Եսթեր

4

ՄՈՒՐԹՔԷԻ ՏԱԳՆԱՊԸ

1Երբ Մուրթքէն իմացաւ կատարուած դէպքերի մասին, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ իր գլխին մոխիր ցանեց ու ընթացաւ քաղաքի հրապարակով։ Նա բարձր ձայնով աղաղակում էր եւ ասում. «Ինչո՞ւ էք իզուր եւ անտեղի վերացնում իմ ազգը, որ որեւէ չարիք չի գործել»։ 2Նա եկաւ մինչեւ արքունի տան դռներն ու կանգնեց. եւ որովհետեւ նա քուրձ էր հագել եւ մոխիր ցանել գլխին, արժանի չէր արքունի գաւիթ իսկ մտնելու։ 3Բոլոր գաւառներում, ուր որ կարդում էին հրովարտակը, հրեաները աղաղակ էին բարձրացնում, մեծ սուգ ու կոծ անում, քուրձ էին հագնում ու մոխիր լցնում իրենց վրայ։ 4Տիկնանց տիկնոջ ներքինիներն ու նաժիշտները մտան ու այդ մասին պատմեցին Եսթերին։ Երբ նա իմացաւ թագաւորի տուած հրամանի մասին, սաստիկ յուզուեց, ապա ուղարկեց՝ Մուրթքէին հագցնելու եւ քուրձը նրա վրայից հանելու համար, բայց նա չհամաձայնեց։ 5Եսթերը կանչեց իր Առնաթեւին, որ մշտապէս լինում էր նրա մօտ, եւ նրան ուղարկեց Մուրթքէից ճշմարտութիւնն իմանալու, թէ իսկապէս դա այդպէ՞ս է։ 7Մուրթքէն իրազեկ դարձրեց նրան կատարուած դէպքերի մասին, ինչպէս որ դրանք եղել էին, նաեւ այն մասին, որ Համանը խոստացել էր տասը հազար քանքարի գանձ տալ արքային, որպէսզի կոտորի հրեաներին։ 8Եւ նա Սուսա քաղաքում նրանց կոտորելու մասին կարդացուած հրովարտակի պատճէնը տուեց ներքինուն, որպէսզի ցոյց տայ Եսթերին։

ՄՈՒՐԹՔԷԻ ԱՂՕԹՔԸ

9«Տէ՛ր , Թագաւո՛ր Ամենակալ, քո հրամանին է սպասում ամէն ոք, ոչ ոք չի կարող ընդդիմանալ քեզ, եթէ դու կամենում ես ապրեցնել քո ժողովրդին՝ Իսրայէլին, 10որովհետեւ դու, Տէ՛ր, ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ բոլոր սքանչելիքները. 11դու տիրում ես ամէն բանի վրայ, եւ ոչ ոք չի կարող հակառակ լինել քո տէրութեանը. դու գիտես ամէն ինչ.

ԵՍԹԵՐԻ ԽՈՍՏՈՒՄԸ

12Առնաթեւը Մուրթքէին պատմեց Եսթերի բոլոր խօսքերը։ 13Մուրթքէն ասաց Առնաթեւին. «Դու գնա՛ եւ ասա՛ նրան. “Եսթե՛ր, դու մտքումդ մի՛ ասա, թէ այս թագաւորութեան մէջ բոլոր հրեաներից միայն ես կը փրկուեմ. 14եթէ դու այս ժամանակ չլսես ու լռես, ապա այլ տեղից հրեաներին օգնութիւն եւ փրկութիւն կը լինի, իսկ դու եւ քո հօր տունը կը կորչէք. եւ, ո՛վ գիտէ, գուցէ հէնց այսպիսի ժամանակի համար դու թագադրուեցիր”»։ 15Եւ Եսթերը ներքինուն կրկին ուղարկեց Մուրթքէի մօտ եւ ասաց. 16«Դու գնա՛ եւ հաւաքի՛ր Սուսա քաղաքում եղած հրեաներին, ինձ համար ծո՛մ պահեցէք եւ երեք օր՝ ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը չուտէք ու չխմէք, իսկ ես եւ իմ նաժիշտները նոյնպէս ծոմ կը պահենք։ Ապա ես կը մտնեմ արքայի մօտ, թէեւ այդ բանն անելն արքայի օրէնքներից դուրս է. սակայն ես կ’անեմ դա. եթէ մեռնելու իսկ լինեմ, չեմ յապաղի»։ 17Եւ Մուրթքէն գնաց ու արեց՝ ինչպէս իրեն պատուիրել էր Եսթերը։

18Եւ բոլոր իսրայէլացիները, իրենց ամբողջ զօրութեամբ, կանչեցին Տիրոջը, քանի որ մահը նրանց առջեւ էր։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն