Եզեկիէլ մարգարեյի գիրք
17
1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, մի պատմութի՛ւն պատմիր, մի առա՛կ բեր Իսրայէլի այդ տան մասին եւ ասա՛. 3“Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Մի արծիւ կար, մեծ, լայնատարած թեւերով, մագիլներով լեցուն։ Մտածեց Լիբանան մտնել, ընտիր-ընտիր մայրիներից մատաղ տունկեր վերցրեց
4ու քանանացիների երկիրը տարաւ, դրանք տնկեց պարսպապատ քաղաքում։
5Վերցրեց նաեւ երկրի սերմից, մանր-մանր ցանեց դաշտի երեսին, կարգադրեց, որ առատօրէն ջրեն այդ դաշտը։
6Բուսաւ ու եղաւ վտիտ, տեսքով փոքր որթատունկ. վրան ոստեր երեւացին։ Նրա արմատները տակն էին։ Որթատունկը մեծացաւ, ողկոյզներ տուեց, իր շիւերն արձակեց։
7Ապա երեւաց մի ուրիշ մեծ արծիւ՝ մեծաթեւ ու բազմամագիլ։ Եւ ահա այս որթատունկը սրան փաթաթուեց, արմատները սրա կողմը ձգուեցին, ճիւղերն էլ՝ սրա տակ։ Ուղարկեց, որ այդ ամբողջ տունկը ջրեն։
8Գեղեցիկ դաշտում առատ ջրով պիտի ուռճացուէր՝ ոստեր արձակելու, պտղաբերելու եւ մեծ որթատունկ դառնալու համար”։
9Այս մասին ասա՛. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Արդեօք որթատունկն ուռճանալո՞ւ է։ Չէ՞ որ նրա նուրբ արմատներն ու պտուղները նեխելու են, ու նրա ոստերը՝ չորանալու։ Ո՛չ մեծ բազուկ է պէտք գալու եւ ո՛չ էլ շատ մարդ՝ ձեռք գցելու եւ այն արմատախիլ անելու համար։
10Արդ, որթատունկն ուռճանալո՞ւ է։ Չի՛ փարթամանալու։ Չէ՞ որ խորշակը երբ մօտենայ, չորանալու է ամբողջ բոյսը՝ իր ոստերով”»։
ԱՌԱԿԻ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ
11Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 12«Մարդո՛ւ որդի, ասա Իսրայէլի այդ տանը՝ դառնացնողների տանը. չգիտէ՞ք, թէ այդ ի՛նչ բան էր, որ ձեզ ասացի։ Երբ բաբելացիների թագաւորը Երուսաղէմ գայ, սրա թագաւորին ու իշխաններին պիտի վերցնի ու տանի նրանց իր մօտ՝ Բաբելոն։ 13Թագաւորի զաւակներից մէկին պիտի առնի, ուխտ պիտի դնի նրա հետ եւ նրան հաւատարմութեան երդում անել պիտի տայ։ Երկրի իշխաններին էլ պիտի վերացնի, որպէսզի թագաւորութիւնը տկարանայ, 14բոլորովին ոտքի չկանգնի, նրա ուխտը պահի ու հաւատարիմ մնայ դրան։ 15Պիտի ապստամբի նրա դէմ՝ սուրհանդակներ ուղարկելով Եգիպտոս, որպէսզի իրեն ձիեր ու բազում զօրք տան։ Բայց յաջողութիւն ունենալո՞ւ է։ Փրկուելո՞ւ է նա, ով այսպիսի հակառակ բաներ է անում, դրժում է ուխտը։ Փրկուելո՞ւ է։ 16Վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - որ ճիշտ այն տեղում, ուր թագաւորը նրան թագաւոր դարձրեց, ուր անարգեց ինձ տուած հաւատարմութեան երդումը եւ դրժեց նրա հետ իմ կնքած ուխտը՝ հէնց Բաբելոնում մեռնելու է։ 17Ոչ էլ Փարաւոնն իր մեծ զօրութեամբ, բազում գնդերով պատերազմելու է նրա դէմ։ Բաբելոնի թագաւորը պատնէշներ ու մարտկոցներ է սարքելու, որպէսզի ոչնչացնի շատերին այն բանի համար, 18որ անարգեց երդումը, դրժեց ուխտը։ Եւ ահա մատնել եմ նրա՝ Բաբելոնի թագաւորի ձեռքը, այս բոլորը բերել եմ նրա գլխին։ Մի՞թէ փրկուելու է։
19Այս մասին ասա՛. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Վկայ եմ ես, -ասում է Ամենակալ Տէրը, - ըստ իմ ուխտի, որ դրժել է, եւ ըստ իմ երդման, որ անարգել է, հատուցել եմ տալու նրան։
20Նետելու եմ նրա վրայ ուռկանս, եւ նա բռնուելու պաշարուելու է իմ կողմից։ Բերելու եմ նրան Բաբելոն, այնտեղ էլ դատաստան եմ տեսնելու հետը այն անիրաւութիւնների համար, որ գործել է իմ նկատմամբ։ 21Նաեւ բոլոր խուսափածները նրա բոլոր պատերազմներում սրով են ընկնելու, իսկ բոլոր մնացորդներին չորս հողմերին եմ ցրելու։ Եւ պէտք է իմանաք, որ ես՝ Տէրս եմ ասել”»։
ՏԻՐՈՋ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
22«Այս մասին այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “ Բարձրաւանդակի ընտիր-ընտիր մայրիներից մէկն առնելու եմ, դրա կատարի ճիւղերից վերցնելու եւ խորն եմ տնկելու բարձր լերան վրայ
23եւ այն կախելու եմ Իսրայէլի բարձր, երեւացող լեռից։ Տնկելու եմ, եւ ոստեր է արձակելու այն, պտուղ է տալու, դառնալու է մի մեծ մայրի։ Նրա տակ հանգստանալու, նրա հովանու տակ օթեւանելու են բոլոր գազաններն ու թռչունները։ Նրա ճիւղերը հաստատ են մնալու նրա վրայ։
24Եւ դաշտի բոլոր ծառերը պէտք է իմանան, որ ես՝ Տէրս եմ որ խոնարհեցնում եմ բարձրացած ծառը կամ բարձրացնում խոնարհուած ծառը, չորացնում եմ դալար ծառը կամ դալարեցնում չորացած ծառը։ Ես՝ Տէրս եմ ասել սա, եւ անելու եմ”»։