Եսթեր
8
ԱՐՔԱՅԱԿԱՆ ՀՐՈՎԱՐՏԱԿ
Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ ՀՐԵԱՆԵՐԻ
1Այդ նոյն օրը թագաւորը Եսթերին նուիրեց քսու Համանի գանձը։ Թագաւորը կանչեց Մուրթքէին, քանզի Եսթերը նրան յայտնեց, որ նա իր ազգականն է։ 2Թագաւորը վերցրեց այն մատանին, որ հանել էր Համանի մատից, եւ այն տուեց Մուրթքէին. իսկ Եսթերը Մուրթքէին նշանակեց Համանի ամբողջ ունեցուածքի կառավարիչ։ 3Նա շարունակեց խօսել արքայի հետ, ընկաւ նրա ոտքերի առջեւ եւ աղաչում էր, որ վերացուի այն պատուհասը, որ ծրագրել էր Համանը հրեաների դէմ։ 4Եւ արքան ոսկի գաւազանը մեկնեց Եսթերին։ Եսթերը վեր կացաւ, որ գնայ արքայի սենեակը։ 5Եսթերն ասաց. «Եթէ դու կամենաս, եւ եթէ ես շնորհ եմ գտել քո առաջ, թող արքան սուրհանդակներ ուղարկի եւ վերադարձնի հրովարտակները, որ գրուեցին Համանի կողմից քո թագաւորութեան մէջ եղած հրեաներին կոտորելու մասին։ 6Ես ինչպէ՞ս կարող եմ տեսնել իմ ժողովրդին հասած չարիքը եւ կամ ինչպէ՞ս կարող եմ միայն ե՛ս ապրել իմ հայրենի գաւառի բնակիչներից»։ 7Թագաւորն ասաց Եսթերին. «Եթէ Համանի ամբողջ գոյքն ու հարստութիւնը քեզ նուէր տուեցի եւ նրան էլ կախաղան հանեցի, որովհետեւ նա հրեաների վրայ ձեռք էր բարձրացրել, այլեւս ի՞նչ ես խնդրում։ 8Արդ, դուք գրեցէ՛ք իմ խօսքով եւ իմ հրամանով, ինչպէս դուք կը ցանկանաք, եւ թող այն կնքուի իմ մատանիով, որովհետեւ ինչ որ գրէք, դա իմ՝ արքայիս տուած համանն է, եւ չի գտնուի մէկը, որ ընդդիմանայ այդ հրամաններին»։
9Արտաշէսի թագաւորութեան քսաներեքերորդ տարուայ Նիսան ամսի, որ Արեգն ամիսն է, առաջին օրը կանչեցին գրագիրներին եւ, ինչպէս հրաման էր տրուած, աշխարհագիր անող գրագիրների կողմից թագաւորի անունով հրովարտակներ գրուեցին բոլոր գաւառների բոլոր իշխաններին եւ կուսակալներին, նախարարներին եւ սատրապներին, Հնդկաստանից մինչեւ Եթովպիա՝ հարիւր քսանեօթը կուսակալներին, ըստ գաւառների՝ նրանց իւրաքանչիւրի լեզուով։ 10Հրովարտակները կնքուեցին թագաւորի մատանիով եւ մէկ օրում, Ադար ամսի տասներեքին, սուրհանդակների միջոցով ուղարկուեցին թագաւորութեան բոլոր վայրերը, որպէսզի հրեաները ողջ մնան բոլոր քաղաքներում իրենց անփոփոխ օրէնքներով, 11օգնական եւ թիկունք լինելու միմեանց՝ հատուցելու համար իրենց թշնամիներին, ինչպէս որ կը կամենան։ 12Այս հրովարտակի պատճէնները թող ցոյց տրուելով կարդացուեն իմ թագաւորութեան մէջ՝ բոլորի աչքի առաջ. ովքեր պատրաստուել էին կոտորելու հրեաներին, թող այս օրը կոտորեն նրանց թշնամիներին։ Ողջ լինէք»։ 13Սուրհանդակները ելան փութով կատարելու թագաւորի կարգադրութիւնը։ Հրամանը գրուեց եւ դրուեց Սուսա քաղաքում։ Եւ այն օրերին, երբ տեղի ունեցաւ այս բանը, 14Մուրթքէն դուրս ելաւ թագաւորի մօտից։ Նա հագել էր արքայական պատմուճանը, գլխին ոսկի պսակ ունէր եւ բեհեզից ու ծիրանուց թագ։ Ովքեր Սուսա քաղաքում էին, տեսան եւ շատ ուրախացան։ 15Հրեաների համար մեծ լոյս ծագեց, եւ նրանք շատ ուրախացան։ 16Բոլոր քաղաքներում ու գաւառներում, ուր կարդում էին արքունի հրամանները, խնդութիւն եւ ուրախութիւն էր լինում նրանց համար։ Հեթանոսներից շատերը հրէութիւն էին ընդունում եւ թլփատւում հրեաների ահի պատճառով։