Եսթեր

9

ՀՐԵԱՆԵՐԻ ՎՐԷԺԽՆԴՐՈՒԹԻՒՆԸ

1Տասներկուերորդ ամսին, որ Ադարն ամիսն է, նրա տասներեքերորդ օրը եկաւ հասաւ արքունիքից գրուած հրովարտակը։ Այդ նոյն օրը կոտորւում էին նրանք, որոնք միահամուռ հակառակուել էին հրեաներին։ 2Նրանցից ոչ մէկը ամենեւին չէր ընդդիմանում հրեաներին, քանզի վախենում էին նրանցից 3այն պատճառով, որ նրանց նախարարների վրայ կարգուած իշխանները, կուսակալները եւ արքունի պաշտօնեաները պատւում էին հրեաներին, քանի որ Մուրթքէի ահը կար նրանց վրայ։ 4Արքայի հրովարտակով իր ամբողջ թագաւորութեան մէջ Մուրթքէի անունը յիշատակելու հրաման էր տրուած։ 6Սուսա քաղաքում հրեաները կոտորեցին մօտ հինգ հարիւր մարդ. 7Փարակնին եւ Նեստէնին, Դոփոնին եւ Փազգային, 8Փարդաթային եւ Բարէային, Սարաբաքային եւ Մարմասիսին, 9Արուփէսնին, Արսէսնին եւ Արբութեթանին, 10որոնք որդիներն էին հրեաների Համանի, որը Բերգէի որդի Ամադոթի որդին էր։ 11Այն օրը նրանք ոչինչ չյափշտակեցին։ Արքային ներկայացրին Սուսա քաղաքում կոտորուածների թիւը։ 12Արքան ասաց Եսթերին. «Հրեաները Սուսա քաղաքում հինգ հարիւր մարդ են կոտորել. իսկ ի՞նչ ես կարծում, քաղաքից դուրս ինչքա՞ն աւելի շատ մարդ կոտորած կը լինեն։ Արդ, է՞լ ինչ ես կամենում, որ անեմ քեզ համար»։ 13Եսթերն ասաց արքային. «Թո՛ղ արքան հրեաներին թոյլ տայ, որ վաղն էլ այդպէս անեն, որ նրանք կախեն Համանի որդիներին»։ 14Արքան հրաման տուեց այդպէս անել. Համանի որդիների մարմինները դուրս բերել եւ քաղաքում գտնուող հրեաների մօտ կախաղան հանել։

15Ադար ամսի տասնչորսերորդ օրը հրեաները հաւաքուեցին Սուսայում ու կոտորեցին երեք հարիւր մարդ, բայց որեւէ բան չյափշտակեցին։ 16Իսկ նրա թագաւորութեան այլ վայրերում մնացած հրեաները հաւաքուեցին ու օգնում էին միմեանց։ Նրանք իրենց հանգիստ ու ապահով զգացին իրենց դէմ պատերազմողներից, որովհետեւ նրանցից կոտորեցին մօտ հինգ հազար հոգու 17Ադար ամսի տասներեքին եւ ոչինչ չյափշտակեցին։ Նոյն ամսի տասներեքերորդ օրը նրանք հանգստացան եւ այդ օրը հռչակեցին հանգստեան օր, խնդութեան եւ ուրախութեան օր։ 18Սուսա քաղաքի հրեաները հաւաքուեցին տասնչորսերորդ օրը, բայց չհանգստացան. նրանք տասնհինգերորդ օրը հռչակեցին ցնծութեան եւ ուրախութեան օր։ 19Այս պատճառով էլ ամբողջ երկրում եւ բոլոր գաւառներում հրեաներն ուրախութեան տօն են անում Ադար ամսի տասնչորսերորդ օրը, որպէս բարութեան եւ ուրախութեան օր։ Նրանք նուէրներ են ուղարկում իրար՝ ամէն մարդ իր ընկերոջը։ Իսկ մայրաքաղաքներում ապրող բնակիչներն Ադար ամսի տասնհինգերորդ օրը նոյնպէս տօնում են, որպէս բարութեան եւ ուրախութեան օր։

20Մուրթքէն այս դէպքերը գրի առաւ յիշատակարանների մատեաններում եւ ուղարկեց Արտաշէս արքայի իշխանութեան տակ գտնուող մօտիկ ու հեռաւոր հրեաներին, 21որպէսզի այս օրերը՝ Ադար ամսի տասնչորսը եւ տասնհինգը, իբրեւ կարգ, հաստատեն ուրախութեան տօնի օրեր, 22որովհետեւ այս երկու օրերին հրեաները հանգիստ գտան իրենց թշնամիներից։ Դա Ադար ամսին էր, երբ նրանց սուգը դարձաւ ուրախութիւն, եւ վշտերը փոխուեցին խնդութեան։ Այդ օրերը դարձնել են խնջոյքի օրեր, 23ինչպէս նրանց գրել է Մուրթքէն, 24թէ ինչպէս Ամադոթի որդի Համան Մակեդոնացին էր տուել իրենց դէմ, թէ ինչքան նա վիճակ էր գցել եւ օր նշանակել կոտորելու համար, 25կամ ինչպէս էր մտել արքայի մօտ եւ ուզում էր Մուրթքէին կախաղան հանել տալ, թէ ինչքան չար գործեր էր ձեռնարկել հրեաների դէմ, թէ ինչքան չարիքներ եկան լցուեցին ու բազմացան նրա մէջ, եւ թէ ինչպէս ինքն ու իր որդիները հանուեցին կախաղան։

26Սրա համար էլ ահա այս օրերը կոչուեցին փուրիմի օրեր, որովհետեւ, ըստ այս հրովարտակի խօսքերի, ժամանակը իրենց բարբառով կոչւում է փուրիմ։ Այն, ինչ որ այդ ժամանակ կատարուեց նրանց հետ, եւ ինչ որ եղաւ նրանց, Մուրթքէն հաստատեց որպէս կարգ։ 27Հրեաները դա ընդունեցին եւ յանձն առան. նրանք սովորեցնում էին նաեւ իրենց որդիներին ու նրանց յետնորդներին, 28որպէսզի նրանք սերնդից սերունդ չփոխեն յիշատակի այդ ամիսն ու օրերը, քաղաքներում եւ գաւառներում տօնեն պահոց այդ օրերը, եւ նրանց յիշատակը չպակասի սերնդից սերունդ։

29Ամինադաբի դուստր Եսթերը, նաեւ հրեայ Մուրթքէն գրեցին եւ հաստատեցին այս հրովարտակը, որպէսզի միշտ պահպանուի այդ տօնը։ 31Մուրթքէն ու Եսթերն առանձին-առանձին ընդունեցին այս կարգը, ուխտ արեցին եւ կատարեցին իրենց խորհուրդը։ 32Եսթերը երդումով հաստատեց այդ կարգը յաւիտենական ժամանակների համար, եւ այն գրուեց յիշատակարանների մատեանում։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն