Եզեկիէլ մարգարեյի գիրք
22
13“Ահա ծափ եմ զարնելու քո կատարած գործերին ի տես եւ ի տես քո մէջ կատարուած արիւնահեղութեան։ 14Պիտի դիմանա՞յ քո սիրտը, պիտի զօրանա՞ն քո ձեռքերն այն օրերին, երբ դրանք գլխիդ բերեմ։ Ես՝ Տէրս եմ ասում, եւ անելու եմ։ 15Սփռելու եմ քեզ ազգերի մէջ, ցիր ու ցան եմ անելու երկրներով մէկ, եւ քո միջից պղծութիւնը պակասելու է։ 16Դա եմ ժառանգութիւն թողնելու քեզ ազգերի մէջ, եւ պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը”»։
ԱՍՏԾՈՒ ԶՏՈՂ ՓՈՒՌԸ
17Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 18«Մարդո՛ւ որդի, ահա Իսրայէլի այդ տունն ինձ համար խառնուեց, ինչպէս հալոցում խառնւում են պղինձն ու երկաթը, անագը, կապարն ու արծաթը։ 19Ուստի ասա՛. “Այսպէս է ասում Տէր Աստուած. այն բանի համար, որ դուք բոլորդ էլ միախառնուեցիք, դրա համար ես ձեզ հաւաքելու եմ Երուսաղէմում, 20ինչպէս որ մէկը հալոցում արծաթն ու պղինձը, երկաթն ու կապարը կը հաւաքի՝ նրա վրայ կրակ փչելու եւ ձուլելու համար։ Նոյն ձեւով էլ ձեզ եմ հաւաքելու իմ բարկութեամբ 21հաւաքելու եւ ձուլելու եմ ձեզ. ձեզ վրայ իմ բարկութեամբ հուր եմ փչելու, ու դուք ձուլուելու էք նրա մէջ. 22ինչպէս որ արծաթն է ձուլւում քուրայում, այնպէս էլ դուք էք ձուլուելու դրա մէջ։ Եւ պիտի իմանաք, որ ես՝ Տէրս եմ սրտմտութիւնս թափել ձեր վրայ”»։
ԻՍՐԱՅԷԼԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՄԵՂՔԸ
23Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 24«Մարդո՛ւ որդի, ասա՛ դրան. “Դու այն երկիրն ես, որ չես թրջւում. քեզ վրայ անձրեւ չի կաթել զայրոյթի օրը։ 25Դու այն երկիրն ես, որի իշխաններն այնտեղ յափշտակելիս ու կողոպտելիս առիւծների պէս էին մռնչում. բռնութեամբ տնանկների մարմիններն էին յօշոտում եւ անիրաւութեամբ պատիւներ խլում։ Եւ այրիները բազմացան քո մէջ։ 26Նրա քահանաներն անարգում էին օրէնքներս ու պղծում սրբութիւններս. սուրբը պիղծից չէին տարբերում, արատաւորը անարատից չէին ջոկում. իմ շաբաթներին աչք էին փակում եւ պղծում էին շաբաթներս իրենց մէջ։ 27Նրա իշխանները յափշտակիչ գայլերի պէս էին նրա մէջ՝ յափշտակելու եւ կողոպտելու, արիւն թափելու եւ մարդկանց կորստի մատնելու համար, որպէսզի իրենց սաստիկ ագահութեանը յագուրդ տային։ 28Նրա մարգարէները, որոնք կոծկում էին այդ մեղքերը, ընկնելու են, նրանք, որ սնոտի բաներ էին գուշակում, ստութիւններ տենչում եւ ասում էին, թէ այսպէս է ասում Ամենակալ Տէրը, մինչդեռ Տէրը նման բան չէր կարող խօսել։ 29Երկրի ժողովրդին տառապեցնում էին անիրաւութեամբ, յափշտակում ու կողոպտում. աղքատին ու տնանկին բռնադատում էին. պանդխտի հետ անիրաւութեամբ էին վարւում։ 30Նրանց միջից մի մարդ փնտռեցի, որ ուղիղ ընթանար, զայրոյթիս պահին առջեւս յօժարակամ կանգնէր, որպէսզի չջնջէի նրանց, բայց չգտայ։ 31Եւ նրանց վրայ թափեցի սրտմտութիւնս իմ զայրոյթի հրով՝ նրանց վրայ բարկութիւնս ի կատար ածելու համար։ Ըստ նրանց բռնած ճանապարհի էլ նրանց գլխին բերեցի”», - ասում է Տէր Աստուած։