Եսթեր
6
ՀԱՄԱՆԻ ՄՏԱԴՐՈՒԹԻՒՆԸ
ԹԱԳԱՒՈՐԸ ՄԵԾԱՐՈՒՄ Է ՄՈՒՐԹՔԷԻՆ
1Այդ գիշեր Տէր Աստուած փախցրեց արքայի քունը։ Արքան ասաց իր ատենադպրին, որ նա իր առջեւ բերի եւ կարդայ հրովարտակի գիրը։ 2Սա գտաւ հրովարտակը, որ գրուած էր Մուրթքէի մասին, թէ նա ինչպէս թագաւորին յայտնել էր այն երկու ներքինիների մասին, որոնք հսկում էին թագաւորի ապարանքը, եւ թէ ինչպէս ուզում էին սպանել Արտաշէս արքային։ 3Թագաւորն ասաց. «Իսկ ի՞նչ շնորհ կամ պատիւ տուեցինք Մուրթքէին»։ Արքայի սպասաւորներն ասացին. «Երբ իմացար քո նկատմամբ նրա հաւատարմութիւնն ու հոգածութիւնը, նրա համար ոչինչ չարեցիր»։ Առաւօտեան եկան թագաւորի գաւիթը։ 4Արքան ասաց. «Ո՞վ է իմ գաւթում»։ Համանը եկել էր թագաւորից հրաման առնելու, որ Մուրթքէին կախի այն կախաղանից, որ պատրաստել էր տուել նրա համար։ 5Արքայի սպասաւորներն ասացին. «Ահա Համանը դրսում է»։ Արքան ասաց. «Թող ներս գայ»։ 6Ապա թագաւորն ասաց Համանին. «Ի՞նչ անեմ ես այն մարդուն, որին կամենում եմ մեծարել»։ Համանը մտածեց ու իր մտքում ասաց. «Ո՞ւմ է կամենում արքան մեծարել, եթէ ոչ՝ ինձ»։ 7Եւ ասաց արքային. «Այն մարդուն, որին արքան կամենում է մեծարել, թող նրա համար բերեն արքայական պատմուճանը 8եւ այն նժոյգը, որին հեծնում է արքան, եւ թող դրանք տան արքայի սիրելիներից պատուարժան մէկին, 9որպէսզի նա պատմուճանը հագցնի այն մարդուն, որին սիրում է արքան, եւ նրան նստեցնի արքայական նժոյգին. թող քաղաքի հրապարակներում յայտարարեն ու ասեն. «Ա՛յսպէս կը լինի ամէն մարդու հետ, որին արքան կը մեծարի»։ 10Եւ արքան ասաց Համանին. «Լա՛ւ ասացիր. այդ կ’անես իմ տան խնամակալի՝ հրեայ Մուրթքէի համար. թող քո ասած խօսքերից որեւէ բան չվրիպի»։ 11Համանն առաւ պատմուճանն ու արքայական նժոյգը, հագցրեց Մուրթքէին, նրան նստեցրեց նժոյգին եւ տարաւ քաղաքի փողոցներով. նա յայտարարում էր ու ասում. «Ա՛յսպէս կը լինի ամէն մարդու հետ, որին արքան կը կամենայ մեծարել»։
12Ապա Մուրթքէն վերադարձաւ արքունի ապարանք, իսկ Համանը գնաց իր տունը՝ գլուխը կախած եւ տրտմութեամբ լի։ 13Համանն իր կին Զոսարրային պատմեց, թէ ինչ էր պատահել իր հետ։ Նրա սիրելիներն ու կինն ասացին նրան. «Եթէ Մուրթքէն հրեաների ազգից էր եւ իշխան դարձաւ, հնազանդուի՛ր նրան, որովհետեւ դու չես կարող նրան չարիք հասցնել, քանի որ Տէր Աստուած նրա հետ է, եւ Տէ՛րն է փառաւորել նրան»։ 14Եւ մինչ նրանք դեռ խօսում էին, երկու ներքինիներն եկան Համանին կանչելու տիկնոջ ճաշին։