Եզեկիէլ մարգարեյի գիրք

24

ԵՐՈՒՍԱՂԷՄԸ՝ ԺԱՆԳՈՏ ԿԱԹՍԱՅ

1Տէրը խօսեց ինձ հետ իններորդ տարում, տասներորդ ամսին, ամսուայ տասներորդ օրը եւ ասաց. 2«Մարդո՛ւ որդի, նշա՛ն արա, գրի՛ր քեզ մօտ այն օրը, երբ բաբելացիների թագաւորը յարձակուեց Երուսաղէմի վրայ. 3ճիշտ այդ օրից այս առակը կը պատմես դառնացնողների տանն ու կ’ասես նրանց. “Այսպէս է ասում Տէր . Մի կաթսա՛յ շինիր, շինի՛ր եւ մէջը ջո՛ւր լցրու։

4Դի՛ր մէջը մսի բոլոր մասերը, բոլոր յօշուած գեղեցիկ կտորները՝ ազդրն ու զիստը։

5Ընտիր-ընտիր անասունների կտրտուած ոսկորները կ’առնէք, կաթսայի տակ կ’այրէք։ Թող եռայ, շատ եռայ, նրա մէջ թող եփուեն ոսկորները”։

6Ահա այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “ Ո՛վ արիւնահեղ , կաթսայ՝ լի ժանգով. ժանգն էլ նրա վրայից դեռ չի անցել։ Կտոր-կտոր մսեր դուրս է հանել դրանից. վիճակ էլ չի գցել նրա վրայ,

7որովհետեւ նրա արիւնը դեռ նրա մէջ է։ Սալաքարի վրայ եմ դրել այն, այլ ոչ թէ գետին թափել՝ հողով ծածկելու համար,

8մինչեւ որ իմ զայրոյթն ելնի՝ վրէժխնդրութիւն պահանջելու։ Արիւնն էլ դրել եմ սալաքարի վրայ, որ չծածկուի”։

9Դրա համար այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “ Վա՜յ քեզ, քաղա՛քդ արիւնների.

10փայտն էլ եմ շատացնելու, այրողն էլ բազմացնելու, հուրն էլ բորբոքելու եմ, որ միսը հալուի, արգանակը թուլանայ, ոսկորները փխրուեն.

11իր կրակի վրայ թող մնայ։ Կրակը թող բորբոքուած լինի, որ վառուի ու տաքանայ, հալուի պղինձը, նրա պղծութիւնն էլ՝ նրա մէջ։ Թող պակասի ու թուլանայ նրա ժանգը։

12Բայց նրա ուժեղ ժանգը միջից թող դուրս չգայ, այլ իբրեւ ամօթանք մնայ արգանակի մէջ 13այն բանի համար, որ պղծութեամբ էիր անում դու։ Եւ դու չես մաքրուելու քո պղծութիւնից։ Ինչպէ՞ս կարող ես մաքրուել, քանի դեռ չեմ յագեցրել քո հանդէպ իմ զայրոյթը։ 14Ես՝ Տէրս խօսեցի։ Ու գալու է օրը, անելու եմ այդ ու չեմ խորշելու, ոչ էլ ողորմելու եմ կամ զղջալու, այլ ըստ քո բռնած ճանապարհի ու քո վարմունքի էլ պատժելու եմ քեզ”, - ասում է Ամենակալ Տէրը։ - “Ուստի քեզ պատժելու եմ ըստ քո թափած արեան, ըստ քո մտածումների եմ պատժելու քեզ, ո՛վ պիղծդ ու անուանարկեալդ, որ սաստկացրել ես ինձ դառնացնելը”»։

ԵԶԵԿԻԷԼ ՄԱՐԳԱՐԷԻ ՍՈՒԳԸ

15Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 16«Մարդո՛ւ որդի, ահա ես պատերազմով վերացնում եմ քո աչքին ցանկալի եղածը, իսկ դու չկոծես ու չողբաս, քեզնից թող արցունք դուրս չգայ, 17որովհետեւ հեծութիւնն արեան ու սուգի մէջ է։ Թող վարսերդ չհիւսուեն, ոտքերդ կօշիկների մէջ լինեն, չմխիթարուես նրանց շուրթերի խօսքերով ու չուտես մարդկանց հացը»։

18Առաւօտեան խօսեցի ժողովրդի հետ, ինչպէս որ պատուիրել էր ինձ Տէրը։ Իսկ երեկոյեան կինս մեռաւ։ Յաջորդ առաւօտեան այնպէս արեցի, ինչպէս որ Նա պատուիրել էր ինձ։ 19Եւ ժողովուրդն ասաց ինձ. «Չես պատմում մեզ, թէ այդ ի՞նչ ես անում»։

20Ու ասացի նրանց. «Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 21“Ասա՛ Իսրայէլի տանը. այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես աւերելու եմ իմ սրբարանը՝ ձեր զօրութեան պարծանքը, ձեր աչքին ցանկալի եղածը, նաեւ այն, որին խնայում են ձեր հոգիները։ Ձեզանից մնացած տղաներն ու աղջիկները սրով են ընկնելու։ 22Դուք էլ անելու էք այնպէս, ինչպէս ես եմ արել. նրանց բերանի խօսքերով չէք մխիթարուելու, 23մարդկանց հացն էլ չէք ուտելու։ Ձեր վարսերը լինելու են ձեր գլուխներին, կօշիկները՝ ձեր ոտքերին։ Չէք կոծելու եւ ողբալու, հալուելու-մաշուելու էք ձեր անիրաւութիւնների մէջ, եւ իւրաքանչիւրն իր եղբօրը չի մխիթարելու։ 24Եզեկիէլը ձեզ համար մի նշան է լինելու. ինչ որ ինքն անի, նրա օրինակով դուք էլ նոյնն էք անելու։ Ու երբ դա կատարուի՝ պիտի իմանաք, որ ես եմ Ամենակալ Տէրը։

25Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. չէ՞ որ այն օրը, երբ դրանցից վերացնեմ իրենց զօրութիւնը, հպարտութիւնն ու պարծանքը, իրենց աչքին ցանկալի եղածը, հոգիների հպարտութիւնը, նրանց տղաներին ու աղջիկներին, - 26չէ՞ որ այդ օրը փրկուածը քեզ մօտ է գալու՝ քո ականջներին գոյժը հաղորդելու։ 27Այն օրը փրկուածի առջեւ բացուելու է բերանդ, խօսելու ես ու այլեւս համր չես մնալու, նրանց համար նշան ես լինելու. եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը”» 28Մարգարէութիւն ամոնացիների դէմ

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն