Եզեկիէլ մարգարեյի գիրք
16
1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, իրազե՛կ դարձրու Երուսաղէմին իր անօրէնութիւնների մասին եւ ասա՛. 3“Այսպէս է ասում Ամենակալ Տէրը Երուսաղէմին. քո արմատն ու ծնունդը քանանացիների երկրից են. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի հիթիթ։ 4Քո ծննդի ժամանակ, այն օրը, երբ ծնուեցիր, ոչ ոք պորտդ չկտրեց. քեզ սնուցող ստինքը չամրացրին. ջրով չլուացուեցիր՝ փրկուելու համար, ոչ էլ աղով աղուեցիր. խանձարուրների մէջ չփաթաթուեցիր։ 5Աչքս էլ քեզ չխնայեց. քեզ չզգուշացրի այն ամենից, որ կարող են քեզ պատահել։ Դաշտում շպրտուած էիր քո խոտորնակ մտքերի համար։ Այն օրը, երբ դու ծնուեցիր, 6մօտովդ անցայ ու քեզ արեան մէջ թաթախուած տեսայ։ Ասացի քեզ՝ ‘ Կենդանացի՛ր արեանդ միջից. կեանքդ արիւնից է։ 7Աճի՛ր, քանի որ դաշտի բոյսի պէս աճեցրի քեզ”։ Աճեցիր եւ ուռճացար, եկար մտար քաղաքների այս քաղաքը։ Ստինքներդ կազմաւորուեցին, մազերդ փարթամացան, բայց դու խայտառակ կերպով մերկ էիր։ 8Եւ եկայ հասայ քեզ ու տեսայ, որ ժամանակդ եկել է, ինչպէս նաեւ քեզ գաղթեցնողների ժամանակը։ Թեւերս տարածեցի վրադ ու ծածկեցի խայտառակ մերկութիւնդ։ Երդում արեցի եւ ուխտ կապեցի հետդ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ դու իմը եղար։ 9Լուացի քեզ ջրով, մաքրեցի քեզ արիւնից ու օծեցի քեզ իւղով։ 10Պէսպէս հագուստներ հագցրի քեզ. երկնագոյնով զգեստաւորեցի, մէջքիդ բեհեզ գօտի կապեցի, վրադ սնդուս գցեցի։ 11Զարդեղէնով զարդարեցի քեզ. ձեռքիդ ապարանջաններ դրեցի, պարանոցիդ՝ քառամանեակ։ 12Քթիդ գինդեր ու ականջներիդ օղեր դրեցի, գլխիդ՝ փառապսակ։ 13Եւ դու զարդարուեցիր ոսկէ ու արծաթէ զարդերով։ Հագուստդ բեհեզ էր, ընտիր կերպաս՝ ասեղնագործուած։ Նաշիհ կերար, իւղ ու մեղր, չափազանց գեղեցիկ եղար, փայփայուեցիր արքայական գուրգուրանքով։ 14Քո գեղեցկութեան համբաւը տարածուեց բոլոր ազգերի մէջ, որովհետեւ այն գեղեցկութիւնը, որով ստեղծել էի քեզ, կատարելապէս վայելուչ էր”, - ասում է Ամենակալ Տէրը։
ՊՈՌՆԿԱՑԱԾ ԵՐՈՒՍԱՂԷՄԸ
15“Եւ դու քո գեղեցկութեամբ պանծալի եղար, շնացար քո հոմանիների հետ ու պոռնկութիւնդ տարածեցիր բոլոր անցորդների վրայ, որոնց հետ առաջ այդպիսի բաներ չէին պատահել։ 16Առար քո հագուստներից եւ դրանցից քեզ համար շինծու կուռքեր պատրաստեցիր։ Պոռնկացար դրանց հետ, բայց այնտեղ չե՛ս մտնելու, որովհետեւ առաջ դրանք չկային ու այլեւս չեն լինելու։ 17Արծաթից ու ոսկուց զարդեղէնը, որ քեզ էի տուել, առար ու դրանից տղամարդու արձաններ պատրաստեցիր, պոռնկացար դրանց հետ։ 18Քո գեղեցիկ հագուստն առար ու նրանց վրայ գցեցիր, իմ իւղն ու խունկն էլ նրանց առաջ դրեցիր։ 19Հացն էլ, որ տուել էի քեզ, նաշիհը, իւղն ու մեղրը, որոնցով սնել էի քեզ, - որպէս անուշահոտութիւն նրանց առաջ դրեցիր։ 20Եւ դրանից յետոյ, - ասում է Ամենակալ Տէրը, - վերցրիր տղաներիդ ու դուստրերիդ, որոնց դու ինձ համար էիր ծնել, սպանեցիր ու զոհ մատուցեցիր։ 21Իբր թէ քիչ համարեցիր քո պոռնկանալը, զաւակներիս էլ նրանց քաւութեան զոհ դարձրիր, ընծայաբերեցիր։ 22Իսկ դա աւելի սաստիկ մի բան եղաւ, քան քո բոլոր պոռնկութիւններն ու պղծութիւնները։ Ու չյիշեցիր քո մանկութեան օրերը, երբ մերկ էիր ու խայտառակ, արեանդ մէջ թաթախուած. այդ վիճակից էիր կենդանացել։
23Եւ այդ բոլոր չարիքները եկան քո գլխին. վա՜յ, վա՜յ քեզ, - ասում է Ամենակալ Տէրը։ - 24Քեզ համար պոռնկութեան տուն շինեցիր, բագիններ կանգնեցրիր բոլոր հրապարակներում, 25բոլոր ճանապարհների գլխին բարձրացրիր քո պոռնկատները, ապականեցիր դէմքիդ գեղեցկութիւնը, երանքդ բաց արիր ճանապարհի ամէն անցորդի առաջ ու սաստկացրիր պոռնկութիւնդ։ 26Պոռնկացար նաեւ քեզ սահմանակից Եգիպտոսի մեծ առնանդամ ունեցող զաւակների հետ, պոռնկացար բազմապատիկ, որպէսզի ինձ զայրացնես։ 27Արդ, ես ձեռքս իջեցնելու եմ քեզ վրայ եւ քո սննդի վրայ, քեզ մատնելու եմ քեզ ատելի այլազգիների դուստրերի ձեռքը, որոնք շեղում էին քեզ քո ճանապարհից։ 28Ամբարշտութիւն արեցիր ու պոռնկացար նաեւ Ասորեստանի զաւակների հետ, սակայն չյագեցար։ Խրուեցիր պոռնկութեանդ մէջ, բայց եւ այնպէս չյագեցար։ 29Շատացրիր դաշինքներդ՝ պոռնկանալով նաեւ քանանացիների ու քաղդէացիների երկրների հետ, սակայն եւ այնպէս դարձեալ չյագեցար։ 30Ինչպէ՞ս վարուեմ քո դուստրերի հետ, - ասում է Ամենակալ Տէրը, - այնքան բաներից յետոյ, որ արեցիր պոռնիկ կնոջ պէս. բազմիցս պոռնկացար անգամ դուստրերիդ հետ։ 31Պոռնկատներ կառուցեցիր բոլոր ճանապարհների գլուխներին եւ կոթողներ էիր կանգնեցնում բոլոր հրապարակներում։ Դու մի պարզ պոռնիկ կին չեղար, որ վարձ է հաւաքում, 32որովհետեւ ամէն պոռնիկ կին չէ, որ քեզ նման շնանում է իր ամուսնու հետ, ամուսնուց դրամ առնում ու վարձ տալիս իր հոմանիներին։ 33Բոլոր պոռնիկները վարձ են առնում իրենց համար, մինչդեռ դու ինքդ էիր վարձ տալիս տարփածուներիդ եւ նուէրներով հրապուրում էիր նրանց, որ գային քեզ մօտ բոլոր կողմերից՝ քեզ հետ շնանալու։ 34Եւ քեզ հետ, բոլոր պոռնկացող կանանց համեմատութեամբ, հակառակը տեղի ունեցաւ, ու ոչ ոք քեզ չհետեւեց, քանի որ նրանք իրենք էին տղամարդկանցից վարձ առնում, մինչդեռ դու ինքդ էիր տարփածուներիդ վարձ տալիս։ Ու քեզ հետ հակառակը տեղի ունեցաւ”։
ԱՍՏԾՈՒ ԴԱՏԱՍՏԱՆԸ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԱՍԻՆ
35“Ուստի, պոռնի՛կ, լսի՛ր, Տիրոջ պատգամները։ 36Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այն բանի համար, որ այլասերութեամբ թափեցիր քո դրամները, ու հոմանիներիդ առաջ բացայայտուեցին պոռնկութեանդ ամօթանքը, բոլոր պիղծ մտադրութիւններդ, ինչպէս նաեւ զաւակներիդ արեան համար, որ հոմանիներիդ էիր տալիս նրանց, - 37ահա սրանց համար ես քո դէմ եմ հաւաքելու բոլոր հոմանիներիդ, որոնց հետ խառնակուել ես, քո դէմ եմ հանելու քո բոլոր սիրելիներին ու ատելիներին, հաւաքելու եմ նրանց եւ շրջապատել եմ տալու քեզ, յայտնելու եմ նրանց առաջ քո բոլոր չարագործութիւնները, ու նրանք տեսնելու են քո բոլոր խայտառակութիւնները։ 38Քեզնից վրէժ եմ լուծելու իբրեւ շնացողի ու արիւն թափողի. քո առաջ եմ դնելու քո թափած արիւնը, քո առաջ եմ դնելու զայրոյթի ու նախանձի արիւնը։ 39Քեզ նրանց ձեռքն եմ մատնելու, եւ նրանք կործանելու են քո պոռնկատները, քանդելու են քո կոթողները, մերկացնելու են քեզ քո զգեստներից, առնելու են քո փառապսակը եւ թողնելու են քեզ մերկ ու խայտառակուած։ 40Եւ ամբոխին քո դէմ են հանելու, քարերով քարկոծելու են քեզ ու քեզ կտոր-կտոր են անելու իրենց սրերով։ 41Հրով են այրելու տներդ, դատաստանդ են տեսնելու կանանց բազմութեան առաջ։ Վերջ եմ տալու քո պոռնկութեանը, եւ դու այլեւս վարձ չես տալու տարփածուներիդ։ 42Բարկութիւնս թափելու եմ քեզ վրայ, ու այդպիսով քո հանդէպ վրէժխնդրութիւնս վերջ է գտնելու. հանգստանալու եմ եւ այլեւս հոգ չեմ անելու։ 43Այն բանի համար, որ չյիշեցիր մանկութեանդ օրերը, այդ ամենի համար տրտմեցնում էիր ինձ, - ես էլ ահա քո բռնած ճանապարհի համար գլխիդ բերի այս բաները, - ասում է Ամենակալ Տէրը։ - Այսպէս է որ ամբարշտութիւն եւ անօրէնութիւններ գործեցիր”։
ԵՐՈՒՍԱՂԷՄՆ ԱՒԵԼԻ ՎԱՏ Է, ՔԱՆ ՄԻՒՍ ՔԱՂԱՔՆԵՐԸ
44Այս բոլորի համար է որ քո մասին առակներ են փսփսում ու ասում, թէ՝ ‘ Ինչպիսին որ մայրն է, այնպիսին էլ աղջիկն է”։ 45Արդ, դու այն աղջկայ մայրն ես, որ վռնդեց ամուսնուն ու զաւակներին, եւ քոյրն ես քո այն քոյրերի, որոնք վռնդեցին ամուսիններին ու զաւակներին։ Ձեր մայրը քետացի էր, եւ ձեր հայրը՝ ամորհացի։ 46Ձեր աւագ քոյրը Շամրինն է, որ իր դուստրերի հետ բնակւում է քո ձախ կողմում, իսկ կրտսեր քոյրը՝ Սոդոմը, որ իր դուստրերի հետ բնակւում է քո աջ կողմում։ 47Սակայն դու նրանց ճանապարհով չընթացար, ոչ էլ նրանց անօրէնութիւններին հետեւեցիր, այլ դու քո ընթացքի մէջ փոքր-ինչ աւելի առաջ գնացիր։ 48Վկայ եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - որ քո քոյրը՝ Սոդոմը, եւ նրա դուստրերը հազիւ թէ աւելին արեցին, քան դու եւ քո դուստրերը։ 49Քո քրոջ՝ Սոդոմի անօրէնութիւնն այս էր՝ ամբարտաւանութիւն, հացով լիացածութիւն, գինու մէջ յղփացածութիւն։ Մեղկ կեանք էին վարում ինքն էլ, դուստրերն էլ։ Դրա մէջ էին խրուած ինքն էլ, դուստրերն էլ։ Ձեռք չէին մեկնում աղքատին ու տնանկին, 50մեծամտանում էին ու իմ առաջ անօրէնութիւններ անում։ Ու երբ դա տեսայ՝ մէջտեղից վերացրի նրանց։ 51Շամրինն անգամ քո մեղքերի կէսը չգործեց։ Իսկ դու բազմապատկեցիր քո անօրէնութիւնները աւելի, քան նրանք, նաեւ արդարացրիր քո քոյրերին այն անօրէնութեան մէջ, որ ինքդ էլ էիր գործել։ 52Արդ, կրի՛ր տանջանքներն այն բանի համար, որ փչացրիր քոյրերիդ, որ անօրէնութիւններ գործեցիր աւելի շատ, քան նրանք, որ աւելի արդարացրիր նրանց, քան քեզ։ Արդ, ամաչի՛ր եւ կրի՛ր քո անարգանքն այն բանի համար, որ քո քոյրերին աւելի արդարացրիր, քան քեզ”։
ՍՈԴՈՄՆ ՈՒ ՍԱՄԱՐԻԱՆ ԿԸ ՎԵՐԱԿԱՆԳՈՒԵՆ
53Գերութիւնից յետ եմ դարձնելու նրանց՝ քո քոյր Սոդոմին ու նրա դուստրերին, յետ եմ դարձնելու քո քոյր Շամրինին ու նրա դուստրերին. նրանց հետ քեզ էլ եմ յետ դարձնելու, 54որպէսզի կրես քո տանջանքները եւ անարգուես այն ամենի համար, ինչ կատարել ես, որ ինձ բարկացնես։ 55Քո քոյրը՝ Սոդոմն ու նրա դուստրերը վերստին հաստատուելու են այն վիճակի մէջ, որ էին ի սկզբանէ. Շամրինն ու նրա դուստրերն էլ վերստին հաստատուելու են այն վիճակի մէջ, որ էին ի սկզբանէ. դու եւ քո դուստրերն էլ հաստատուելու էք նոյն վիճակի մէջ, որ էիք ի սկզբանէ։ 56Եւ քանի որ քո քոյր Սոդոմը չէր յիշւում քո բերանում՝ քո հպարտութեան օրերին, 57քանի դեռ չէին բացայայտուել չարագործութիւններդ, ինչպէս որ հիմա ես նախատւում Ասորիքի ու նրա շուրջ գտնուող բոլոր այլազգիների դուստրերի առաջ, - 58ուրեմն քաղի՛ր քո ամբարշտութիւնների ու անօրէնութիւնների պտուղները”», - ասում է Տէրը։
ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ՈՒԽՏ
59«Ամենակալ Տէրն այսպէս է ասում. “Քեզ հետ վարուելու եմ այնպէս, ինչպէս դու ես վարուել, ինչպէս որ անարգել ես ամէն բան ու զանց առել իմ ուխտը։ 60Բայց ես յիշելու եմ ուխտս, որ երիտասարդութեանդ օրերին կապել էի քեզ հետ, յաւիտեան հաստատ եմ պահելու այդ ուխտը։ 61Յիշելու եմ նաեւ քո ընթացած ճանապարհը, եւ դու ամօթահար ես լինելու, երբ միտքդ բերես քոյրերիդ՝ աւագներին ու կրտսերներին։ Նրանց տալու եմ քեզ փորձութեան համար եւ ոչ թէ որպէս դաշնակից։ 62Հաստատ եմ պահելու քեզ հետ իմ ուխտը, եւ պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը։ 63Որպէսզի յիշես ու ամաչես ու քո կրած անարգանքների պատճառով այլեւս չհամարձակուես բերանդ բաց անել, քաւութիւն պիտի տամ այն բոլոր չարագործութիւններիդ, որ կատարել ես”», - ասում է Ամենակալ Տէրը։
Էջմիածին · HYEJB1994