Եզեկիէլ մարգարեյի գիրք
33
1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, խօսի՛ր քո ժողովրդի զաւակների հետ ու ասա՛ նրանց. “Մի երկիր կայ, որի վրայ սուր եմ բերելու։ Եւ այդ երկրի ժողովուրդն իր միջից մի մարդ է ընտրելու, նրան պահակ կարգելու։ 3Սա տեսնելու է երկրի վրայ հասած սուրը, փող է փչելու եւ ազդարարելու է ժողովրդին։ 4Ժողովուրդը լաւ է լսելու փողի ձայնը, բայց չի զգուշանալու։ Եւ սուրը հասնելու, բռնելու է նրան. թող նրա արիւնն իր գլխին լինի, 5քանի որ փողի ձայնը լսել էր, բայց չէր զգուշացել։ Թող նրա արիւնն իր գլխին լինի։ Իսկ նա, ով զգուշացրել էր, փրկելու է ինքն իրեն։ 6Իսկ եթէ պահակը տեսնի վրայ հասած սուրը, բայց փողով նշան չտայ, ժողովուրդն էլ չզգուշանայ, - վրայ հասած սուրը բռնելու է նրանցից մէկին։ Սա իր անօրէնութեան պատճառով է բռնուած լինելու. բայց սրա արիւնը պահակից եմ պահանջելու”։
7Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. քեզ պահակ եմ կարգել Իսրայէլի այդ տան վրայ, եւ դու պիտի լսես իմ բերանի խօսքերը, իմ կողմից պիտի զգուշացնես նրանց։ 8Երբ ես մեղաւորին ասեմ՝ հաստատ կը մեռնես, իսկ դու չխօսես ու չզգուշացնես ամբարշտին իր ճանապարհից, ինքը՝ անօրէնն իր անօրէնութեան մէջ կը մեռնի, բայց նրա արիւնը քեզնից կը պահանջեմ։ 9Իսկ եթէ նախօրօք ասես ամբարշտին իր ճանապարհի մասին, որպէսզի յետ դառնայ դրանից, բայց նա յետ չկանգնի իր ճանապարհից, - ինքն իր ամբարշտութեան մէջ է մեռնելու, իսկ դու քո հոգին փրկելու ես»։
ԱՍՏՈՒԱԾ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԱՄԲԱՐՇՏԻ ՄԱՀԸ
10«Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայէլի այդ տանը. “Այսպէս խօսեցէ՛ք ու ասացէ՛ք՝ մեր մոլորութիւններն ու անօրէնութիւնները մեր մէջ են, եւ մենք դրանց մէջ մաշւում ենք, ինչպէ՞ս ազատուենք”։ 11Ասա՛ նրանց. “Ամենակալ Տէրն ասում է՝ կենդանի եմ ես եւ ամբարշտի մահը չեմ ուզում, այլ՝ նրա յետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը։ Դարձէ՛ք, յե՛տ դարձէք ձեր չար ճանապարհից, ինչո՞ւ մեռնէք, ո՛վ տունդ Իսրայէլի”։
12Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ասա՛ քո ժողովրդի զաւակներին. “Արդարի արդարութիւնը նրան չի փրկելու այն օրը, երբ մոլորուի, անօրէնի անօրէնութիւնն էլ նրան չի չարչարելու այն օրը, երբ յետ կանգնի իր բոլոր անօրէնութիւններից։ Արդարը չի կարողանալու ազատուել իր մեղքերի օրը։ 13Երբ ես արդարին ասեմ՝ ապրելով ապրելու ես, իսկ նա էլ, յոյսը դնելով իր արդարութեան վրայ, անօրէնութիւն գործի, - նրա բոլոր արդար գործերը չեն յիշուելու, այլ իր կատարած անօրէնութեան համար մեռնելու է։ 14Իսկ երբ ես ամբարշտին ասեմ՝ հաստատ մեռնելու ես, բայց նա յետ կանգնի իր մեղքերից, իրաւ դատաստան եւ արդար գործ կատարի, 15պարտապանին յետ տայ գրաւը, վերադարձնի յափշտակածը, ընթանայ կեանքի պատուիրաններով, անիրաւութիւններ չգործի, - հաստատ ապրելու է ու չի մեռնելու։ 16Նրա գործած բոլոր մեղքերը չեն յիշուելու, որովհետեւ իրաւ դատաստան ու արդար գործ է կատարել, դրա համար էլ ապրելու է”։
17Քո ժողովրդի զաւակներն ասում են՝ Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ։ Բայց իրենց ճանապարհն է, որ ուղիղ չէ։ 18Երբ արդարն իր արդար ճանապարհից շեղուի եւ անիրաւութիւններ կատարի, դրանցից էլ մեռնելու է։ 19Իսկ երբ մեղաւորը յետ կանգնի իր անօրէնութիւնից, իրաւ դատաստան ու արդար գործ կատարի, դրանցով էլ ապրելու է։ 20Ա՞յս բանի համար է, որ ասում էք՝ Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ։ Ամէն մէկիդ ըստ ձեր բռնած ճանապարհի եմ դատելու, ո՛վ տունդ Իսրայէլի»։
ԵԶԵԿԻԷԼԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ
ԱՒԵՐՈՒԱԾ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԱՍԻՆ
21Մեր գերութեան տասներկուերորդ տարում, տասներորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, Երուսաղէմից ազատուած մէկն ինձ մօտ եկաւ ու ասաց. «Քաղաքը գրաւուած է»։ 22Եւ երեկոյեան, մինչեւ նրա գալը, Տիրոջ ձեռքը ինձ վրայ էր. նա բաց արեց բերանս, մինչ դեռ առաւօտ չէր եղել։ Երբ բերանս բաց արեցի, այլեւս չէի կարող լուռ մնալ։
23Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 24«Մարդո՛ւ որդի, Իսրայէլի երկրի աւերակների բնակիչներն ասում են. “Աբրահամը մէկ հոգի էր ու երկիրը գրաւեց, իսկ հիմա մենք շատ ենք, երկիրը մեզ է ժառանգութիւն տրուել, չժառանգե՞նք այն”։ 25Ուստի ասա՛ նրանց. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. քանի որ արիւնով էք կերակրւում, աչքներդ գցում էք կուռքերին, արիւն էք թափում, - դեռ ուզում էք երկի՞րն էլ ժառանգել։ 26Դա ձեզ համար սուր կը լինի, որովհետեւ պղծութիւններ էք կատարել, իւրաքանչիւրն իր ընկերոջ կնոջն է պղծել։ Եւ դեռ ուզում էք ժառանգե՞լ երկիրը”։ 27Ուստի ասա՛ նրանց. “Այսպէս է ասում Տէր Աստուած. ես՝ Տէրս, կենդանի եմ, ովքեր որ աւերակներում են՝ սրով են ընկնելու, ովքեր որ դաշտերի երեսին են՝ անապատի գազաններին կեր են տրուելու, իսկ ովքեր որ պարիսպների տակ են կամ քարայրերում՝ համաճարակից են կոտորուելու։ 28Երկիրն աւերակ եմ դարձնելու եւ կործանելու, եւ կորչելու է նրա զօրութիւնը, որով նա յոխորտում էր։ Աւերուելու են Իսրայէլի լեռները, եւ ոչ ոք չի լինելու, որ գնայ դրանց վրայով։ 29Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը։ Նրանց երկիրն աւերակ եմ դարձնելու իրենց կատարած բոլոր գարշելի գործերի համար”»։
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԼՍՈՒՄ Է
ՄԱՐԳԱՐԷԻ ԽՕՍՔԸ, ԲԱՅՑ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ
30«Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. քո ժողովրդի զաւակները շրջում են, քրթմնջում քո հասցէին պարիսպների մօտ, պալատների դռներին եւ մէկը միւսին, եղբայրն իր եղբօրն ասում է. “Հաւաքուենք գնանք եւ լսենք Տիրոջ կողմից ասուած պատգամները”։ 31Հիմա գալիս են քեզ մօտ, ինչպէս ժողովուրդն է հաւաքւում. եւ իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խօսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետեւ նրանց բերաններում ստութիւնն է, եւ նրանց սրտերն իրենց պղծութեանն են հետեւում։ 32Դու նրանց համար կը լինես ինչպէս քաղցրաբարբառ յօրինուած երգի ձայն. կը լսեն խօսքերդ, բայց չեն կատարի։ 33Իսկ երբ օրը գայ, ու ասեն՝ “Ահա հասել է”, կ’իմանան, որ մարգարէ կար իրենց մէջ»։ 34Իսրայէլի հովիւներին
Էջմիածին · HYEJB1994