Ելից
27
ՎՐԱՆԸ
()
1«Կարծր փայտից զոհասեղան կը պատրաստես։ Հինգ կանգուն թող լինի դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը։ Քառակուսի թող լինի զոհասեղանը։ Երեք կանգուն թող լինի դրա բարձրութիւնը։ 2Դրա չորս անկիւնների վրայ եղջիւրներ կ’անես այնպէս, որ դրանք միաձոյլ լինեն զոհասեղանի հետ։ Դրանք կը պատես պղնձով։ 3Զոհասեղանի համար շրջանակ կը պատրաստես։ Դրա խուփը, տաշտերը, մեծ պատառաքաղները, կրակարանները եւ ամբողջ սպասքը պղնձից կը պատրաստես։ 4Դրա համար պղնձից վանդակաւոր կասկարայ կը պատրաստես։ Կասկարայի համար չորս կողմից չորս պղնձէ օղակներ կը պատրաստես։ 5Դրանք կը դնես զոհասեղանի կասկարայի տակ՝ ներքեւի մասում։ Կասկարան թող հասնի մինչեւ զոհասեղանի մէջտեղը։ 6Զոհասեղանի համար լծակներ կը պատրաստես՝ լծակներ կարծր փայտից, եւ դրանք կը պատես պղնձով։ 7Լծակները կը մտցնես օղակների մէջ։ Լծակները թող լինեն զոհասեղանի երկու կողմերից, որպէսզի հնարաւոր լինի այն բարձրացնել։ 8Փայտեայ շինուածքների մէջը դատարկ թող լինի։ Կը պատրաստես ըստ այն օրինակի, որ ցոյց է տրուել քեզ լերան վրայ։ Այդպէս կը պատրաստես այն»։
ՏԻՐՈՋ ՎՐԱՆԻ ԲԱԿԸ ԵՒ ՎԱՐԱԳՈՅՐԸ
()
9«Վրանի առաջ բակ կը շինես, բակի հարաւային կողմում՝ նրբահիւս բեհեզից պատրաստուած առագաստ։ Հարիւր կանգուն թող լինի բակի մի կողմի երկարութիւնը։ 10Մոյթերը թող լինեն քսան հատ, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ։ Դրանց օղակներն ու խոյակները թող արծաթից լինեն։ 11Նոյն ձեւով հիւսիսային կողմում առագաստների երկարութիւնը թող լինի հարիւր կանգուն։ Դրանց պղնձէ մոյթերը թող լինեն քսան հատ, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ։ Դրանց գալարազարդերը, մոյթերը եւ խարիսխները թող լինեն արծաթապատ։ 12Ծովահայեաց բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն։ Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ։ 13Արեւելեան կողմի առաջին բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն։ Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ։ 14Առագաստների մի կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն։ Դրանց մոյթերը թող լինեն երեք, դրանց խարիսխները՝ երեք։ 15Առագաստների միւս կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն։ Դրանց մոյթերը թող լինեն երեք հատ, դրանց խարիսխները՝ երեք հատ։ 16Բակի դռան վարագոյրի բարձրութիւնը թող լինի քսան կանգուն։ Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից պատրաստուած թող լինի այն՝ նկարագեղ ասեղնագործութեամբ։ Դրանց մոյթերը թող լինեն չորս հատ, խարիսխներն էլ՝ չորս հատ։ 17Բակի շրջակայ բոլոր մոյթերը արծաթապատ թող լինեն, դրանց խոյակները՝ արծաթից, դրանց խարիսխները՝ պղնձից։ 18Բակի երկարութիւնը հարիւր կանգուն թող լինի, լայնութիւնը՝ յիսուն, իսկ բարձրութիւնը՝ տասնհինգ կանգուն։ Առագաստը նրբահիւս բեհեզից թող լինի։ Դրանց խարիսխները պղնձից թող լինեն։ 19Վրանի ամբողջ սպասքը, դրա բոլոր գործիքները եւ բակի բոլոր ցիցերը պղնձից թող լինեն»։
ՁԷԹ՝ ՃՐԱԳԻ ՀԱՄԱՐ
()
20«Իսրայէլացիներին կարգադրի՛ր, որ քեզ ձիթենու զուլալ, անարատ, ծեծուած ձիթապտղի ձէթ բերեն լոյսի համար, 21որպէսզի մշտավառ ճրագ լինի վկայութեան խորանում, ուխտի վարագոյրից դուրս։ Եւ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչեւ առաւօտ թող այն վառեն Տիրոջ առաջ։ Դա Իսրայէլի որդիների կողմից հաստատուած յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ»։
Էջմիածին · HYEJB1994