Եզեկիէլ մարգարեյի գիրք

35

Եդոմայեցիների մասին

1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, դարձրո՛ւ երեսդ դէպի այդ Սէիր լեռը, մարգարէացի՛ր դրա վրայ ու ասա՛ դրան. 3“Այսպէս է ասում Տէր . ահա ես քեզ դէմ եմ, ո՛վ լեռդ Սէիր։ Ձեռքս գցելու եմ քեզ վրայ, անապատի եմ վերածելու քեզ, աւերուելու ես դու, 4քաղաքներդ էլ աւեր եմ դարձնելու։ Դու աւերակ ես լինելու ու պիտի իմանաս, որ ես եմ Տէրը։ 5Այն բանի համար, որ յաւէտ եղար ու դարանակալը, նստում էիր նենգութեամբ Իսրայէլի տանը թշնամիների սրի միջոցով, երբ նա նեղութեան մէջ էր, եւ երբ անիրաւութիւնը հասել էր իր վախճանին, - 6ահա դրա համար էլ վկայ եմ ես, - ասում է Տէր Աստուած. քանի որ դու արեամբ մեղանչեցիր, արիւնն էլ հալածելու է քեզ. այն արիւնը, որ դու ատեցիր, հէնց նոյն արիւնն էլ հալածելու է քեզ։ 7Աւերակի ու անապատի եմ վերածելու Սէիր լեռդ, դրա վրայից վերացնելու եմ մարդ ու անասուն։ 8Լեռներդ լցնելու եմ քո սպանուածներով, նաեւ բլուրներդ ու ձորերդ, եւ սրից սպանուածները ընկնելու են քո բոլոր դաշտերում։ 9Քեզ յաւիտենապէս աւերակ եմ դարձնելու, ու քո քաղաքներն այլեւս չեն վերաշինուելու։ Պիտի իմանաս, որ ես եմ Տէրը։ 10Այն բանի համար, որ ասել ես, թէ երկու ազգերն ու երկու երկրներն էլ իմն են լինելու, ես ժառանգելու եմ դրանք (թէեւ Տէրն էլ այնտեղ էր), - 11դրա համար վկայ եմ ես, - ասում է Տէր Աստուած, - եւ քեզ հետ վարուելու եմ ըստ քո թշնամութեան, ըստ քո նախանձի, որով ատել ես նրանց։ Եւ դու կը ճանաչես ինձ, երբ դատեմ քեզ։ 12Պիտի իմանաս, որ ես եմ Տէրը։ Լսել եմ քո հայհոյանքի ձայնը, որ ասում էիր՝ ‘ Իսրայէլի աւերակ լեռները մեզ կերակուր են տրուած”։ 13Քո բերանով մեծաբանել ես իմ հասցէին, վայրախօսել իմ մասին, եւ ես լսել եմ դրանք։ 14Այսպէս է ասում Տէր Աստուած. երբ արար ուրախութեան մէջ լինի՝ քեզ աւերակ եմ դարձնելու 15այն բանի համար, որ ոտնահարեցիր ժառանգութիւնն Իսրայէլի տան, որ կործանուեց։ 16Նոյնն էլ քեզ եմ անելու, եւ դու աւերակ ես դառնալու, ո՛վ լեռդ Սէիր, ամբողջ Եդոմն էլ ոչնչանալու է։ Պէտք է իմանաս, որ ես եմ նրանց Տէր Աստուածը”»։ 17Իսրայէլի լեռների մասին

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն