Եզեկիէլ մարգարեյի գիրք

21

ԱՍՏԾՈՒ ՍՈՒՐԸ

1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Դրա համար մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, ու դէմքդ ուղղի՛ր Երուսաղէմի վրայ, նայի՛ր նրանց սրբավայրերին։ Մարգարէութիւն կ’անես Իսրայէլի երկրի վրայ 3եւ կ’ասես Իսրայէլի երկրին. “Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն . ահա ես քո դէմ եմ։ Մերկացնելու եմ սուրս իր պատեանից եւ քո միջից ոչնչացնելու եմ ու անօրէնին։ 4Եւ քանի որ քո միջից ոչնչացնելու եմ անիրաւին ու անօրէնին, ուստի իմ սուրն իր պատեանից դուրս է գալու բոլոր մարդկանց վրայ՝ արեւելքից մինչեւ հիւսիս։ 5Եւ ամէն մարդ պէտք է իմանայ, որ ես՝ Տէրս եմ մերկացրել սուրս իր պատեանից, ու յետ տեղը չի դրուելու։ 6Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մէջքդ խոնարհած՝ հեծեծի՛ր, ցաւագի՛ն հեծեծիր նրանց առաջ։ 7Եւ եթէ քեզ հարցնեն՝ “Ինչո՞ւ ես հեծեծում”, կ’ասես. “Որովհետեւ մի բօթ լսեցի, եւ այն վրայ է հասնելու. բոլոր սրտերը կոտրուելու են, բոլոր ձեռքերը՝ թուլանալու, բոլոր անդամները՝ չորանալու, բոլոր շնչերը՝ կտրուելու, բոլոր զիստերը՝ խոնաւութեամբ ապականուելու։ Ահա վրայ է հասնում, եւ այդպէս էլ լինելու է”», - ասում է Տէրը, Ամենակալն Աստուած։

8Աստուած դարձեալ խօսեց ինձ հետ ու ասաց. 9«Մարդո՛ւ որդի, կը մարգարէանաս ու կ’ասես. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Սո՛ւր, սո՛ւր, սրուի՛ր ու զայրացի՛ր,

10որպէսզի մեծ կոտորած անես։ Սրուի՛ր ու սրբուի՛ր, պատրաստուի՛ր կոտորելու, կոտորի՛ր, արհամարհի՛ր, որդեա՛կ իմ, կտրի՛ր ամէն ծառ”»։

11Եւ Տէրը տուեց սուրը՝ ձեռքում պատրաստ բռնելու։ Սուրը սրուած է եւ պատրաստ՝ ջարդարարի ձեռքը տալու համար։

12Աղաղակի՛ր, ճի՛չ բարձրացրու, մարդո՛ւ որդի, որովհետեւ այն սուրը կախուել է իմ ժողովրդի, Իսրայէլի իշանների վրայ։ Նրանք պանդուխտ են լինելու, քանի որ սուրը կախուել է իմ ժողովրդի վրայ։ Ուստի ձեռքերովդ ծա՛փ զարկ, որովհետեւ արդարացաւ ասածս։

13Եւ ի՞նչ է, փրկուելո՞ւ է ազգը։ «Դա չի՛ լինելու», - ասում է Տէր Աստուածը։

14Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր, ձեռքերովդ ծա՛փ զարկ։ Դո՛ւ էլ սուր վերցրու, որովհետեւ երրորդ սուրն սպանուածներինն է լինելու. սուրը ծանրացել է սպանուածների վրայ ու զարհուրեցնելու է նրանց,

15որպէսզի նրանց սրտերը թուլանան, նրանց բոլոր դռներին տկարները բազմանան, որովհետեւ մատնուած են սրի քաշուելու։ Սուրը գեղեցկացել է փայլով ու սպանելու համար պիտանի դարձել։

16Շրջի՛ր, աջ ու ձա՛խ պտտուիր, միեւնոյնն է, ո՛ւր էլ որ շուռ գաս՝

17ես էլ այնտեղ եմ լինելու, ծափ եմ զարնելու եւ թռչկոտելու եմ, բարձրացնելու եմ ձայնս. ես՝ Տէրս խօսեցի»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն