Եզեկիէլ մարգարեյի գիրք

15

Որթատունկի փայտի մասին

ԱՌԱԿ ՈՐԹԱՏՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ

1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, ինչի՞ կը ծառայի որթատունկի փայտը այն բոլոր ծառերի ու ճիւղերի մէջ, որ կան անտառում։ 3Միթէ նրանից մի փայտ կ’առնե՞ն՝ որեւէ գործիք սարքելու համար, կամ նրանից մի ցից կ’առնե՞ն՝ դրանից մի աման կախելու համար։ 4Բայց քանի որ այն հրոյ ճարակ է դառնում, քանի որ տարէցտարի կրակը նրա արգատն սպառում է, եւ որթատունկն իսպառ վերանում է, - մի՞թէ այն որեւէ գործի համար պիտանի կը լինի։ 5Թէկուզ եթէ որթատունկը ձեռք չտուած՝ ամբողջական լինի, դարձեալ ոչ մի բանի պիտանի չէ, ուր մնաց երբ իսպառ հրոյ ճարակ է դառնում. բոլորովին ոչ մի բանի պիտանի չէ։ 6Ուստի ասա՛. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ինչպէս որ անտառի փայտերի միջից որթատունկի փայտը հրոյ ճարակ եմ դարձրել, այնպէս էլ Երուսաղէմի բնակիչներիդ հետ եմ վարուելու։ 7Երեսս ուղղելու եմ նրանց դէմ։ Կրակից դուրս են գալու, բայց ուրիշ կրակի ճարակ են դառնալու։ Ու երբ երեսս ուղղեմ նրանց դէմ, պէտք է իմանան, որ ես եմ Տէրը։ 8Եւ երկիրը կործանման եմ ենթարկելու այն բանի համար, որ յանցանքներ գործեցին”», - ասում է Ամենակալ Տէրը։

Էջմիածին · HYEJB1994