Եզեկիէլ մարգարեյի գիրք
23
1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, երկու կանայք կային՝ մի մօր դուստրեր. 3իրենց երիտասարդ հասակում պոռնկացան Եգիպտոսում։ Այնտեղ ճմռթուեցին նրանց ստինքները, այնտեղ նրանք զրկուեցին իրենց կուսութիւնից։ 4Աւագ դստեր անունը Ոողա էր, քրոջ անունը՝ Ոողիբա։ Նրանք իմը եղան եւ տղաներ ու աղջիկներ ծնեցին. սրանց անուններն էին, Շամրինինը՝ Ոողա, Երուսաղէմինը՝ Ոողիբա։
5Ոողան, իմը լինելով, պոռնկացաւ, աչքը գցեց իր հոմանիների՝ ասորեստանցիների վրայ, որոնք նրա մօտ էին. 6դրանք ծիրանի ու կարմիր հագածներ, իշխաններ ու զօրագլուխներ, երիտասարդներ, ամէն ինչով ընտրեալներ, երիվարներ հեծած սպառազէններ էին։ 7Ոողան իր պոռնկութիւնը տարածեց նրանց վրայ, Ասորեստանի բոլոր ընտրեալ զաւակների վրայ, բոլոր նրանց վրայ, որոնց յետեւից գնացել էր իր բոլոր մտածումներով, ու պղծութիւն արեց։ 8Եգիպտացիների երկրից բերած իր պոռնկութիւնը չթողեց նա, որովհետեւ նրանց հետ խառնակւում էր իր երիտասարդ ժամանակից. նրանք էին սրան զրկել կուսութիւնից, իրենց պոռնկութիւնը թափել նրա վրայ։ 9Դրա համար նրան մատնեցին իր հոմանիների ձեռքը, ասորեստանցիների ձեռքը, որոնց յետեւից էր գնում նա։ 10Նրանք մէջտեղ հանեցին սրա խայտառակութիւնը, վերցրին նրա տղաներին ու աղջիկներին, իրեն սրով սպանեցին։ Եւ կատարուեց կանանց խօսքը. նրանից վրէժ լուծեցին նրա դուստրերի միջոցով։
11Այս բանը տեսաւ նրա քոյր Ոողիբան, իր ապականուած ցանկասիրութեան մէջ աւելի առաջ գնաց, քան քոյրը, նաեւ պոռնկութեան մէջ աւելի առաջ, քան քոյրը։ 12Գնաց ասորեստանցի իշխանների ու զօրավարների յետեւից, որոնք նրա մօտ էին. դրանք ազնիւ ծիրանիներ հագածներ, երիվարներ հեծած սպառազէններ, ամէն ինչով ընտրեալ երիտասարդներ էին։ 13Տեսայ, որ պղծութիւն էին անում. երկուսի էլ ճանապարհը նոյնն էր։ 14Սա խրուեց իր պոռնկութեան մէջ։ Երբ պատերին քաղդէացի տղամարդկանց պատկերներ էր տեսնում՝ նկարուած քերիչներով, 15մէջքներին տեսակ-տեսակ գօտիներ, գլուխներին՝ ներկուած խոյրեր (խայտաբղէտ գոյներ էին ցոլանում բոլորից էլ, ինչպէս լինում են Բաբելոնի զաւակները քաղդէացիների երկրում, իրենց երկրում), - 16աչք էր դնում նրանց վրայ՝ իր աչքերի հայեացքով, սուրհանդակներ ուղարկում քաղդէացիների երկիրը, նրանց մօտ։ 17Նրա մօտ եկան Բաբելոնի զաւակները նրա անկողնում հանգչելու, պղծեցին նրան իր պոռնկութեան մէջ։ Նա խառնակուեց նրանց հետ. մարմինը յագեցաւ նրանցից։ 18Բացայայտեց իր պոռնկութիւնը եւ պատմեց իր ամօթը։ Եւ ես հեռացայ նրանից, ինչպէս հեռացել էի նրա քրոջից։ 19Բայց դու սաստկացրիր պոռնկութիւնդ, որ յիշեցնում էր երիտասարդութեանդ օրերը, երբ պոռնկութիւն էիր անում Եգիպտոսում։ 20Աչքդ գցեցիր էշերի ու ձիերի անդամներ ունեցող քաղդէացիների վրայ։ 21Պատժելու եմ քեզ այն անիրաւութիւնների համար, որոնք գործեցիր երիտասարդութեանդ օրերին քո օթեւանում, Եգիպտացիների երկրում, ուր ճմռթուեցին ստինքներդ, ու խախտուեց կուսութիւնդ»։
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՊԱՏԻԺԸ
22«Ուստի, ո՛վ Ոողիբա, այսպէս է ասում Տէր Աստուածը. “Ահա քեզ վրայ ոտքի եմ հանելու հոմանիներիդ, որոնցից յագեցաւ ու զզուեց մարմինդ, 23նրանց բերելու եմ, շրջապատել եմ տալու քեզ, բերելու եմ նրանց՝ Բաբելոնի զաւակներին ու բոլոր քաղդէացիներին, Փակուդին, Սուէին ու Կուէին, Ասորեստանի բոլոր զաւակներին էլ նրանց հետ՝ ընտիր երիտասարդներին, իշխաններին, զօրավարներին, երիվարներ հեծած անուանի սպառազէններին։ 24Բոլորն էլ քեզ վրայ են գալու հիւսիսից, ազգերի մի բազմութիւն՝ կառքերով ու անիւներով, սաղաւարտաւորներ ու վահանաւորներ։ Շուրջդ պահակներ են դնելու։ Քեզ դատելու եմ նրանց առաջ, եւ նրանք վրէժ են լուծելու քեզնից իրենց դատաստանով։ 25Քո դէմ պիտի ուղղեմ նաեւ քո հանդէպ ունեցած իմ վրէժխնդրութիւնը. նրանք քեզ հետ վարուելու են իմ զայրոյթի չափով. կտրելու են քիթդ ու ականջներդ եւ ինչ որ մնայ քեզնից, սրով կոտորելու են. վերցնելու են տղաներիդ ու աղջիկներիդ, իսկ մնացածներին հրով են ոչնչացնելու։ 26Վրայիցդ հանելու են հագուստներդ ու քեզանից վերցնելու են պարծանքիդ զարդերը։ 27Այսպիսով առջեւդ եմ դնելու ամբարշտութիւնդ ու պոռնկութիւնդ, որոնցով զբաղւում էիր Եգիպտացիների երկրում։ Եւ աչքդ այլեւս չես բարձրացնելու դէպի նա, այլեւս չես յիշելու Եգիպտոսը”։
28Ուստի այսպէս է ասում Տէր Աստուածը. “Ահա քեզ մատնելու եմ ատելիներիդ ձեռքը, որոնցից յագեցաւ ու զզուեց մարմինդ։ 29Քեզ հետ վարուելու են ատելութեամբ, վերցնելու են ամբողջ վաստակդ ու աշխատանքդ։ Մերկ ես լինելու եւ խայտառակուած։ Մեջտեղ է գալու պոռնկութեանդ ամօթը։ Քո ամբարշտութիւնն ու պոռնկութիւնն են գլխիդ բերելու դա, 30մինչ պոռնկութիւն էիր անում ազգերի հետ, պղծւում նրանց մտածումներում։ 31Քրոջդ ճանապարհով ընթացար, եւ նրա բաժակը քո ձեռքն եմ տալու”։
32“Քրոջդ բաժակն ես ըմպելու, մի խոր ու լայն բաժակ։ Ծաղր ու ծանակ ես դառնալու, կատարելապէս հարբելու ես։
33Բոլորովին թուլանալու ես։ Ըմպելու ես քո պոռնկութեան, Շամրին քրոջդ բաժակը եւ քամելու ես ցմրուր։
34Մազերդ ես փետելու եւ ստինքներդ ծեծելու։ Տօներն ու ամսագլուխները վերացնելու եմ քեզանից. այդ ե՛ս խօսեցի”, - ասում է Ամենակալ Տէրը։ -
35Ուստի այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “Այն բանի համար, որ ինձ մոռացար, յետեւդ գցեցիր, դո՛ւ էլ կրիր ամբարշտութեանդ ու պոռնկութեանդ պատիժը”»։
ԱՍՏԾՈՒ ԴԱՏԱՍՏԱՆԸ ԵՐԿՈՒ ՔՈՅՐԵՐԻՆ
36Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, երբ դատես Ոողային ու Ոողիբային, նրանց կը պատմես իրենց անօրէնութիւնները։ 37Նրանք շնացան, եւ արիւն կայ նրանց ձեռքերին։ Նրանք իրենց մտքում էլ էին շնանում։ Իրենց ծնած զաւակներին բոցի միջով էին անցկացնում։ 38Այն աստիճան բաներ արեցին իմ դէմ, որ նոյն օրն իսկ սրբութիւններս էին պղծում, շաբաթներս ապականում՝ 39կուռքերին զոհաբերելու համար իրենց որդիներին։ Նոյն օրը մտնում էին իմ սրբավայրերը եւ պղծում էին դրանք։ Այսպէս էին վարւում իմ Տան մէջ։ 40Հեռուից եկած մարդիկ էլ, որոնց որպէս սուրհանդակներ էին ուղարկել, հէնց որ գալիս էին, բաղնիք էիր մտնում, ծարիրով ու սնգոյրով շպարւում էիր, 41զարդեղէնով զարդարւում ու նստում էիր զարդարուած գահաւորակի վրայ։ Սեղան էիր գցում նրանց առջեւ, իմ խունկն ու իւղը վերցնում էիր եւ զուարճանում նրանց հետ։ 42Նրանք ներդաշնակ ձայնով նուագում էին։ Այդ մարդկանց կողքին՝ անապատից եկած ուրիշ բազմաթիւ գինեմոլ մարդիկ էլ կային։ Ապարանջաններ էիր դնում նրանց ձեռքերին, պարծանքի պսակներ՝ նրանց գլխին։
43Ես ասում էի՝ “Պոռնկական գործերով թող նրանց հետ չշնանայ”, բայց նա պոռնկանում էր. 44եւ նրա մօտ էին մտնում, ինչպէս պոռնիկ մի կնոջ մօտ։ Նոյն ձեւով մտնում էին նաեւ Ոողայի ու Ոողիբայի մօտ՝ անօրէնութիւն գործելու։ 45Նրանք, որ արդար մարդիկ էին, վրէժ են լուծելու սրանցից, շնացածների հանդէպ լուծուող վրէժ եւ արեան վրէժ, որովհետեւ սրանք շնացողներ էին, եւ իրենց ձեռքերն արիւնոտ էին”։ 46Այսպէս է ասում Տէր Աստուած.
47զօրքերի քարերով քարկոծի՛ր նրանց, խոցոտի՛ր նրանց իրենց սրերով։ Նրանց տղաներն ու աղջիկները թող կոտորուեն։ Իսկ նրանց տները թող հրդեհեն։ 48Ամբարշտութիւնը վերացնելու եմ երկրից, եւ բոլոր կանայք խրատուելու են ու այլեւս չեն հետեւելու սրանց ամբարշտութեան։ 49Ձեր ամբարշտութիւնը ձեր առջեւն է գալու, ապա պատիժ էք կրելու ըստ ձեր մեղքերի ու մտածումների։ Ու պէտք է իմանաք, որ ես եմ Տէր Աստուածը”»։
Էջմիածին · HYEJB1994