Եզեկիէլ մարգարեյի գիրք

13

1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, մարգարէութի՛ւն արա Իսրայէլի այդ մարգարէների դէմ, որ մարգարէանում են այնտեղ, եւ ասա՛ այդ մարգարէներին, որոնք իրենց սրտի ուզածի պէս են մարգարէանում. մարգարէացի՛ր ու ասա՛ նրանց. “Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները։ 3Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. վա՛յ նրանց, որ այդպէս քմահաճօրէն են մարգարէանում, որ գնում են իրենց քմահաճոյքի յետեւից ու ոչինչ չեն տեսնում։ 4Ո՛վ , քո մարգարէներն այնպէս էին, ինչպէս աղուէսները՝ աւերակներում. նրանք հաստատուն չմնացին։ 5Հօտեր ժողովեցին Իսրայէլի քո տան վրայ, ու չհաստատուեցին այն խօսքերը, որ նրանք խօսում էին Տիրոջ անունից, 6սուտ տեսիլքներ էին տեսնում, սնոտի գուշակութիւններ անում ու ասում էին՝ ‘ Այսպէս է ասում Տէրը”։ Բայց ես՝ Տէրս, չէի ուղարկել նրանց։ Եւ սկսեցին ուրիշ խօսքեր էլ մէջտեղ գցել։ 7Չէ՞ որ սուտ տեսիլքներ էիք տեսել, սնոտի գուշակութիւններ արել, երբ ասում էիք, թէ այսպէս է ասել Տէրը։ Բայց ես՝ Տէրս, չէի ասել։ 8Ուստի ասա՛. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այն բանի համար, որ ձեր խօսքերը սուտ են, ձեր գուշակութիւնները՝ սնոտի, 9ահա դրա համար ես իմ ձեռքը, - ասում է Ամենակալ Տէրը, - իջեցնելու եմ ձեզ վրայ, նաեւ ձեր մարգարէների վրայ, որոնք սուտ տեսիլքներ էին տեսնում ու սնոտի բաներ խօսում։ Իմ ժողովրդի ժողովատեղիներում չպէտք է լինեն դրանք, ո՛չ պիտի յիշուեն Իսրայէլի տան գրքերում, ո՛չ էլ պիտի մտնեն Իսրայէլի երկիրը։ Եւ պէտք է իմանան, որ ես եմ Ամենակալ Տէրը։ 10Եւ իմ ժողովրդին մոլորեցնելու համար ասում էին՝ խաղաղութի՜ւն է, խաղաղութի՜ւն է. բայց խաղաղութիւն չէր լինում։ Ժողովուրդը պատ էր կանգնեցնում, իսկ նրանք ծեփ էին քսում, որ փլուի։ 11Տէրն ասում է այդ ծեփողներին. “Դա անզգամութիւն է, քանի որ փուլ կը գայ. անձրեւ կը գայ ու կ’ողողի։ Դրա որմնակալերը ռմբաքարերով կը քարկոծեմ, ու կը խորտակուեն։ Հողմ կը բարձրանայ ու կը տապալի։ 12Եւ Ահա խորտակուած է պատը. այն ժամանակ ձեզ չե՞ն ասի, թէ՝ ‘ Ո՛ւր է ձեր ծեփը, որով այն ծեփեցիք”։ 13Արդ, այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “Իմ սրտմտութեամբ հողմ եմ արձակելու, որ ամէն ինչ մէջտեղից վերացնի։ Իմ բարկութեամբ անձրեւ է գալու՝ ողողելու համար։ Ցասումով ռմբաքար ժայռեր եմ արձակելու դրա վրայ, որ կործանուի։ 14Գետնին եմ հաւասարեցնելու այն պատը, որ ծեփում էիք, եւ այն պիտի խորտակուի։ Գետին եմ տապալելու այն, ու նրա հիմքերն են երեւալու։ Ընկնելու եւ վերջ է գտնելու այն՝ մեղադրուելով։ Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը։ 15Սրտմտութիւնս եմ թափելու թէ՛ պատի, թէ՛ այն ծեփողների վրայ։ Եւ այն պիտի խորտակուի։ Եւ ասելու եմ ձեզ, որ պատն այլեւս չկայ, ոչ էլ այն ծեփող Իսրայէլի մարգարէները, 16որոնք մարգարէանում էին Երուսաղէմի մասին, նրա համար խաղաղութիւն էին գուշակում, բայց խաղաղութիւն չկար”», - ասում է Ամենակալ Տէրը։

ԸՆԴԴԷՄ ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԷՈՒՀԻՆԵՐԻ

17«Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, դարձրո՛ւ դէմքդ քո ժողովրդի դուստրերի կողմը, որոնք իրենց սրտի ուզածի պէս էին մարգարէանում։ Դու էլ մարգարէութի՛ւն արա նրանց մասին ու ասա՛. 18“Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. վա՛յ նրանց, որ մոգական բարձիկներ են կարում-կարկատում թեւի արմունկի տակի համար եւ գլխաշորեր են սարքում ամէն հասակի մարդկանց գլխի համար՝ մոլորեցնելու նրանց հոգիները, որովհետեւ մոլորուել են իմ ժողովրդի հոգիները։ 19Խելքահան էին անում նրանց, ինձ բամբասում էին իմ ժողովրդի առաջ՝ մի բուռ գարու կամ մի պատառ հացի համար, որպէսզի սպանեն մարդկանց, որոնք մահապարտ չէին, եւ կենդանի պահեն նրանց, ովքեր պէտք չէ որ ապրէին։ Խօսում էին ժողովրդի ականջին, որ ախորժում է սին խօսքերից։ 20Ուստի այսպէս է ասում Տէր Աստուածը. “Ահա ես մոգական բարձիկների դէմ եմ, որոնց մէջ ամփոփում էիք ձեր հոգիները, եւ պատռել-պոկելու եմ դրանք ձեր թեւերից, առաքելու եմ այն մարդկանց, ում դուք մոլորեցնում էիք՝ կործանելու համար։ 21Պատառոտելու եմ ձեր գլխաշորերը։ Ազատելու եմ իմ ժողովրդին ձեր ձեռքից, ու նրանք ձեր բուռը հաւաքուած չեն լինելու։ Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը։ 22Այն բանի համար, որ անիրաւութեամբ խոտորում էիք արդարի սիրտը (ե՛ս չէի մոլորեցնում), ինչպէս նաեւ նրա համար, որ զօրացնում էիք անօրէնի բազուկը, որպէսզի նա երբեք յետ չդառնայ իր անօրէնութիւնից, իր չար ճանապարհից ու ապրի, - 23դրա համար այլեւս ունայնութիւններ չէք գուշակելու, հաճոյական գուշակութիւններ չէք անելու։ Փրկելու եմ իմ ժողովրդին ձեր ձեռքից, ու պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը”»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն