ արքունի օրէնքներին չի հնազանդուում. արքայի համար օգուտ չէ, եթէ դու թողնես, որ նրանք մնան։ 9Արդ, եթէ արքան կամենայ, նրանց կորստեան մատնելու հրաման կը տայ, իսկ ես արքունի գանձերին կ’աւելացնեմ տասը հազար արծաթ քանքար»։ 10Եւ արքան հանեց իր մատանին ու այն տուեց Համանի ձեռքը, որպէսզի նա գրի ու կնքի հրաման՝ հրեաներին կոտորելու մասին։ 11Թագաւորն ասաց Համանին. «Արծաթդ պահի՛ր քեզ, իսկ այդ ազգի հետ արա՛, ինչպէս որ կամենում ես»։ 12Եւ առաջին ամսին, տասներեքերորդ օրը կանչեցին արքունի գրագիրներին, որոնք, ինչպէս նրանց հրամայել էր Համանը, Արտաշէսի հրամանով գիր գրեցին բոլոր գաւառների զօրավարներին եւ իշխաններին, Հնդկաստանից մինչեւ Եթովպիա՝ հարիւր քսանեօթը գաւառներին եւ նրանց ազգերի իշխաններին՝ իւրաքանչիւրին իր լեզուով։ 13Սուրհանդակների միջոցով հրովարտակներն ուղարկուեցին Արտաշէսի իշխանութեան բոլոր կողմերը՝ տասներկուերորդ ամսին, որ Ադարն է, որպէսզի մի օրում հրեաների ազգը կոտորեն եւ նրանց ամբողջ ունեցուածքն ու հարստութիւնը յափշտակեն։ 14Հրովարտակի հրամանն այսպէս էր.
Էջմիածին · HYEJB1994