Եզեկիէլ մարգարեյի գիրք

27

Ողբ Տիւրոսի վրայ

1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Տիւրոսի վրայ, ասա՛ Տիւրոսին.

3“Դու, որ բնակուել ես այդ ծովի մուտքին, վաճառաշահ ազգերի բազմաթիւ կղզիներով, այսպէս է ասում Տէր Աստուածը Տիւրոսին.

4“Դու ասում էիր՝ ‘ Ես եմ ինձ զարդարել իմ գեղեցկութեան զարդով, Բէէլէմ ծովի սրտում”։ Մինչդեռ քո զաւակներն են զարդարել քեզ։

5Սանիր լեռից բերուած մայրիներն են դարձել քեզ ատաղձ, նոճու տախտակներ են առնուել Լիբանանից՝ քեզ համար եղեւնափայտ կայմեր պատրաստելու,

6Բասանից բերուած կաղնուց են շինել նաւերիդ ղեկերը եւ փղոսկրից՝ քո մեհեանները, քետիմացիների կղզիներից բերուած նիւթերից՝ հովանաւոր ծառերով շրջապատուած ապարանքներդ,

7Եգիպտոսից բերուած պաստառներով են գործուել բեհեզն ու դիպակը որպէս փառաշուք թիկնոց, ելիմացիների կղզիներից բերուած ծիրանի ու կապուտակ հանդերձն է եղել քո պաճուճանքի զարդը։

8Քո իշխանները սիդոնացիներն են եղել, քո նաւավարները՝ արադացիները։ Քո իմաստունները, Տիւրո՛ս, որ ապրում էին քո մէջ, նրանք են եղել քեզ համար նաւապետներ,

9ծեր մատենագէտներն ու իմաստունները, որ ապրում էին քո մէջ, նրանք են զօրացրել քեզ քո խորհուրդներում։ Ծովի բոլոր նաւերն ու դրանց նաւավարները են քեզ առաջնորդել մինչեւ ծայրագոյն արեւմուտք։

10Լիւդացիք ու լիբիացիք են եղել քո զօրքն ու թիկունքը՝ պատերազմող ընտիր մարդիկ, որոնք իրենց վահաններն ու սաղաւարտները քեզ մօտ են կախել, եւ նրանք է, որ փառաւորել են քեզ։

11Արադացիների զաւակներն է, որ իրենց զօրքերով շրջապատել են պարիսպներդ ու պահպանել աշտարակներդ, իրենց կապարճները շուրջանակի կախել պարիսպներիդ վրայ։ Հէնց նրանք է, որ կատարեալ են դարձրել գեղեցկութիւնդ։

12Կարկեդոնացի վաճառականներն է, որ քո ամբողջ հարստութիւնը՝ արծաթն ու ոսկին, պղինձն ու երկաթը, անագն ու կապարը բերել են քո շուկաները։ 13Յոյներն ու նրանց շուրջը գտնուող ազգերն է, որ եղել են քո ստրկավաճառները, պղնձէ անօթներ են բերել քո շուկաները։ 14Թորգոմայ տնից մարդիկ է, որ ձիերով, հեծեալներով ու ջորիներով լցրել են քո շուկաները։ 15Ռոդոսցիները՝ քո վաճառականները, կղզիներից բերուած փղոսկրեայ ժանիքներով աշխուժացրել են քո առեւտուրը, եւ դու երթեւեկողներին, իբրեւ գին, մարդկանցով ես վճարել։ 16Շուկաներդ ճոխացել են քո հակերով. Ափեկից է եկել անուշ խունկը, Թարսիսից՝ երփներանգ նարօտը։ Ռամոթն ու Կարքովն են լցրել քո շուկաները։ 17Հրէաստանն ու Իսրայէլի զաւակները՝ քո վաճառականները, ցորենով ու խնկով, դարչինով ու ընտիր-ընտիր մեղրով, իւղով ու խէժով են լցրել քո շուկաների հակերը։ 18Դամասկոսից են քո բազմահարուստ վաճառականները, քո մեծ հարստութիւնը, Քելբոնից՝ գինին, Միլիտէից՝ բուրդը։ 19Դանը եւ Յաւանը Մէոզէնից են բերել քեզ՝ քո շուկաների համար, Ասէլից են բերել երկաթապատ անիւներ՝ քո շուկաների համար։ 20Քո դեդանացի վաճառականներն են ընտիր կառքեր բերել քեզ՝ ջորիներով հանդերձ։ 21Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները (նրանք էլ վաճառականներ քո ձեռքի տակ) ուղտեր, խոյեր ու գառներ են վաճառել քո մէջ։ 22Սաբան ու Ռեգման (նրանք էլ քո վաճառականները) անուշահոտ իւղեր, թանկարժէք քարեր ու են բերել քո շուկաները։ 23Խառանը, Քանանն ու Դադանը (նոյնպէս քո վաճառականները), Սաբան, Ասուրն ու Քալմանը (քո վաճառականները) 24Մաքլիմի ու Գալիմի վրայով քեզ ապրանքներ են բերել՝ կարմիր ու կապուտակ պարեգօտ, երփներանգ նարօտներ, պարաններով հակաւորուած ընտիր գանձեր։ 25Քո ուժեղ նոճէ նաւերով (նաւեր վաճառականութեան), որոնցով կատարւում էր քո առեւտուրը, քո հակերի հարստութեամբ լցուեցիր դու, սաստիկ ծանրացար։

26Ծովի սրտում, յորդ ջրերում են քշել քեզ նաւավարներդ, եւ հարաւային հողմն է խորտակել քեզ ծովի սրտում։ 27Բայց քո հարստութիւնն էլ, քո զօրքերն էլ, քո ու քո խառնիճաղանջ ամբոխների վաստակն էլ, քո նաւավարներն ու նաւապետներն էլ, քո ու քո խառնիճաղանջ ամբոխների խորհրդականներն էլ, քո մէջ եղած բոլոր պատերազմող մարդիկ էլ, քո մէջ բոլոր հաւաքուածներն էլ քո կործանման օրն ընկնելու են ծովի խորքը։ 28Քո աղաղակի ձայնից նաւավարներդ սաստիկ սարսափելու են եւ իջնելու են իրենց նաւերից։ 29Քո բոլոր նաւավարները, թիավար քո առաջապահները ծովափին են կանգնելու 30եւ աղաղակելու են քեզ, կամ փոխելու են իրենց ձայները եւ գուժելու են դառնօրէն, հող են ածելու իրենց գլխին ու մոխիրների մէջ են թաւալուելու, 31ածիլելու ճաղատացնելու են գլուխները, քուրձեր են հագնելու եւ դառնացած սրտով լաց են լինելու քեզ վրայ։ 32Նրանց որդիները քեզ վրայ դառնօրէն կոծելու են, ողբ են ասելու ու ողբ են երգելու՝ ասելով. ‘ Ո՞վ էր, որ Տիւրոսի պէս լռեց-հանգաւ ծովում”։ 33Ինչքա՞ն քեզ վաստակ գտար այդ ծովից, լիացրիր ազգերին քո հարստութեամբ, փառաւորեցիր երկրի բոլոր թագաւորներին քո շուկաների հակերով։ 34Իսկ հիմա ջարդուեցիր այդ ծովում, ջրերի խորքերում ընկան խորտակուեցին քո շուկաներն ու քո մէջ բոլոր հաւաքուածները. ընկան քո բոլոր նաւավարները. 35տխրեցին քեզ համար կղզիների բոլոր բնակիչները, եւ նրանց թագաւորները խիստ զարհուրեցին, երեսներն արցունքով ողողեցին քեզ համար. 36ազգերի վաճառականները սարսափահար սուլելու են ի տես քեզ։ Կորստեան մատնուեցիր ու այլեւս գոյութիւն չես ունենալու յաւիտեան”», - ասում է Տէր ։ 37Տիւրոսի իշխանի դէմ

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն